Ինչպես հաղորդել էինք, թուրքական զորքերը հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Թուրքական կրակի տակ են հայտնվել նաև հայաբնակ տարածքները, ուստի Հայաստանի իշխանությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:
Թուրքական օդային հարվածներին հաջորդել են մոտոհրաձգային ստորաբաժանումների գրոհները: Ներգրավված են նաև տանկեր: Թուրքիայի Զինուժն արդեն խորացել է 30 կմ: Հաղորդվում է, քրդական զինված ջոկատները լքել են թուրքական հարձակմանը ենթարկված շրջանները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կապ է հաստատել հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
Հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտգործնախարարությունը.
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:
Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։
Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։
Կառավարության նիստից առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիա: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև այդ գործողությունն ավելի կխորացնի մարդասիրական ճգնաժամը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: