Աշխաբադում կայացավ Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովում քննարկվում էր Մեծ Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված ուղերձի նախագծի ընդունման հարցը, որի շրջանակներում ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարները ելույթ ունեցան:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ֆաշիզմի մասին, անդրադարձավ հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ անվանելով «դավաճան» և Հայաստանի իշխանություններին մեղադրելով ֆաշիզմի քարոզումը շարունակելու մեջ: Նրա խոսքով՝ Նժդեհը համագործակցել է ֆաշիստների հետ և որպես ժողովրդի թշնամի՝ պատիժը կրել բանտում:
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությանը պատասխանեց կոշտ համեմատություններով՝ նշելով, որ Ալիևը խեղաթյուրում է պատմական փաստերը, իսկ Գարեգին Նժդեհը պայքարել է թուրքերի կողմից Հայաստանն օկուպացնելու դեմ, թուրքերի իրականացրած Ցեղասպանության դեմ, Նժդեհը կռվել է հանուն հայրենիքի, և ֆաշիստների հետ շփումը նույնպես եղել է հանուն հայ ժողովրդի:
Փաշինյանը կոչ արեց գագաթնաժողովի հարթակը չօգտագործել ստահոտ տեղեկություններ հրապարակելու համար և դրանով չվիրավորել մասնակիցներին: ՀՀ վարչապետն անդամ-պետությունների ղեկավարներին հորդորեց ուշադրություն չդարձնել նմանատիպ խեղաթյուրումների վրա և սևեռվել բուն թեմային, այն է՝ պետությունների միջև լավ հարաբերություններ հաստատելուն, միմյանց վստահելուն ու փոխադարձ համագործակցությանն ուղղված միջոցառումներին:
Իսկ բանտ նստեցվելու և բանտում մահանալու մասին Փաշինյանն ընդգծեց, որ Նժդեհն անարդարացիորեն է եղել Վլադիմիրի բանտում. այդ տարիներին բազմաթիվ ակնառու գործիչներին են մահացել բանտերում, և դա չի նշանակում, թե նրանք բոլորն էլ ժողովրդի թշնամիներ են եղել:
Գագաթնաժողովի ավարտին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում գիրքը:

Գրքի հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, ով եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, 1992-1996թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Ռուսաստանի կողմից և ԼՂ հարցում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը: