ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենտը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են Հայաստանը տեսնել հզոր ու ծաղկող: Ամերիկայի Ձայնի հետ զրույցում Քենտը նշել է, որ իրենք ցանկանում են Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանին ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։
Թավշյա հեղափոխությունից ի վեր, ԱՄՆ-ը շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնելու հարցում, իրականացնել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով՝ 2018թ. գարունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնելու այս գործում։