Հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները սերունդներ շարունակ հետաքրքրական են ու ոգեշնչող: Նրա գյուտերի ցանկում, ուղղաթիռի ու անկարգելի կողքին, կա նաև 280 մետրանոց կամուրջի նախագիծ: Այն ժամանակին առաջարկվել է օսմանյան Բայազեթ 2-րդ սուլթանին: Վերջինս, սակայն, չի խիզախել այն կառուցելու համար՝ հավանաբար անիրատեսական թվալու պատճառով:
Ամերիկացի հետազոտողները գործն ավարտին են հասցրել՝ ստեղծելով մասշտաբային մանրակրկիտ մոդելը: Այն անցել է բոլոր փորձարկումները. արդյունքն ապշեցուցիչ է:

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի երիտասարդ գիտնական-հետազոտողների խումբը հետաքրքրվել է Լեոնարդոյի յուրօրինակ, ամբիցիոզ նախագծերից մեկով՝ Օսմանյան կայսրության սուլթան Բայազեթ 2-րդի համար նախագծված կամուրջով:
Այն նախատեսված է եղել Կոստանդնուպոլիսը (ներկայումս՝ Ստամբուլ) Գալաթա (Քարաքյոյ) քաղաքները Ոսկեղջյուրի ծոցի վրայով իրար կապելու համար: Լեոնարդոն նախագծել է միակամար, 280 մ երկարությամբ, հետաքրքիր կառուցվածքով նորարարական կամուրջ: Սակայ այդ ժամանակի համար տարօրինակ կամուրջը վախեցրել է օսմանցիներին, և նախագիծը մնացել է թղթի վրա:

Մոտ 500 տարի անց հետազոտողները փորձել են հասկանալ, թե նախագիծն իրականում հնարավո՞ր էր իրագործել: Կարլի Բաստը պրոֆեսոր Ջոն Օքսենֆորդի և Միշել Սեի հետ բազմակողմանի ուսումնասիրել է մանրուքները, դիտարկել հնարավոր նյութերը և կառուցման մեթոդները, որոնք հասանելի էին միջնադարում: Ուսումնասիրվել են նաև նախատեսված աշխարհագրական տեղադիրքի պայմանները:
3D տպիչի օգնությամբ պատրաստվել է նախատեսված վայրի բաղադրությամբ 126 աղյուս: Փոքրացված տարբերակում կատարվել են «շինարարական» այն գործողությունները, որոնք կարվեին իրական կամուրջի կառուցման ժամանակ: Կառուցվածքը ստանալուց հետո մասնագետները հեռացրել են հավելյալ պարագաները. կամուրջը կանգնել է:
Չնայած այն հանգամանքին, որ մոդելը 500 անգամ փոքր էր իրականից, ամերիկացիներին հաջողվել է փորձարկումներն իրականացնել՝ ստուգելով նաև ծանրությանը, ինչպես նաև երկրաշարժին դիմակայելու հնարավորությունը: Փորձի արդյունքում հաստատվել է, որ Լեոնարդո դա Վինչիի նախագիծն իրատեսական է: Եթե այն կառուցվեր օսմանյան սուլթանի համար, կհանդիսանար աշխարհի ամենաերկար կամարով կամուրջը՝ ռեկորդը չզիջելով մի քանի հարյուր տարի:

Լեոնարդո դա Վինչիից ավելի հանճարեղ մարդ պատմությանը հայտնի չէ: Նրանից մնացած հուշատետրերում նշումներ կան անատոմիայի, այն ժամանակվա համար անհավատալի սարքավորումների նախագծերի համար:
Դա Վինչին ապրել է 1452-1519թթ., նա նկարիչ էր, գրող, երաժիշտ, հետազոտող՝ ամենատարբեր ոլորտների, գիտնական և գյուտարար: Որոշ տեղեկություններ կան նաև նրա՝ հայկական ծագման մասին, սակայն ապացուցված չեն. աշխարհը դա Վինչիին ճանաչում է որպես իտալացի: