Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների համար վերացնել հեռախոսային օպերատորների ռոումինգ ծառայությունը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն ստեղծված է առաջին հերթին անդամ-պետությունների քաղաքացիների համար, ուստի նրանցից յուրաքանչյուրը տնտեսական ինտեգրացիայի շոշափելի արդյունքը պետք է զգա:
Ասկար Մամինն առաջարկել է ինտեգրացիոն միավորման շրջանակներում սկսել հեռախոսային օպերատորների ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքները: Ղազախստանի վարչապետը խնդիր է համարել օրենսդրական տարբերություններն ու միջօպերատորային սակագները, բայց տեխնոլոգիաների առումով, ինչպես նշել է Մամինը, ծառայությունների մատուցման խնդիր չկա:
Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջարկվել է մշակել և իրականացնել համատեղ ծրագիր՝ օպերատորների կորուստներից խուսափելու նպատակով փուլային տարբերակով ռոումինգի չեղարկման վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը նիստի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խնդիր է դրվել՝ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման հարցն ուսումնասիրելու: Սարգսյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի ռոումինգի չեղարկման մոտեցումները և կանի առաջարկություններ: