Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են 18-րդ դինաստիային պատկանող (մ.թ.ա. 1550-1292թթ.) երկու տասնյակից ավել փայտե սարկոֆագներ: Բոլոր սարկոֆագները ներկված են վառ նախշերով և լավ պահպանված են: Դրանք հայտնաբերվել են Էլ-Ասասիֆի դամբարանադաշտում, որտեղ գտնվում են 15, 16 և 18-րդ դինաստիաների դամբարանները:
Եգիպտոսի հնությունների նախարարությունը հաղորդել է, որ գտածոն խոշորագույններից է և վերջին տարիների ամենաարժեքավորը: Այստեղ սարկոֆագները տեղադրված են եղել երկու շարքով՝ իրար վրա:
Հոկտեմբերի 19-ին հնագիտական պեղումների վերաբերյալ մամուլի ասուլիս է կայանալու, որտեղ հնագետներն ու նախարարության ներկայացուցիչները մանրամասն կխոսեն գտածոյի մասին:

Էլ-Ասասիֆի դամբարանադաշտը գտնվում է Արքաների հովտի հարևանությամբ, որտեղ Նոր թագավորության փարավոնների գերեզմաններն են հայտնաբերվել: Էլ-Ասասիֆում հիմնականում Հին Եգիպտոսի ուշ շրջանի դամբարաններն են՝ մ.թ.ա. 664-332թթ.: Այստեղ երկու դամբարաններ կան, որոնք վերաբերում են 18-րդ դինաստիային՝ Նոր թագավորության առաջին դինաստիային: Այս շրջանի փարավոններից են Ահմոս I-ը, Հաթշեփսուտը, Թութմոս III-ը, Ամենհոտեպ III-ը, Էհնաթոնը և Թութանհամոնը:
Այս տարածքում հայտնաբերվել է նաև արդյունաբերական գոտի՝ արտադրամասեր՝ ոսկերչական և այլ իրերի պատրաստման համար, ինչպես նաև վառարան՝ կերամիկական պարագաների այրման համար: