ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։ Վերջինս Երևան է ժամանել Արցախում շրջագայելուց հետո:
Նախարարը, ողջունելով կոնգրեսականին, նշել է, որ բարձր է գնահատում Ֆրենկ Փալոնի գործունեությունը` ուղղված հայոց ցեղասպանության ճանաչմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման աշխատանքների և այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։
Կոնգրեսականն առաջարկել է ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև Google maps-ի անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, Youtube-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, Paypal-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսմենը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ:
Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ և քննարկել առաջադրված հարցերը Google և PayPal ընկերությունների հետ: