ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել՝ անդրադաձնալով ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվությանն առ այն, որ Միհրան Պողոսյանին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը չի կարող բավարարվել:
Արևիկ Խաչատրյանի հաղորդմամբ՝ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Ուստի ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկվել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
ԴԱՀԿ նախկին պետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ: