Զոհվել է 19 մարդ, Բակեդանո հրապարակում փորձել են այրել դեպի մետրո տանող մուտքը: Նախագահն արտակարգ դրություն է հայտարարել:
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 1 միլիոն մարդ է դուրս եկել փողոց: Նրանք բողոքում են կառավարության քաղաքականությունից և փողոցներում զինվորականների ներկայությունից:
Մայրաքաղաքի ղեկավար Կարլա Ռուբիլար Բարահոնան է իր թվիթերյան էջում նշել ցուցարարների թիվը՝ հայտարարելով, որ պատմական օր է Չիլիի համար:
Ցուցարարները հիմնականում կենտրոնացած են Բակեդանոյի հրապարակում: Նրանք այստեղ փորձել են այրել մետրոյի մուտքը, բայց իրավապահները կասեցրել են: Մյուս թաղամասերում ցույցի ցրման համար ոստիկանությունը ջրցան է կիրառել:
Չիլիացիները դժգոհում են սոցիալական անհավասարությունից և պահանջում են սոցիալական ու տնտեսական քաղաքականության փոփոխություն: Ցուցարարները նաև պահանջում են չեղյալ համարել արտակարգ դրությունը և փողոցներից հեռացնել զինվորականներին: Վերջիններս բերվել են հասարակական կարգը պահպանելու նպատակով:
Անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների վերածված ցույցերը Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ից: Այդ ժամանակ մետրոյի ուղեվարձն ավելացել էր միջինը 30 պեսոյով (0,04$), իսկ առավելագույնը՝ 850 պեսոյով (1,2$): Ավելի ուշ անկարգություններն ընդգրկեցին նաև այլ քաղաքներ: Ստեղծված իրավիճակում Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան հայտարարել է արտակարգ դրություն և չեղարկել է ուղևորավարձի թանկացումը: Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով զոհվել է 19 քաղաքացի: