Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը, պատասխանելով LetKnow.news-ի հարցերին, անդրադարձել է Հայաստանում կրիպտոարժույթի և մայնինգի զարգացման հեռանկարներին:
Առուշանյանի խոսքով՝ մայնինգի համար Հայաստանն այնքան էլ նպաստավոր պայմաններ չունի: Մասնավորապես, էլեկտրաէներգիան բավականին թանկ է. մեկ կիլովատն արժե 0,08 դոլար: Բայց կան նաև առավելություններ. լեռնային մաքուր և պաղ օդը կարող է խնայել հովացման վրա ծախսվող միջոցները:
Ասոցիացիայի նախագահը նշել է, որ մայնինգի ազատ տնտեսական գոտին օրինաչափ է զարգանում: Արդեն կան առաջին ռեզիդենտները, որոնք հաջողությամբ գործում են և օգտվում հարկային արտոնություններից:
Կազմակերպությունը նախապատրաստել և քննարկմանն է ներկայացրել կրիպտոարժույթի օրինականացման առաջարկների փաթեթ: Առուշանյանի խոսքով՝ շուտով կհայտարարվի Կառավարության տեսակետն այս հարցում: Մայնինգը ներկայումս Հայաստանում չի հարկվում, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությամբ, ակնկալվում է, նույնպես չի ենթարկվի հարկման:
Խոսվել է նաև Կենտրոնական բանկի հետ կապված խնդրի մասին: Վիգեն Առուշանյանը նշել է, որ աշխարհում Կենտրոնական բանկերի մեծ մասը բացասաբար է վերաբերվում կրիպտոարժույթներին:
Հայաստանն այս առումով բացառություն չէ, սակայն այստեղ Կենտրոնական բանկը բաց է քննարկումների համար և ունկնդրում է հիմնավոր և ծանրակշիռ փաստարկումները: Վիգեն Առուշանյան
Nooor-ի նախագահի խոսքով՝ ներկայումս դժվար է գնահատել այն ներդրումը, որը բլոկչեյնն ունի ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ակնհայտ է, որ մեկնարկը տրված է և ապագայում սպասվում է համագործակցության և ֆինանսավորման լիովին նոր մոդել:
Այնպես, ինչպես այսօր կիրառվում է բլոկչեյնը ֆինանսական ծառայություններում, կարելի է անվանել էվոլյուցիա, իսկ ես սպասում եմ հեղափոխության,- նշել է Առուշանյանը:
Nooor (նուռ) ասոցիացիան հիմնադրվել է որպես ոչ առևտրային կազմակերպություն՝ Հայաստանում բաշխված տվյալների տեխնոլոգիայի զարգացման և առաջընթացի, այդ հիմքով նախագծերի մշակման և երկրի տնտեսությունում ներդրմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործում լիիրավության և Հայաստանը որպես համաշխարհային գիտական նշանավոր կենտրոն դիրքավորելու համար: