Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ի օգուտ վարորդների ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց թվում նաև՝ Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի առաջարկը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվանից հաջորդող 10-րդ օրը:
Փոփոխությունների արդյունքում՝
- վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ գրանցված/հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում Հաշվառման-քննական բաժին ներկայացնելու պարտադիր պահանջը.
- ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:
- հանել սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:
- առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:
Առաջարկության հեղինակն այս կապակցությամբ գրել է.
Մեքենայի հետ կապված գործարքները առանց մեքենայի ներկայության իրականացնելու գաղափարս կյանքի կոչվեց, որը լուրջ բարեփոխում է քաղաքացիների սպասարկման ոլորտում:
Կառավարության առաջահերթություններից է քաղաքացիների համար պետական ծառայությունների արագ և որակյալ մատուցումը՝ որպես գործընկեր և ոչ թե վերահսկող,- Մեսրոպ Առաքելյան:
Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ: