Հոկտեմբերի 8-10-ը ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Մուլինո զորավարժարանում ՀԱՊԿ անդամ-պետությունների զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են ընթանում:
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների ներգրավմամբ մասնակցում են Էշելոն-2019 վարժանքներին:
Ստորաբաժանումների խնդիրն է համատեղ գործողությունների նախապատրաստման և իրականացման ժամանակ լուծել նյութատեխնիկական ապահովմանն առնչվող հարցերը:
Էշելոն-2019-ը Որոնում-2019 և Փոխգործակցություն-2019 վարժանքների հետ մեկտեղ իրականացվում են Մարտական եղբայրություն-2019 օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտնել է, որ Կազմակերպության համատեղ և մասնագիտական վարժանքներին մասնակցում է շուրջ 10 հազար զինվորական, ներգրավված է մոտ 900 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: