Extinction Rebellion (Ընդվզում մահացման դեմ) բնապահպանական շարժման կողմնակիցները մշակել են հատուկ ժեստերի լեզու՝ բողոքի ակցիաների ժամանակ միմյանց հետ շփվելու նպատակով:
Էկոակտիվիստները կազմակերպության անդամների համար մշակել են ձեռքերի հատուկ շարժումների ուղեցույց: Դրանց միջոցով, մասնավորապես, հնարավոր է վտանգի մասին զգուշացնել, մասնակիցներից ինչ-որ մեկին ձերբակալելու մասին տեղեկացնել մյուսներին: Հաղորդվում է, որ նմանատիպ ազդանշաններ ներկայումս օգտագործում են Հոնգ Կոնգում:
Կազմակերպության ներկայացուցիչներից Լիամ Գիրի Բոլչը նշել է, որ իրենց շարքերում կան տարեց մարդիկ, ովքեր ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու հարցում դժվարանում են, ուստի այս մեթոդը նրանց համար օգտակար կլինի:
Ուղեցույցը մշակվել է ժեստերի լեզվի բրիտանացի ուսուցչի կողմից և թողարկվել այն բանից հետո, երբ Լոնդոնի ոստիկանությունը Extinction Rebellion-ին արգելել է բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Էկոակտիվիստները որոշել են դատական կարգով չեղյալ համարել որոշումը:
2018թ. Մեծ Բրիտանիայում հիմնադրված Կազմակերպությունն իր առաջ խնդիր է դրել քաղաքագետների ուշադրությունը հրավիրել համաշխարհային խնդրի վրա՝ դրդելով ձեռնարկելու կլիմայի փոփոխությունը կանխելու միջոցառումներ: Extinction Rebellion-ը բողոքի միջոցառումներ է անցկացնում աշխարհի 60 քաղաքներում: Ապրիլ ամսին էկոակտիվիստները շրջափակել են Լոնդոնի տրանսպորտային հանգույցները, խոչընդոտել են մետրոյի աշխատանքը և փակել են Լոնդոնի ֆոնդային բորսայի շենքը: Այդ իրադարձությունների ժամանակ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան հազար մարդու: