Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի (խմբ.) մարզերում և Երևան քաղաքում:
Լրացված: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել: Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:
Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:
Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻ նախարարությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան:Եթե կնկատվեն խնդիրներ, խնդրում ենք ահազանգել «911» ծառայության հեռախոսահամարով: