Ճապոնական ընկերությունն արտադրել է Onepedal անունով սարքավորում, որն օգնում է խուսափել պատահաբար սխալ ոտնակ սեղմելու պատճառով առաջացող վթարներից:
Կումամոտո մարզում տեղակայված Naruse Machinery ընկերության հատուկ ոտնակը օգտակար սարքավորում է հատկապես տարեց վարորդների համար: Նշենք, որ Ճապոնիան սկսել է լուրջ ուշադրություն դարձնել տարեցների մեղքով առաջացող ՃՏՊ-ներին՝ առաջարկելով տարբեր լուծումներ:
Դա պայմանավորված է նրանով, որ բավականին մեծացել են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ հատկապես տարեցների մասնակցությամբ: Հաղորդվում է, որ վթարները տեղի են ունենում հիմնականում սխալ ոտնակ սեղմելու պատճառով. հաճախ արգելակման ոտնակի փոխարեն վարորդները սխալմամբ արագացմանն են սեղմում:
Պատվերների աճող քանակության պատճառով ներկայումս պատվիրատուները պետք է 10 ամիս սպասեն իրենց մեքենայում սարքավորման տեղադրման հերթին:
Onepedal համակարգը, ինչպես անվանումն է ասում՝ մեկ ոտնակ, իրենից ներկայացնում է սովորական տարբերակով սեղմվող մեկ ոտնակ՝ արգելակման կամ արագությունը նվազեցնելու համար, մինչդեռ արագացման համար ոտքը պետք է հրել դեպի աջ՝ հիմնական ոտնակի կողային մասում տեղադրված լծակը սեղմելու համար: (Նկարում)
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մեկ ոտնակի սկզբունքի շնորհիվ նվազում է պատահաբար մեքենային արագացում հաղորդելու հավանականությունը:
Աղբյուրը՝ nippon.com, լուսանկարները՝ The Jiji Press, Ltd.