Վաշինգտոնի Heritage Foundation հետազոտական ինստիտուտի փորձագետ Լյուք Քոֆֆին առաջարկել է Սիրիայի տարածքից դուրս բերված ամերիկյան զինուժը տեղափոխել Վրաստան:
Վերլուծաբանը գտնում է, որ ամերիկյան ստորաբաժանումները կարող են տեղակայվել Ախալքալաքում (Սամցխե-Ջավաքեթիի շրջան)՝ ռուսական նախկին ռազմաբազայի տեղում, որպեսզի տարածաշրջանից հեռու չլինեն և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքեն ահաբեկչական Իսլամական պետության վերականգման փորձերին:
Քոֆֆին նշել է, որ Ախալքալաքը գտնվում է Ռաքքայից 740 կմ հեռավորության վրա, ուստի կարող է ուշադրության կենտրոնում պահել Իսլամական պետության ահաբեկիչներին: Նրա խոսքով՝ ներկայումս Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով այս շաբաթ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից դուրս բերված ամերիկյան զինված ուժերը տեղափոխվել են Իրաքի արևմուտք: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպարի խոսքով՝ դրանք շարունակելու են գործողություններն ընդդեմ Իսլամական պետության: Միաժամանակ, հոկտեմբերի 24-ին Պենտագոնում հաստատել են, որ պատրաստ են հավելյալ ուժեր ուղարկել Սիրիայի հյուսիս-արևելք՝ նավթահանքերն ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանելու նպատակով:
Ամերիկյան քաղաքագետ, Ժառանգություն հիմնադրամի տնօրեն Լյուք Քոֆֆին (Luke Coffey) հայտնի է որպես Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ջատագով: Նա հաճախ է խոսում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Հյուսիսատլանտյան դաշինքում հայտնվելու Թբիլիսիի ցանկության հարցում աջակցել նրան: