Հյուսիսկովկասյան Դերբենտ քաղաքում միաժամանակ կայացել է 24 զույգի՝ 16 ազգերի ներկայացուցիչների հարսանիք՝ 10382 հյուրերի մասնակցությամբ:
Հյուսիսկովկասյան Դերբենտ քաղաքում տեղի Նարըն-Քալա մարզադաշտում քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպված հարսանեկան արարողությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբազմազգ հարսանիք և հյուրերի մեծ քանակությամբ ծիսակատարություն:

Քաղաքի ՔԿԱԳ բաժնում սեպտեմբերի 29-ին գրանցվել է 24 զույգի ամուսնություն՝ 16 ազգի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարսանեկան արարողությունը Ռեկորդների գրքում գրանցվել է միանգամից երկու կետով՝ ամենաբազմազ հարսանիք՝ 16 տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և ամենաշատ՝ 10382 հյուրերի ներկայությամբ:
Հաղորդվում է, որ ամուսնացած զույգերից ամենաերիտասարդը 19-ամյա Այդինբեկ Այդինբեկովն ու Կամիլա Գյոզալովան են:
Դերբենտը Ռուսաստանի և աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է ու այն քչերից, որ պահպանվել է իր պատմական տարածքում: Ներկայումս այն Դաղստանի՝ մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է, ունի 120 հազարից ավել բնակչություն և 70 քառ.կմ տարածք: Այստեղ այցելում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Քաղաքի բազմաթիվ պատմական հուշարձաններ ընդգրկված են Յունեսկոյի ժառանգության ցանկում: