Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ալաշկերտ ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ: Մամուլում շրջանառվում էր, որ նախատեսված է եղել Ալեքսանդր Գրիգորյանի հետ պայմանագրի կնքում, սակայն վերջին պահին Արթուր Վանեցյանը չեղյալ է արել Գրիգորյանի հետ պայմանավորվածությունները:
ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն է Խաշմանյանին նշանակել որպես գլխավոր մարզիչ: Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել Մեսրոպ Առաքելյանն ու Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ՀՖՖ նախագահը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունք չունի:
ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը մեջբերել է Կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետը, ըստ որի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես անթույլատրելի է համարել ՀՖՖ նախագահի նման վարքագիծը:

Նախարարը նշել է, որ ՀՖՖ նախագահի նման վարքագիծը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի անհաջողություններից հետո գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել: Նոր մարզչի թեկնածու էր առաջադրվել ռուսաստանաբնակ Ալեքսանդր Գրիգորյանը: Սակայն վերջին պահին նրա հետ պայմանագիրը չի կնքվել: Փոխարենն ընտրվել է Աբրահամ Խաշմանյանը: