Ապոլլոնի խմբի աստղակերպերից մեկն այսօր՝ սեպտեբերի 7-ին, Լուսնից երկու անգամ ավելի մոտ տարածությամբ կսլանա Երկրի մոտով: NASA-յի Մոտ տիեզերքում երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնը (CNEOS) այն հայտնաբերել է սեպտեմբերի 5-ին և անվանել 2019 RC1:
Աստղակերպն այս պահին՝ ժամ 14:00-ի մոտակայքում, Երկրին ամենամոտ հատվածով է թռչում՝ 20 կմ/վ արագությամբ: Նախնական տվյալներով նրա չափը կարող է հասնել մինչև 10 մետրի:
2019 RC1-ը թռչում է երկրագնդից 184 հազար կմ հեռավորության վրա, ինչը Լուսնի հեռավորությունից (385 հազար կմ) գրեթե կրկնակի քիչ է: Աստղակերպն արդեն ընդգրկված է մերձերկրային մարմինների բազայում:
Մասնագետները վստահեցնում են, որ այն իր փոքր չափերի շնորհիվ Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Դասակարգման համաձայն՝ երկնային մարմինը համարվում է վտանգավոր, եթե Երկրի ուղեծիրը հատում է 0,05 աստղագիտական միավորից քիչ հեռավորությամբ (մոտ Երկրից Լուսին հեռավորության 19,5-ի չափով) և նրա տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը: