Կառավարությունում Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել էր պարզել հանքի շահագործմանն առընչվող նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) անցկացնելու անհրաժեշտությունը, որը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 4-ին:
Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:
Ազատության հաղորդմամբ՝ Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա: Նրա կարծիքով` որոշումը կկայացվի Կառավարության մակարդակով:
Կարապետյանի խոսքով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ավելի սերտ համագործակցություն պետք է լինի բոլոր այն գերատեսչությունների միջև, որոնք ներգրավված են այս հարցի կարգավորման մեջ:
Առաջիկայում որոշումների կայացմանն ավելի մոտ կլինենք,- նշել է Վարչապետի մամուլի խոսնակը: