Վրացական Փոթի նավահանգստում մեկնարկել է նոր տերմինալի շինարարությունը, որի շնորհիվ 2,5 միլիոն տոննայով ավելի բեռներ կընդունի նավահանգիստը:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն դոլար, որից 50 մլն-ը համաֆինանսավորում է ամերիկյան OPIC օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան: Ծրագրի շրջանակներում նավահանգստի ջրային տարածքից մոտ 25 հեկտար կխորացվի 13 մետրով: Արդյունքում տարեկան շուրջ 2,5 մլն տոննա ավել բեռ հնարավոր կլինի ընդունել:
Հաղորդվում է, որ նոր տերմինալի գործունեությամբ աշխատանքով կապահովվի 500 մարդ: Բացի այդ, տարածքում նախատեսվում է կառուցել նաև պահեստային տնտեսություններ:
Վրաց իշխանությունները երկրի զարգացման առաջնահերթ ուղղություններից են համարում տրանզիտը: Հիմնական ենթակառուցվածքները հանդիսանում են Մետաքսի մեծ ճանապարհի մասը: Դա, ինչպես նաև Վրաստանով անցնող Արևելք-Արևմուտք մայրուղին, երկաթուղու մոդեռնիզացումը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «վտակը», Անակլիայի նավահանգստի կառուցումն այս պահին Վրաստանում իրականացվող կարևոր նախագծերն են: