Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Մետրոպոլիտենի նոր կայարանի նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Կարապետյանը խոստացել է լրացուցիչ տեղեկացնել:
Ներկայացվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը: Հաղորդվում է, որ այն նախատեսում է կայարանի տեղակայում Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Այն հնարավորություն կտա մետրո մուտք գործել և դուրս գալ ձորի աջ ու ձախ կողմերից էլ: Պայմանական Աջափնյակ անունը ստացած կայարան հնարավոր կլինի մտնել Հալաբյան փողոցից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուսի փողոցից):
Քաղաքապետարանի մամուլի քարտուղարի խոսքով՝ ներկայացվող տարբերակը ենթադրում է մետրոպոլիտենի զարգացում Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով: