Թուրքական զորքերը Քոբանի շրջանում արկակոծել են Միստենուր բլրի մոտ գտնվող ամերիկյան զորքին: Հրանոթային համազարկի հետևանքով ամերիկյան 1 զինվորական է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:
Պարզվել է նաև, թուրքական արկակոծության տակ են հայտնել նաև ֆրանսիական հատուկջոկատայինները. նրանց շրջանում նույնպես վիրավորներ կան:
Թուրքերն, ինչպես նաև արևմտյան մամուլի որոշ ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, թե արկակոծությունը սխալմամբ է տեղի ունեցել: Ավելին, թուրքական մամուլը լծվել է հաղորդելու, թե իբր ամերիկյան և ֆրանսիական ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել ոչ թե թուրքական ուժերի, այլ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների կողմից՝ նպատակ ունենալով լարվածություն առաջացնել դաշնակիցների հարաբերություններում:
Ամեն դեպքում, ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ն օդ են բարձրացրել իրենց Ռազմաօդային ուժերը: Վերջիններիս սիրիական հրամանատարությունը չի հավատում պատահականությանը:
Պենտագոնը հաստատել է, որ արկակոծության է ենթարկվել ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման շրջանը Քոբանիում, բայց ամերիկացի զինծառայողների շրջանում վիրավորներ չկան:
Լրագրող Ժոզի Էնսորը պատմել է դաշնակիցների ամերիկյան ներկայացուցիչ-պաշտոնյաներից մեկի հետ զրույցի մասին: Ըստ նրա` թուրքերը տեղյակ են եղել, որ Միստենուրի բլրի հատվածում ամերիկյան ուժերն են տեղակայված, այստեղ այլ թիրախ չկա: Պաշտոնյայի խոսքով` թուրքերը դրանով փորձում են ամերիկացիներին վռնդել այդտեղից: էնսորի զրուցակիցը նշել է, որ եթե թուրքերին հաջողվի ամերիկացիներին դուրս նետել Քոբանիից, ապա ամեն ինչ վերջացած է…:
Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկացիները, ֆրանսիացիներն ու թուրքերը ՆԱՏՕ-ում դաշնակիցներն են, ուստի այս միջադեպը ռազմական համագործակցության առումով լրջագույն հետևանքներ կարող է ունենալ:
Հավելենք, որ վերջին շրջանում որոշակի լարվածություն էր առաջ եկել թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ կապված Անկարայի ինքնուրույն քաղաքականության հետ (Ռուսաստանից ռազմատեխնիկա գնելու և այլն):
Տեղեկացում
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևելք են մուտք գործել հոկտեմբերի 9-ին` Խաղաղության ակունք ռազմագործողությամբ: