Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ ժամը 09:41-ին Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գորիս, Նոյեմբերյան, Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ:
Եվս երկու երկրաշարժ գրանցվել էր նախօրեին՝ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Վրաստանի Դմանիսի շրջանում:
Օգոստոսի 21-ին, ժամը 14:20-ին, Աշոցքից 9 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այնուհետև տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով մեկ հետցնցում: 3 բալ ուժգնությամբ զգացվել է Բավրա գյուղում:
Վրաստանի Դմանիսի շրջանում (Քվեմո-Քարթլի) նույն օրը, նույն ժամին զգացվել է 3,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ: