Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Առավոտ-ի հետ զրույցում արել է մի շարք հայտարարություններ, որոնց արձագանքելու անհրաժեշտություն է տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը:
Արցախի հերոսի այն հայտարարությանը, թե ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հաջորդ տարվա ընտրություններին երկու ՀԿ-ների դիտորդական առաքելությունն անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը, Վլադիմիր Կարապետյանը նշել է.
Հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը: Հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:
Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են, և ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական, Վարչապետի մամուլի խոսնակը պատասխանել է.
Բալասանյանն, ըստ էության Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը