Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սեպտեմբերի 8-ից վարչապետի պաշտոնում նշանակված Գախարիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերում առաջին անգամ է պաշտոնական այց կատարելու Երևան:
Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի վարչապետերի առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփոխ հայտարարություններով հանդես կգան Փաշինյանը և Գախարիան:
Գեորգի Գախարիան այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրաստանի նորանշանակ վարչապետն իր պաշտոնում առաջին պաշտոնական այցելությունները մեկնարկել է տարածաշրջանում. առաջինն այցելել է Բաքու:
Ադրբեջանում Գախարիան հայտարարել է, որ իր այցով ցանկանում է երկու երկրների բարեկամներին ու թշնամիներին ապացուցել, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չի լուծել ընկերաբար, եղբայրաբար:
Հիշեցնենք՝ տարեսկզբից վրաց-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել՝ կապված սահմանամերձ Գարեջի վանական համալիրի տարածքի հետ: Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա են սահմանային խնդիրներ, որոնք արդեն հասել են հասարակական մակարդակի. բազմաթիվ քաղաքացիական ակցիաներ են կազմակերպվում սահմանին, բախումներ են տեղի ունենում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է վանական համալիրի տարբեր հատվածներում ուղեկալներ տեղադրել: Վերջերս նաև ռազմաբազա էր տեղադրել իրեն վիճելի տարածքում: