Վրաստանի հանքերում աշխատակիցների իրավունքները խախտվում են. HRW

Human Rights Watch (HRW) միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Վրաստանում հանքափորները օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում պետական ոչ բավարար կարգավորումների պատճառով ենթարկվում են լուրջ վտանգների:

HRW-ն առաջին անգամ ուսումնասիրել է Վրաստանի հանքերում առկա աշխատանքային պայմանները: Հետազոտության արդյունքներով հրապարակվել է 60 էջանոց հաշվետվություն՝ Տարի չկա, որ մահ չլինի. կարգավորման բացակայության տասնամյակը վտանգում է վրացի հանքափորների կյանքը վերնագրով:

Փաստաթուղթը Վրաստանի իշխանություններին ուղղված ահազանգ է: Թերի է Վրաստանի աշխատանքային օրենսգիրքը. կարգավորված չեն աշխատաժամանակը, հանգստի ժամը, հանգստյան օրերը և գիշերային հերթափոխերը, պետության կողմից պատշաճ վերահսկողություն չկա:

Հազարավոր աշխատակիցներ պարբերաբար վտանգի են ենթարկվում. աշխատակիցները հոգնածության պատճառով քնում են աշխատելիս: Թեև կա որոշակի տեղաշարժ, բայց այն շատ դանդաղ է: HRW-ն խորհուրդ է տվել վրաց իշխանություններին՝ արագացնել գործընթացը:

Արձանագրված խախտումներ

HRW-ի գնահատմամբ՝ ամենածանր իրավիճակը մանգանի (manganese, марганец) արդյունահանման ոլորտում է: Այն Վրաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է: Այս ոլորտում խոշոր արդյունահանող է Georgian Manganese ընկերությունը: Նրա տրամադրության տակ են 11 հանքեր և վերամշակող գործարաններ, որոնցում աշխատում է շուրջ 3500 մարդ:

Վրացական մանգանի աշխատակիցները պատմել են, որ շատերը գետնի տակ աշխատում են 12 ժամ: 15-օրյա հերթափոխերի ժամանակ հանքափորները աշխատում են գիշերային հերթափոխով: Այդպիսի պայմաններում աշխատելու դեպքում հաճախ են հանդիպում արտադրական վնասվածքներ: Ընդ որում՝ արտադրության սահմանված չափը չիրականացնելու դեպքում աշխատավարձից պահումներ են արվում:

Հաշվետվությունում նշվում է, որ հանքերի աշխատակիցները 10-րդ հերթափոխի ժամանակ արդեն ուժասպառ են լինում՝ հաճախ սարքավորումները ձեռքներին ննջում՝ վնասելով գործընկերներին:

HRW-ն անհանգստություն է հայտնել նաև Վրաստանի ածխի հանքերից մեկում՝ Սաքնախշիրիում (Վրացական ածուխ), տիրող աշխատանքային պայմանների կապակցությամբ: Այստեղի աշխատակիցները հայտնել են, որ ղեկավարության կողմից սահմանվել է հավելյալ արտադրանքի փոխհատուցման կարգ: Նշվում է, որ սահմանաչափն այնքան բարձր է դրվում, որ անվտանգ աշխատանքով գրեթե հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ արդյունքը, ուստի հանքափորները դիմում են վտանգավոր միջոցների:

Այստեղ նույնպես ի թիվս մի շարք խնդիրների՝ Human Rights Watch-ը նշել է երկար աշխատանքային օրը, կարճատև ընդմիջումը, հավելավճարների չհատկացումը և աշխատավարձի ուշացումները:

Անպաշտպան աշխատակիցներ. պետական կարգավորումներից զուրկ ոլորտ

Հաշվետվությունում նշվում է, որ օտարերկրյա ներդրումների գայթակղությունից ելնելով՝ 2006թ. Վրաստանը լուծարել է աշխատանքի տեսչությունը և Աշխատանքային օրենսգրքում զգալիորեն սահմանափակել է աշխատողների իրավունքները: Դրանից հետո աշխատավայրերում մահացությունների թիվը աճել է 74%-ով՝ հիմնականում շինարարական և լեռնահանքարդյունաբերության ոլորտներում:

HRW-ի գնահատականով՝ Վրաստանում աշխատողների իրավունքները որոշակիորեն կարգավորվել են նոր իշխանությունների օրոք՝ 2013թ.: 2015թ. վերաձևավորվել է Աշխատանքի տեսչությունը, սակայն ավելի թույլ մանդատով:

Այս տարվա փետրվարին, քաղհասարակության հետ խորհրդակցություններից հետո, խորհրդարանն օրենսդրական փոփոխություններ է իրականացրել՝ մեծացնելով Տեսչության իրավունքները: Դրանք սեպտեմբերից կմտնեն ուժի մեջ: Հաշվետվության հեղինակները կարծում են սակայն, որ այդ փոփոխությունները դեռևս անհրաժեշտը չեն: Օրինակ՝ Տեսչությունը չի կարողանալու ուսումնասիրել աշխատանքային օրվա տևողությունը, արտադրական քվոտաները և աշխատանքային ծանր պայմանների ազդեցությունը առողջության և անվտանգության վրա:

Հաշվետվությունն ընդգծում է, որ լեռնահանքային արդյունաբերության կշիռը Վրաստանի տնտեսությունում և դրանով ապահովվող աշխատատեղերի քանակը չեն արդարացնում աշխատանքային իրավունքների կոպիտ խախտումներն այս ոլորտում:

Չիրականացված միջազգային պարտավորություններ

HRW-ը նշում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ունի համաձայնագրեր, որով խոստացել է կատարելագործել աշխատանքային օրենսդրությունը և ամրապնդել վերահսկողական մեխանիզմները:

Դեպի ԱՄՆ Վրաստանը մատչելի սակագներով է մանգան արտահանում: Դրա դիմաց Թբիլիսին պարտավորվել է ճանաչել միջազգայնորեն ընդունված աշխատանքային իրավունքները: Եվրամիության հետ կնքված ասոցացման համաձայնագիրը Վրաստանին պարտավորեցնում են աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ օրենքներին և մինչև 2020թ. ստեղծել լիակատար Աշխատանքային տեսչություն:

HRW-ի խորհուրդները

Իրավապաշտպանները Վրաստանին խորհուրդ են տվել.

  • վերանայել աշխատանքային օրենսդրությունը,
  • սահմանել հստակ աշխատաժամանակ և կրճատել արտադրական քվոտաները,
  • ստեղծել լիարժեք մանդատով օժտված անկախ տեսչություն:

HRW-ը Վրաստանի օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններին կոչ է անում հարգել աշխատակիցների իրավունքները և նրանց անվտանգությունը, արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար համագործակցել մասնագիտացված միավորումների հետ:

Իրավապաշտպանները նշում են, որ Վրաստանի գործընկերները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, պետք է այս հարցում ճնշում գործադրեն՝ աշխատանքային իրավունքների լիարժեք ապահովման ուղղությամբ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.