ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում՝ կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններում քրդական միավորումների (YPG/PKK) դեմ թուրքական բանակի Խաղաղության ակունք ռազմագործողության հետ:
Փաթեթի հեղինակները հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմն ու դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենն են: Գրեհեմը նշել է, որ այս հարցում հանրապետականներն ու դեմոկրատները համամիտ են:
Փաթեթը, մասնավորապես, նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, փոխնախագահ Ֆուադ Օքթայի և մի շարք թուրք նախարարների նկատմամբ:
Հեղինակները նաև առաջարկում են խիստ պատժամիջոցներ սահմանել նաև Թուրքիայի ռազմական և առևտրային ոլորտների նկատմամբ, եթե Անկարան 90 օրյա ժամկետում Սիրիայում ռազմագործողությունները չդադարեցնի:
Բացի այդ, սենատորներն անհրաժեշտ են համարում Թուրքիայի ԶՈւ-ին ինքնաթիռների, տրանսպորտային միջոցների, տեխնիկայի վաճառքի և հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցումը: Թուրքիան այս առնչությամբ դժգոհություն է արտահայտել:
BARIŞ PINARI կամ Խաղաղության ակունք
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի՝ Եփրատ գետից արևելք ընկած շրջաններում մեկնարկել է լայնածավալ ռազմագործողություններ:
Խաղաղության ակունք (BARIŞ PINARI) անվանումն ստացած գործողությունը, ըստ թուրքական տարբերակի, ուղղված է Թուրքիայի սահմանամերձ հատվածում ահաբեկչական խմբավորումների դեմ, նպատակ ունի ստեղծել անվտանգության գոտի, ուր կամավոր կերպով կվերադառնան միլիոնավոր սիրիացի փախստականներ:

Ռազմագործողությանը ներգրավված են Թուրքիայի զինուժը և ընդդիմադիր Սիրիական ազգային բանակի ջոկատները: Թուրքիան հարձակումը հիմնավորում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետություններին իրավունք է տալիս իր ինքնապաշտպանությունն ապահովելու:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, իսկ այս և նախորդ ռազմագործողություններն ուղղված են խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, Սիրիայի մշակութային և պատմական հուշարձաններին հասցվող վնասի նվազեցմանը:

Մինչդեռ, արդեն կան լուսանկարներ՝ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքական զինուժի կողմից իրականացվող վայրագությունները փաստող, խաղաղ բնակավայրերի ռմբակոծման: Վերջիններիս թվում են նաև հայաբնակ շրջանները, ինչի կապակցությամբ ՀՀ իշխանություններն արդեն արել են հայտարարություն, շուտով կկայանա նաև Կառավարության դռնփակ նիստը՝ Սիրիայում ստեղծված վիճակի վերաբերյալ: