Հարցազրույց Լուսինե Հայրապետյանի հետ. Արվեստաբուժությունը, արտտեխնոլոգիաները և այսօրվա երեխաները

Արվեստաբուժության թեմայով զրուցել ենք Մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ Լուսինե Հայրապետյանի հետ (Երևանի պետական համալսարան, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն):

REGST. Ինչպե՞ս է  արվեստաբուժությունը ներգործում անձի վրա: Հայաստանում որքանո՞վ է ընդունված արվեստաբուժությամբ զբաղվելը: Ձեր ուսանողներին այն հետաքրքրո՞ւմ է:

Լուսինե Հայրապետյան. Երևի ոչ մեկ չի ժխտի, եթե ասեմ, որ արվեստը, որի կառուցվածում մեր ապագայի տեսլականներն են, ոչ թե ներկայի փաստացի արձանագրությունները, իր տարատեսակ ճյուղերով պատմում է ոչ այնքան մարդուն շրջապատող արտաքին աշխարհի, որքան մարդու ներքին վիճակի, ներքին տագնապների և ուրախությունների, ներքին հուզազգացողական ապրումների մասին: ՈՒրեմն սկսենք նրանից, թե արվեստն ինչ ներգործություն ունի մեր զգայարանների վրա, ինչպես ենք արվեստի միջամտությամբ մենք ընկալում մեզ շրջապատող աշխարհը, օբյեկտիվ իրականությունը:

Մարդկային եզակի ու ինքնատիպ կառուցվածքում երևույթների բացահայտման, ընկալման ձևերը, արագությունները, զգայունության աստիճանները տարբեր են: Հաճախ կարող է մեկին հիացնող որևէ արվեստի գործ չընկալվել մյուսի կողմից, որովհետև արվեստն ունի իր լեզուն, որին աստիճանաբար պետք է /թեկուզ մասնակիորեն/ տիրապետի երեխան՝ հետագայում այն հասկանալու համար: Սակայն արվեստաբուժությունը չի պահանջում, որպեսզի դրանով զբաղվողը տվյալ արվեստի ոլորտի մասնագետ լինի: Միգուցե արվեստաբույժի դեպքում դա ցանկալի է, թեև ոչ պարտադիր, բայց իր համար խնդիր լուծող սուբյեկտի դեպքում խաղը ենթագիտակցական մակարդակի հետ է, հոգեկանում ունեցող փոփոխությւոնների, կուտակված ու չպարպված զգացմունքների հետ: Այն չպետք է շփոթել հոգեթերապիայի հետ, քանի որ վերջինս զուտ բժշկական մոտեցում է պահանջում:

Ես այս բնագավառն ուսումնասիրել եմ հատկապես երեխաների հետ տարվող աշխատանքների տեսանկյունից, քանի որ դասավանդում եմ ԵՊՀ սոցիալական մանկավարժություն բաժնում և որ այն կարելի է դիտարկել երեխային օգնելու համար սոցիալական մանկավարժի իրականացրած շտկող,  աջակցող, վերականգնող գործառույթների իրականացման այլընտրանք: Արվեստաբուժությունն ունի արտտեխնոլոգիաներ, որոնք օգնում են ոչ միայն զարգացման խնդիրներ  ունեցող երեխաներին  թոթափելու լարվածությունը, հաղթահարելու վախերն ու բարդույթները, այլև նպաստում են կենսաբանորեն առողջ երեխաների մոտ ձևավորել զգայական ինտելեկտ՝ առավել խորությամբ  հասկանալու համար սեփական ես-ում ձևավորված զգայական պահանջմունքները, վերածել դրանք նկարների, սիմվոլների, կոլաժների, երգի, ձայնի, այլ բազմապիսի ձևերի, արթնացնել ներքին ես-ի ստեղծագործական ամբողջ ներուժը, բացահայտել  հնարավորություններ, որոնց մինչ այդ ծանոթ չէր երեխան:

Ուսանողներին, ինչ խոսք, հետաքրքրում է դասընթացը, քանի որ այն տեսագործնական իր կառուցվածում հմտացնում է նրանց թե՛ ուրիշին օգնություն, աջակցություն ցույց տալու գործում, թե՛ սեփական անձի ամբողջական ընկալման, դրա ուսումնասիրության տեսանկյունից:

REGST. Ո՞վ ունի բուժման այս յուրահատուկ տեսակի կարիքը: Պե՞տք է արդյոք առողջներին:

Լուսինե Հայրապետյան. Ձեր առաջին հարցին կպատասխանեմ մեկ բառով՝ բոլորը: Ինչո՞ւ: Քանի որ արվեստաբուժության սուբյեկտ ասելով չենք ընկալում անպայման  հիվանդին: Կարևոր է, թե ովքեր են օգտագործում արվեստաբուժության «գործիքները», ինչ նպատակով: Դրանք կարող են ունենալ բժշկական, հոգեշտկողական, մանկավարժական ուղղվածություն և մեծ օգուտ տալ , եթե խնդիրը ճիշտ է ախտորոշվել և հստակեցվել:

Հիմնականում ինձ հետաքրքրում են մանկավարժական կիրառությունները, թեև, հաճախ են լինում առիթներ  ուսումնասիրելու նաև այլ մասնագետների փորձը, այլ տարիքային խմբերի հետ աշխատանքները ևս: Ամեն դեպքում, դառնալով երեխաներին,  կարծում եմ, որ այսօրվա երեխաները, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման ժամանակաշրջանի ծնունդ են,  ովքեր օրվա մեծ մասն անց են կացնում սոցիալական ցանցերում, ծանրաբեռնված են երբեմն անհրաժեշտ, երբեմն ոչինչ չտվող, արժեքավոր- անարժեք տեղեկատվությամբ, շատ ունեն օբյեկտիվ իրականությունն ու կյանքն ընկալելու, կարևորն անկարևորից տարբերակելու, դրանում իրենց տեղն ու դերը հասկանալու, իրենց երջանկության աղբյուրները հետազոտելու և գտնելու կարիքը:

Արվեստաբուժությունը միջամտում է, որպեսզի մարդը ծանոթանա իր հետ, գտնի իրեն, հասկանա ու սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա: Ի դեպ, շատ պայմանական է այս դեպքում առողջ-անառողջ ընկալումը, որովհետև առողջությունը պետք է դիտարկել հոլիզմի տեսանկյունից, ամբողջական՝ մտքի, հոգեկանի, ֆիզիկականի համադրմամբ:

REGST. Կարո՞ղ եք տարբերակներ նշել, թե արվեստաբուժությամբ հետաքրքրված մարդն ո՞ւր դիմի, ինչի՞ց սկսի:

Լուսինե Հայրապետյան. Այսօր արվեստաբուժությամբ զբաղվող հատուկ կենտրոններ կան, որտեղ կազմակերպվում են թերապիաներ տարբեր խնդիրներ ունեցողների, ինչպես նաև հետաքրքրվածների, արվեստի հնարները կիրառել սիրողների համար: Իհարկե, դրանք տարբեր մոտեցումներով են կազմակերպվում: Սակայն եթե չկան այդ կենտրոններ հաճախելու հնարավորություններ, նկարեք, երգեք, ձեզ դրական ուղղվածությամբ մտքերով, դրանք շրջանառող մարդկանցով շրջապատեք:

Կյանքը լիարյուն ապրելը  ինքնին արվեստ է: Ուղղակի սիրեք կյանքն այնպիսին, ինչպիսին կա, որովհետև նրա ամեն ծառի սոսափյունի մեջ երաժշտություն կա, ամեն դեղնող կամ նորածիլ բույսի գույներում՝ բնության զարկերակ, ձեզ շրջապատող մարդկանց ամեն բարի խոսքում՝ հույսի արթնացում, ամեն բացվող օրվա, ծագող լույսի  մեջ նոր ձայների, գույների, նոր արթնացման  սկզբեր: Սկսեք այս պարզ բաները  նկատելուց և հավատացեք, շատ բան կփոխվի ակամայից դեպի լավը:

REGST-ի հարցերին պատասխանեց Լուսինե Հայրապետյանը (Մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ, Երևանի պետական համալսարան, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն)

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.