Հոկտեմբերի 20-ին՝ կիրակի օրը, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի է ունենալու մեծ միջոցառում՝ Խնձորի փառատոն: Այն մեկնարկելու է Նոր Գեղիի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, իսկ բուն միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոնին հարակից տարածքում:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և իհարկե չորս մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։
Փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ:
Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։
ՕՐԱԿԱՐԳ
11:00- Պատարագ (խնձորի օրհնություն)
13:00- Լարախաղաց
15:00- Բացման խոսք
15:15- Խնձորի արձանի բացում
15:25- EXPO
17:00- Հյուրասիրություն
17:30- Երաժշտական դադար
18:00- Համերգային ծրագիր
Փառատոնին մասնակցելու հրավերը համայնքի ղեկավարն անձամբ է հանձնել հյուրերին:
Ազգային ժողովի տարածքում Վարդան Պապյանը պատգամավորներին է փոխանցել հրավեր-խնձորները՝ տեղեկացնելով միջոցառման մասին և հրավիրելով մասնակցելու: Պատգամավորները սիրով ընդունել են հրավերը: