Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է ամրապնդել հարաբերություններն աֆրիկյան պետությունների հետ: Նրա խոսքով՝ բազմաթիվ ռուսական ընկերություններ վաղուց և հաջողությամբ աշխատում են Աֆրիկայի տնտեսական ամենատարբեր ճյուղերի գործընկերների հետ և մտադիր են ընդլայնել այնտեղ իրենց գործունեությունը, ուստի այն կստանա պետական աջակցություն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է մրցակցել այլ պետությունների հետ՝ Աֆրիկայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Պուտինն այստեղ նկատի ուներ այն պետություններին, որոնք նույնպես ձգտում են ազդեցություն ունենալ Աֆրիկյան տարածաշրջանի հարուստ գոտիների նկատմամբ:
Մասնավորապես, ներկայումս Աֆրիկայով են հետաքրքրված նաև ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Պարսից ծոցի և այլ երկրներ: Դա պայմանավորված է մայրցամաքում տնտեսական պոտենցիալի, հսկայական ռեսուրսների առկայությամբ:
Դեռևս օգոստոս ամսին ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, Վաշինգտոնի իշխանություններին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել՝ Աֆրիկայում Ռուսաստանի և Չինաստանի լիակատար ազդեցությունը բացառելու համար: Ռազմական գործիչները զգուշացրել էին, որ Պեկինն ու Մոսկվան համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ձգտելով իրենց ազդեցությանը ենթարկել Աֆրիկայի նավահանգիստները, օդային տարածությունը, բազաները:
Այդ մասին է վկայում Ռուսաստանի կողմից աֆրիկյան երկրների՝ Մոսկվային ունեցած շուրջ 20 մլրդ դոլարի պարտքերի ներումը: Մի շարք երկրների հետ ազգային ծրագրերի վարկավորման ուղղությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր: Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել առաջիկա 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ապրանքաշրջանառությունը:
Վերջին հինգ տարում ռուս-աֆրիկյան ապրանքաշրջանառությունն աճել է կրկնակի անգամ՝ հասնելով 20 մլրդ դոլարի: Բայց Ռուսաստանի նախագահը սա փոքր թիվ է համարել:
Պուտինը նշել է, որ այդ 20 մլրդ-ից 7,7-ն իրականացվում է Եգիպտոսի հետ (40%), բայց Աֆրիկայի մյուս պետությունները ևս աճի մեծ պոտենցիալ ու զարգացման հեռանկարներ ունեն: Ռուսական բիզնեսն աստիճանաբար ավելի հետաքրքրվում աֆրիկյան երկրներով: Պատճառն այն է, որ Աֆրիկան դառնում է համաշխարհային տնտեսության զարգացման կենտրոններից մեկը:
Փորձագետների գնահատականով՝ 2050թ. աֆրիկյան պետությունների ՀՆԱ-ն կհասնի 29 տրլն դոլարի: Ռուսաստանն Աֆրիկան դիտարկում է որպես արտահանման ուղղություն, իսկ գյուղատնտեսությունը՝ որպես արտահանման խոշորագույն ճյուղ: ՌԴ Գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը նշել է, որ Ռուսաստանը սկզբնական շրջանում կարող է Աֆրիկա արտահանել հացահատիկ` ցորեն, գարի, արևածաղկի յուղ, թռչնամիս, հրուշակեղեն, ոչ ալկոհոլային խմիչքներ: Նախարարի խոսքով՝ ռուսաստանցի ձկնարտադրողները կարող են զարգացնել սառեցված ձկնամթերքի, մասնավորապես՝ սկումբրիայի և պուտասուի մատակարարումը:
Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն ու գագաթնաժողովն անց են կացվում Սոչիում՝ հոկտեմբերի 23-24-ը: Ռուսաստանի և Եգիպտոսի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառմանը հրավիրված են աֆրիկյան բոլոր՝ 54 պետությունների ղեկավարները: