Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Նոր ուժերի շարժում կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին, ով բազմիցս հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով, այս անգամ էլ այդ երկրի լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջան է, և որ այդպես է կարծում ամբողջ աշխարհը:
Սահակաշվիլին, ի պատասխան օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը (Արցախը Հայաստան է և վերջ), նշել է, թե ամբողջ աշխարհը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրա կարծիքով՝ Կովկասում նոր պատերազմ տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի ադրբեջանամետությունը պայմանավորված է Բաքվի կողմից ստացվող աջակցությամբ: Դեռևս ռուս-վրացական պատերազմից առաջ, երբ Ռուսաստանը դադարեցրել էր դեպի Վրաստան գազամատակարարումը, Ադրբեջանը, սահմանափակելով իր տարածքում գազի սպառումը, Վրաստանին գազ է մատակարարել: Այս հանգամանքը Սահակաշվիլին բարձր է գնահատել՝ իր շնորհակալությունը հայտնելով ադրբեջանի ժողովրդին և հավերժ եղբայրության խոստում տվել:
Հավելենք, որ Սահակաշվիլին Վրաստանում նույնպես կուսակցություն ունի՝ Միացյալ ազգային շարժումը, սակայն նրան չեն թույլատրում մասնակցել իր հայրենիքի քաղաքական կյանքին: