Ուկրաինայի արտգործնախարարությունն անթույլատրելի է համարում իր քաղաքացիների այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Եկատերինա Զելեկոն մեկնաբանել է, որ նման դիրքորոշումը վերաբերում է նաև Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա այցելություններին:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ու ինքնիշխանությանն աջակցությունը Կիևի կողմից անփոփոխ է:
Ուկրաինայի արտաքին գերատեսչությունն այդ տարածքները համարում է օկուպացված և, երկրի գործընկերների կողմից ստացվող բազմաթիվ դիմումները հաշվի առնելով, Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիա և Ցխինվալիի շրջան-Հարավային Օսիա, ինչպես նաև դրանց սահմանակից շրջաններ ուղևորվելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրություններով, քանի որ վերջինների խախտումը կարող է հանգեցնել վարչական և քրեական պատասխանատվության:
Աղբյուրը նշում է նաև, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարգավորում մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընդ որում՝ դա հնարավոր չէ նաև այն պատճառով, որ շփման գիծն ականապատված է և մինչ օրս հանդիսանում է փոքր ինտենսիվությամբ մարտական գործողությունների տարածք: Միևնույն ժամանակ Ադրբեջանը խստորեն հետապնդում է միակ հնարավոր ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածքից մուտք Արցախ մուտք գործող օտարերկրացիներին:
Այսինքն, Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը և չի կարող իր տարածքից օտարերկրացիների մուտքն ապահովել: Վերջիններս այլ տարբերակ չունեն: Մինչդեռ տեխնիկապես հնարավոր է Աբխազիա և Հարավային Օսիա ներթափանցել հենց Վրաստանի տարածքից: