Ազգային անվտանգության ծառայության Քննչական դեպարտամենտում դեռևս 2019թ. փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019թ. օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
ԱԱԾ հաղորդմամբ՝ նախաքննությունը շարունակվում է։
Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):
Հաղորդվում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է, քննությունը շարունակվում է: