Վերջին տարիներին ռուսական փողոցներում մեծացել է հայկական համարանիշներով ավտոմեքենաների թիվը: Սկզբնական շրջանում ռուսաստանցիներին թվացել է, թե հայրենադարձներն են, բայց շուտով պարզվել է, որ մեքենաների տերերի մեծ մասը բնիկ ռուսաստանցիներ են: Նրանք, պարզապես, մեքենան գնել են Հայաստանից՝ խնայելով միջոցները:
Հայտնի է, որ Հայաստանում արտասահմանյան մեքենաներն ավելի մատչելի են, քան ԵԱՏՄ մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրասիական տնտեսական միությունում երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների համար սահմանված է ավելի բարձր մաքսատուրք, մինչդեռ Հայաստանի համար այն գործելու է 2020թ. հունվարի 1-ից:
Ներկայումս այդ տարբերակը կորցնում է իր արդիականությունը, քանի որ 2 ամիս անց այստեղ արտոնյալ ժամկետը կավարտվի: Ռուսաստանցիները, սակայն, գտել են այլընտրանքային տարբերակը. ավտոմեքենա կգնեն Աբխազիայից, որտեղ մաքսատուրքը նվազագույնն է:
Ավտոմեքենայի գնում՝ Աբխազիայից
Աբխազիայի միջոցով մատչելի մեքենա գնելու տարբերակները երկուսն են.
1. Մեքենան գնել աբխազական համացանցային աղբյուրներից կամ հենց տեղում՝ շուկայից.
2. Մեքենան պատվիրել համացանցային աճուրդից և մաքսազերծել Աբխազիայում:
Ավելի ձեռնտու տարբերակը 2-րդն է, որի դեպքում մաքսատուրքը կազմում է ընդամենը 20-30 հազար ռուբլի (մոտ 160-240 հազար դրամ): Սա վերաբերում է նույնիսկ պրեմիում դասի մեքենաներին: Ռուսաստանում նման աճուրդի պարագայում մի քանի անգամ ավելի թանկ է ստացվում:
Ծովային կոնտեյներները, բեռնված աճուրդից գնված ավտոմեքենայով, նախ ժամանում են Նովորոսիյսկ, ապա՝ Աբխազիա: Առաքումը տևում է մոտ 1,5 ամիս, որի ընթացքում գնորդը նախապատրաստում է հետագա շահագործման փաստաթղթերը: Այս փուլում գնորդը կարող է ընտրել միջնորդ կամ փորձել ամեն ինչ ինքնուրույն անել: Ամեն դեպքում՝ Աբխազիա գնալու անհրաժեշտություն առաջանում է:
Տարբերակ 1. Միջնորդի միջոցով փաստաթղթավորումը
Մեքենան ձեռք բերելուց և Աբխազիայում մաքսազերծելուց հետո այն պետք է հաշվառել տեղի Ճանապարհային ոստիկանությունում (վճարը՝ 10 հազար ռուբլի կամ մոտ 80 հազար դրամ): Ընդ որում՝ տրանսպորտային միջոցը պետք է պարտադիր հաշվառել Աբխազիայի քաղաքացու անվամբ: Վերջինս գնորդին պետք է գլխավոր լիազորագիր (Генеральная доверенность) տրամադրի: Այս փուլում խորհուրդ է տրվում դիմել միջնորդի (խոշոր գրասենյակներ կան Սոչիում և Ադլերում):
Միջնորդը ոչ միայն կօգնի գտնել անհրաժեշտ տիրոջը, այլև իր վրա կվերցնի աբխազական պետհամարանիշներով մեքենան ՌԴ տարածքում առանց մաքսային վճարների վարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը: Այդ նպատակով մեքենան իբր կհանձնվի աբխազական ընկերություններից մեկին՝ (ՍՊԸ) վարձակալության՝ կնքելով պայմանագիր: Այնուհետև միջնորդները կնքում են իրական տիրոջ գործուղման պայմանագիրը, որը թույլ կտա վարձակալած մեքենան առանց խոչընդոտների անցկացնել ռուս-աբխազական սահմանը: Միայն սահմանային անցակետում մաքսայինները կլրացնեն ժամանակավոր ներկրում ու վերջ: Այսքանից հետո գնորդը կարող է հպարտանալ, որ գնել է մատչելի մեքենա և առանց խոչընդոտի վարել մեքենան Ռուսաստանի տարածքում:
Տարբերակ 2. Ինքնուրույն փաստաթղթավորում
Եթե գնորդը չի ցանկանում կապ ունենալ միջնորդների հետ, ապա կարող է գնել աբխազական ՍՊԸ կամ նորը հիմնել իր անվամբ, որի վրա էլ կհաշվառվի մեքենան: Այս դեպքում գործուղման փաստաթղթերը պետք է ինքնուրույն լրացնել: Այս տարբերակով գնորդը խնայում է միջնորդին վճարելիք գումարը, սակայն պետք է վճարել ՍՊԸ-ի բացման տուրքը, նոտարական վճարները և հատկացնել կանոնադրական կապիտալ (18 հազար ռուբլի կամ մոտ 140 հազար դրամ): Հետագայում սեփականատիրոջից կպահանջվի նաև ներկայացնել ՍՊԸ-ի պարտադիր հաշվետվությունները:
Ընդհանուր առմամբ՝ ինքնուրույն ձևակերպելու դեպքում շատ խնայելը չի ստացվի: Միջնորդները, բացի տեղում փաստաթղթավորումը, կարող են նաև կատարել գնման գործընթացը: Գնորդը կարող է ներկայացնել պատվերը և մեքենան վերցնել սահմանից:
Հավելում
Տեղեկատվությունն ամբողջական չէ. յուրաքանչյուր պետության համար սահմանվում են մեքենայի շահագործման ընթացքում ծագող հարցերի կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնել: Տեղեկությունն ուսումնասիրված է Ռուսաստանի համար, իսկ Հայաստանի գնորդներին խորհուրդ ենք տալիս մանրամասն ուսումնասիրել իրավակարգավորումները: