Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցի կապակցությամբ Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոքի նամակ է հղել՝ փաստաթուղթը որակելով որպես հերթական պրովոկացիա:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ին իր անդամակցությունը՝ փաստաթղթում ներկայացնելով իր կողմից օկուպացված տարածքների շահերը:
Բաքվի իշխանությունների համոզմամբ՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին ներկայացվող անջատողական ռեժիմի վերաբերյալ փաստաթղթերը ոչ մի կերպ չեն ներկայացնում այդ կազմակերպությունների տեսակետները:
Աբդուլլաևան նշել է, որ Գլխավոր քարտուղարի անունով ուղարկված բողոքի նամակը մոտ օրերս հրապարակվելու է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի համապատասխան փաստաթղթում:
Հիշեցնենք, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել էր Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: