Իրաքի զինված աշխարհազորային Ալ-Հաշդ աշ-Շահաբի (Ազգային մոբիլիզացիոն ուժեր) խմբավորման փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն հրթիռակոծել են իրենց պահեստները:
Աբու Մահդին նշել է, որ ԱՄՆ-ն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Ադրբեջանում՝ այնտեղից Իրանին ու Իրաքին հարվածելու համար:
Նա վստահեցրել է, որ ս.թ. հուլիսի 19-ին, օգոստոսի 12-ին և 20-ին իրենց խմբավորման պահեստները հրթիռակոծվել են իսրայելական ինքնաթիռների կողմից՝ տարածաշրջանում ամերիկյան զինուժի հրամանատարության հետ համաձայնեցված կերպով:
Ալ-Հաշդ աշ Շահաբիի ՀՕՊ համակարգերը դիտարկել են Իրաքի տարածքում ամերիկյան ինքնաթիռների բոլոր թռիչքները և ունեն տվյալներ, որ ամերիկացիներն Ադրբեջանի տարածքում գտնվող բազաներից օդ բարձրացած իսրայելական անօդաչու 4 ինքնաթիռներին թույլ են տվել գործողություններ իրականացնել իրաքյան օդային տարածքում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է լուրը՝ նշելով, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի տարածքում իսրայելական դրոններ չեն տեղակայել՝ Իրանին և Իրաքին հարվածելու համար: Բաքուն տեղեկությունը համարել է մաքուր սուտ և ապատեղեկատվություն: Ադրբեջանական մամուլն էլ շտապել է հիշեցնել, որ ալ-Մուհանդիսի նկատմամբ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել, քանի որ նա Իրանի գլխավոր դաշնակիցներից է: