Նժդեհը և մեր Հեղափոխությունը. նոր օրակարգ, մաս 1

«Մարդու աղքատությունն առաջին հերթին գլխում է»,- այսպես խոսեց Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Ծրագիր, որը լուծելու էր մեր բոլոր խնդիրները: Շուտ չէ, մի քանի տարում: Կարող է՝ և՝ տասնամյակում: Բայց հարցն այլ է. փետրվար էր, ցուրտ էր… շատերը ծաղր առան այս խոսքը, շատերի գլուխներին գաղափարն այդպես էլ սառը քամու պես խփեց ու հետ գնաց, խփեց ու… ենքան, մինչև տաքերն ընկան, աղքատ գլուխներն ու ժամանակին չաշխատած, հիմա՝ աշխատողին, ասել է թե՝ վիզ դնողին ծաղրող, թթու խոսքով կոտրող ու երբևէ չարարող տեսակներն ուրիշ թզբեխ գտան:

Նոր չէ: Հնուց եկած ավանդույթ է մտածելը, թե «իմ տունն ուրիշ աշխարհի վրա է, ցավ չի կպնի»: Այդպես էր մի քանի հարյուր տարի առաջ, այդպես էր 15-ին, 20-ին, 93-ին: Այսինքն այն ժամանակներում, երբ կարող էինք 300 հազարանոց բանակ ունենալ, բայց մի քանի հայդուկներ էին փորձում պաշտպանել իրենց ու մյուսների ընտանիքները: Իշխում էր մաշված գաղափար. չկռվելու, մեզ չի հասնի-ի գաղափարը:

Կռվածներից Նժդեհը, հատկապես, գիտեր պատճառը: Սրանց մասին մյուս անգամ կպատմեմ: Հիմա՝ հեղափոխությունն ու Գարեգին Նժդեհը: Մերժված իշխանությունները, կարծես, իրենց հետ տարան Մեծ մտածողին, ում պատգամներից և ոչ մեկն այդպես էլ օրակարգ չդարձրին: Մեկ մտածում եմ՝ կային ուժեր, որ երբեմն-երբեմն խոսում էին նրա մասին, բայց Հեղափոխությունը կորուստ ունեցավ՝ ի դեմս նժդեհյան գաղափարներն իրենց կանոնադրություններում (իբր) դրած քաղուժերի ու վերջիններիս ծոցից ելած միավորումների, որոնք հեռացվեցին, բայց շուտով դու էլ կհասկանաս, որ իրականում Նժդեհի հոգին-ոգին հենց Հեղափոխությամբ նորածնվեց: Այս անգամ արդեն՝ առանց կեղծ հռչակումների:

Հեղափոխական էր Նժդեհը: Չխոսեմ կուսակցականությունից, քանզի ինքն էլ մի հազար անգամ ասում է, որ ամենամեծ չարիքներից մեկը հենց կուսակցականությունն էր, որ բզկտում էր ազգային ջանքերը: Գարեգինն իդեալիստ էր, որովհետև գիտեր, որ ութսուն տարի հետո իր ասածները դեռ պետք են գալու՝ գաղափարի Հեղափոխություն անելու համար:

«…Ճի՛շդ է, հայը յեղափոխութիւն տեսաւ իր երկրում,- ասես երեկ գրած լինի Նժդեհը,- բայց իր տկարութիւնները յաղթահարելու վերանորոգչական ճիգեր չարեց: Նա չհասկացաւ, որ յեղափոխութիւն ասել է հինէն` նորը, նոր մարդ ստեղծել, նոր գիտակցութիւն, նոր կենսազգացողութիւն…»:

Կհամաձայնե՞ք՝ 80 տարի առաջ գրածն այսօր էլ կարելի է, ինչու չէ, ԱԺ ամբիոնից ասել: Երևի՝ պետք է ասվի: Նժդեհը շարունակում է.

«…Միայն ակտիւ վերանորոգչականը կարող է յեղափոխական լինել: Վերանորոգում է ամէն մի ճշմարիտ յեղափոխութիւն: Հայրենիքին եւ իր ազգին օգտակար ծառայութիւն կարող է մատուցել միայն եւ միայն վերածնւած անհատը…»:

Իսկ ի՞նչ վերանորոգության մասին է խոսում Գարեգին Տեր-Հարությունյանը: Մի՞թե այն նույն՝ փաշինյանական խոսքում ասված աղքատ՝ ասել է թե՝ վերանորոգման կարիք ունեցող գլուխների մասին չէ: Ստացվում է, որ մեր բոլոր, դե գոնե մեծամասամբ, խնդիրները պայմանավորված են հենց մեզանով: Հաշվենք՝ այդ աղքատությունն ու կոտրվածությունը բոլորիս գլուխներում է, ու մեզ ուժաթափ է արել: Այդ է մեզ հետ պահում տնտեսական, դատաիրավական հեղափոխությունից, այդ կխոչընդոտի 2050-ի գերնպատակներին հասնելու ճամփին: Ունե՞նք բավարար ուժ: Նժդեհը կասի.

«…Ոյժի պրոբլեմը դրւում է եւ լուծւում ժողովուրդների հոգեվերանորոգութեան պրոբլեմի կապակցութեամբ: Ուժեղ, հաւատաւոր եւ պայքարունակ դառնալու համար, անհատների նման, ժողովուրդները եւս պիտի վերանորոգւեն մշտապէս: Կորցնելով վերանորոգւելու ընդունակութիւնը` ժողովուրդները կորցնում են իրանց ապրելու, ստեղծագործելու, պայքարելու հաւատը…»:

Քննադատվեց «իզմ»-երից հրաժարվելն ու առանց ձևի անվան անհրաժեշտ փոփոխություններն անելու համար համատեղվելու կոչը: Քննադատեցին, առանց այս տողերը կարդալու.

«…Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը: Այլեւս հոգեվերանորոգւած են, կամ աւելի ճիշդը` հոգեվերանորոգչական ճիգեր են կատարում բոլոր ժողովուրդները եւ հէնց այդ է պատճառը, որ օրւայ իտալացու, գերմանացու, հունգարացու ուղեղում տեղի է ունեցել մի խոր յեղափոխութիւն: Այդ է պատճառը նաեւ ա՛յն բանի, որ օրւայ մարդը աւելի ակտիւ է, արդիւնագործ, խանդավառ…»:

Այստեղ հիշենք այն արագության մասին, որ իշխողներից պահանջում է ժողովուրդը: Փոփոխության արագություն: Շտապ լուծումներ: Իսկ հնարավո՞ր է այդ արագությունն՝ առանց ցեղ դառնալու, մնալով ժողովուրդ: Ո՛չ: Իսկ հնարավո՞ր է՝ փոփոխություն՝ ընդհանրապես, թեկուզ՝ դանդաղ: Հայությանն ազգ-ի բերելն էլ չի օգնի, պետք է ավելի հեռուն տանել, ավելի խորը, ուր ցեղն է: Այսինքն, ուր արյունն է կարևորագույն կապը:

«…Ամէն բանից առաջ հոգեվերանորոգւած հայ անհատը — ահա՛ օրւայ հրամայականը…»,- ասում է Նժդեհը՝ ասես մատնանշելով այն ուղղությունը, որով մենք կարող ենք այսօր հարցեր լուծել:

«…Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով: Դա Մամիկոնեաններին նմանւելու ճամբան է, Տարօնականութիւնը:

Վերանորոգչական լուրջ փորձ էր դաւադրւած Ցեղակրօնութիւնը: Միայն սրտով վատերն ու տգէտները չգիտեն, որ մի ժողովրդի վերանորոգումը հնարաւոր է միայն ու միայն իր նորահաս սերունդի կամ էլ իր նախնիքների միջոցով:

Վերանորոգչական է Տարօնականութիւնը. դա նմանւելու մի սկզբունք է. դա ասել է` նմանւի՛ր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազանութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով…»:

Փողի շուրջ հավաքված հասարակությունում մարդկանց գլուխները միշտ էլ աղքատ են մնալու: Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի՝ խնդիրները գծաջնջելուն զուգահեռ նոր ցուցակ է կազմվելու: Չեմ ասում այդպես չլինի, գուցե և՝ հնարավոր էլ չի, բայց գոնե դրանք տասնամյակներ անց չդառնան մեր գոյության առաքելությունից շեղող խնդիրներ: Այս է հարցը: Արդեն ոչ զարմանալիորեն՝ Նժդեհը գիտի նաև, թե ինչով են զբաղված 21-րդ դարի աշխարհն ու մենք.

«…Անցէ՛ք երկրէ երկիր եւ պիտի տեսնէք, որ ապրելու, պայքարելու, զոհաբերելու անխառն ուրախութիւն, ինչպէս իրանց գոյութեան արտաքին եւ ներքին չարիքները յաղթահարելու համակարգւած աշխատանք կայ միայն ցեղավար ժողովուրդների մէջ:

Այն ամէնը, որ երէկ կը թւէր անորոշ, մթին ու անտրամաբանական, այժմ, վերանորոգւածի համար դարձել է որոշ, պարզ, հասկանալի: Այլեւս արարածը գտել է իր արարիչը — իր ներքին յենարանը — եւ այդ իսկ պատճառով նա այսօր աւելի՛ յուսալի է ու անդորր: Այս է ընդհանրապէս օրւայ ազգերի հոգեվիճակը: Բացառութիւն է մեր ժողովուրդը միայն կամ նրա խոշոր մի մասը, որ շարունակում է մնալ հիւանդ կոչւելու աստիճան անզօր եւ անյոյս: Նրա կեանքում միահեծան կերպով իշխում են չարութիւնը, նախանձը, գռեհկութիւնը, որովհետեւ վերանորոգչական ճիգի, խանդի, ուրախութեան պակասը նրան դարձրել է զոհ հոգեւոր վաղաժամ ծերութեան (չարութի՛ւն), երկչոտութեան (նենգութի՛ւն), սկեպտիկութեան (ժխտամոլութի՛ւն): Անբուժելիօրէն յոռետես է օրւայ հայը…»:

Իսկ ի՞նչ է պետք մեզ, ինչպե՞ս բուժվենք- հնարավորության դեպքում կհարցնեինք: Սյունիքը հայրենիք պահած, ժամանակի նորահայտ գաղափարները չընդունած Նժդեհն այդ էլ է պատասխանել.

«…Նրան պակասում է նո՛ր գիտակցութիւնը, նո՛ր աշխարհըմբռնումը…»:

Ես հասկացա, որ դա բնավ այսօրվա «նոր» համարվողը չէ. այդ նոր-ը մեր ցեղի նախահիմքում է: Գարեգին Նժդեհը հաճախ է հենց այնտեղ մատնացույց անում մեր խնդիրների լուծումը.

«…Վերանորոգումի ընդունակ է իր նախահայրերի ոգու զօրութենականութեան ծանօթ եւ օրւայ իր տկարութիւններից ամաչող ժողովուրդը…»:

2018-ին, երբ Հեղափոխությունը շատերի համար անիրատեսական, հաճախ՝ ծաղրելի էր, «Նիկոլը ճիշտ գտնվեց»: Կարող ենք, անշուշտ, համեմատել.

«…Իր անօրինական ցաւերէն եւ ամօթանքէն լեզու ելած հայաստանցին իր հարցումը կ’ուղղէր ճակատագրին. ինչո՞ւ այսպէս, եւ մինչեւ ե՞րբ: Դա նշան էր, որ Հայն սկսել է գիտակցէլ, թէ ինքը կը հալածուի իր անցեալ մեծութեան համար, որ մեր ժողովրդի հոգում տեղի է ունեցել մի մեծ շարժ, որ հայութեան մէջ արթնացել է Ցե՛ղը` հին, ազնուական ու արի, եւ որ այդ վերջինի արգասաւորիչ շնչի տակ տեղի է ունեցել մեր ժողովրդի հերոսական ինքնայղացումը: Դա նշան էր, որ կայ երկունքը, եւ որ շուտով հայ ժողովուրդը իր անպատում ցաւէն եւ ամօթալի վիճակի սպանիչ գիտակցութենէն կեանքի պիտի կոչի իր ցեղաշունչ հսկաները…»:

Ովքե՞ր են այդ հսկաները: Երևի՝ բոլորս: Հայաստանում ապրողներս: Են, որ մնացինք, արեցինք՝ ինչքան ուժներս պատեց: Մինչև որ այլևս հիվանդություն չկար, որ վերցնեինք, դժվարություն չկար, որ կրեինք: Եվ ուրեմն՝ մենք բոլորս ենք հսկաները, որ Հեղափոխություն արեցինք, որ թողեցինք` Հեղափոխություն տեղի ունենա:

«…Վերածնութեան կը կարօտէր մեր ժողովուրդը. ասել է` նա իր ամբողջութեան մէջ դեռ կառուցման լաւ նիւթ չէր` անկախութեան շէնքի համար:

Ո՞վ, ուրեմն, պիտի հոգեփոխէր ժողովուրդը, զայն իր ճակատագրին գիտակից եւ անկախութեան արժանի դարձնելու համար, ո՞վ պիտի առաջնորդէր զանգուածները եւ վարէր անհաւասար պայքարը: — Հէնց ի՛նքը` ժողովրդի սրբազան ծոցէն ծնունդ առած յեղափոխական յառաջապահը…»:

Վարչապետը դեռևս դեկտեմբերի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ շեշտեց, որ հեղափոխությունը մեկ օրվա, կավելացնեմ՝ պահային չէ, «գնացին-եկան ու պրծ» չէ, ճիշտ ու սխալի, սև ու սպիտակի տարանջատում չէ, այլ կարող է ծավալվել 10-ամյակներով: Կտևի այնքան, մինչև որ «աղքատ գլուխները» կլցվեն անհրաժեշտ գիտակցությամբ, նախնյաց մասին ճշմարիտ տեղեկություններով ու ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ:

Հեղափոխական ընթացքը պիտի շարունակվի, մինչև որ գա այն սերունդը, որը կառաջնորդվի ներցեղային բարոյականով: Բայց նախ՝ կարևոր է առաջնորդը: Ունե՞նք այսօր առաջնորդ, ում Նժդեհն այսպես է կոչում.

«…Առաքեալի սիրտ, իմաստասէրի գլուխ, ադամա՛նդ ճակատ — ահա՛ կատարեալ առաջնորդը: Նա չկայ, եւ ամբոխացած ու պարտուողական է մեր ժողովուրդը…»:

«…Ցեղաշունչ Հայու …(ճապոնացիների հետ է համեմատում) համար Հայրենիքը միայն սեփական երկրամաս չէ, ուր «ոսկի են արդիւնաբերում եւ հունձք հաւաքում», այլ` սրբազան երկիր, «ուր գտնւում է աճիւնը նախահայրերի»:

«…Հայ առաջնորդը մի ձեռքն Արեւմուտքում` այնտեղի ճարտարարուեստի նորոյթները իւրացնելու, իր միւս ձեռքում պիտի ունենայ ցեղի բարոյական օրինագիրքը:

Այսպիսին պիտի լինի վաղուայ առաջնորդը, որպէսզի նրա օրով արմատօրէն հոգեփոխուի հայ մտաւորականութիւնը, որպէսզի հայ գործիչը մերկանայ իր Ես-էն` անանձնականանալու աստիճան, որպէսզի հասարակական ծայրայեղութիւնը ընդգրկի գործչի բովանդակ կեանքը…»:

Արձանագրենք՝ սլաքը պառկած է: Բայց դեռ շատ քայլեր կան անելու: Ճանապարհին գուցե շատերը տուժեն, շատերը դառնանան: Անխուսափելի լավ ու վատ երևույթներ, միանշանակ, կլինեն: Սակայն ամենակարևորը՝ վերջնարդյունքը գոնե Մեծն Սպարապետի մահվան 100-րդ տարելիցի ժամանակ տեսնենք: Այդժամ, երևի, նրա հոգին մեզ չի մեղադրի իր պատգամած սերունդը չդառնալու և ցեղաշունչ առաջնորդը չլինելու համար:

Այս մասը եզրափակենք Նժդեհի խոսքերով, և հաշվարկենք ինքներս մեր սրտում, ինքներս մեզ պատասխան տանք՝ այդպե՞ս է, թե՞՝ դեռ ոչ.

«…Ո՛չ ելեւմտական խելքի տէր քաղաքական գործիչը, որ զգուշողաբար պարագաները կը կշռէ ու կը վերակշռէ, ամէն բան թողնելով անորոշ ժամանակին, այլ` արի՛ն յառաջահայեաց, որ խիզախել գիտէ:

Ո՛չ հոգեւոր թզուկը, որ յաջողում է բարձրանալ հսկաների վրայ` մի քիչ հեռուն տեսնելու համար, այլ` նա՛, որ գիտէ նախատեսել անցքերը եւ ցանկալի ուղղութիւն տալ նրանց, նա՛, որ փարոսօրէն լուսաւորել գիտէ իր ժամանակաշրջանը` նոր ուղիներ բանալով իր ժողովրդի մտքի բանուկ ճամբաներէն դուրս:

Ո՛չ այս կամ այն դասակարգի ջատագովը — հիմնախո՛րը Հայրենիքի, ոչ էլ ներկայով կլանուած կարճայուշ ժողովրդասէրը, այլ` ցեղամերձը, որն իր բոլոր խորհուրդները ցեղէ՛ն կ’առնէ:

Ո՛չ անկապաշտը` նուաստախոհ, վայնասողը` հոգեհաշմ, խուժանավարը` շոգմոգ, հերձուածողը` որմնացան, ո՛չ էլ նեղահաւատ ու բաժանասէր կուսակցական ցանցարկուն, որը վատօրէն աստ եւ անդ կագ ու կռիւ կը սերմանէ` իր հացն ու հանգիստն ապահովելու համար: Ո՛չ նմանները, ոչ էլ խորթաբարոյ վարդապետութեամբ զանգուածները թունաւորող լենինադաւան հայրենասպանը, այլ` հայը ցեղազդեցիկ ու խորարթուն, նա՛, որ ունայն է հռչակել այն ամէնը — արուեստ, գրականութիւն, իմաստասիրութիւն — որոնք աճեցնելով մեր աշխարհածանօթութիւնը, մեզ չեն դարձներ աւելի՛ հայ, եւ աւելի՛ զօրեղ:

Ո՛չ պարտուողականը — համակ վախ եւ եսականութիւն, որը իր ժողովրդի փրկութիւնը փոքրոգի մոռացումի մէջ կը փնտռէ, այլ` նա՛, որ չի տենչար աւելի գերագոյն ճակատագիր, քան ստեղծագործօրէն հասունանալ յաղթական մահուան համար, նա՛, որի ուղեղի մէջ ամէն արեւծագի հետ զրնգում է մի սրբազան մտածում` պիտի՛ պատժուի՛ թուրքը: Նա՛, որը ծանօթ մեր ցեղի հոգիի լեզուին, կարող լինէր օրուայ հայ էութեան վերադարձնել մեր հրաշունչ ցեղայնութիւնը, որ ժողովրդին հակադրէր ցեղը, որ կարողանար ժողովրդի տկարութեան դէմ հանել հոգեւոր զօրոյթը մեր ցեղի, որ մեծ էր, եւ է՛ հանապազ:

Այսպիսի՛ն պիտի լինի առաջնորդը տառապող եւ իր վերջնական ազատագրութեան սպասող հայութեան:

Նմանը պիտի լինի դա, որ գալիս է` ցեղահաղորդ, ինքնաճանաչ եւ ինքնազօր:

Եւ նրա օրով կը բորբոքուի պայքարը ՀԻՆԻ, որ չէ ուզում մեռնել եւ ՆՈՐԻ միջեւ, որ ուզում է աշխարհ գալ: Սրբազան պայքարը Ես-ի եւ Մենք-ի միջեւ:

Եւ այդ պայքարէն կը ծնի ՆՈՐ ՀԱՅԸ: Հոգիներում էլ չի՛ մնայ հին թթխմորի հետքն իսկ:

Կը չքանայ ապաշնորհ հասարակական վարձկանը` իր տեղը տալով վաստականուէր, յորդեռանդ եւ ցեղապահ մշակին:

Հայ մականը, սուրը եւ գրիչը կը գտնուին կարող եւ սրբամաքուր ձեռքերի մէջ:

Կը զարթնի Ցեղը հայու մէջ եւ կը սկսուի Հայ հոգու արդիւնազօրութեան եւ վերելքի փառաշատ շրջանը:

Եւ, որպէս արդար հետեւանք, առաջին անգամ լինելով` մարդկութիւնը խորապէս կ’ամաչի մեր հանդէպ ունեցած իր անիրաւութիւններէն:

Ա՜հ, Ցեղայայտնութեան երանելի օր, պիտի ուշանա՞ս, արդեօ՛ք, հեռո՞ւ ես»:

Վահրամ Հովհաննիսյան, REGST հիմնադիր

Հատվածներ՝ «Նոր հայը վաղուայ առաջնորդը», «Ցեղի ոգու շարժը», Սոֆիա, 1932:
«Ոյժի պրոբլեմը», «Տարօնի Արծիւ», Սոֆիա, 1939թ.:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.