Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին կհանդիպեն Վաշինգտոնում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը կասկածի տակ էր դրել այդ հանդիպման կայացումը՝ պայմանավորված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմամբ:
Նոյեմբերի 13-ի հանդիպման վերաբերյալ վերջնական համաձայնության կողմերը եկել են նոյեմբերի 6-ի հեռախոսազրույցի ժամանակ: Հաղորդվել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում է հաղորդել հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ շատ լավ զրույց է ունեցել և Էրդողանին անհամբեր սպասում է Սպիտակ տանը:
Էրդողանը Թրամփին տեղեկացրել է, որ թուրքական ուժերն իսլամական բազմաթիվ գրոհայինների են գերի վերցրել, որոնց թվում են նաև սպանված ահաբեկիչ Ալ Բաղդադիի կինն ու քույրը:
ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև թուրք-սիրիական սահմանին, ահաբեկչության ոչնչացմանն ու քրդերի հետ թշնամանքի կասեցմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, նախագահների հեռախոսազրույցին զուգահեռ, տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ԱՄՆ նախագահական ապարատում դեմ են Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերջնական ընդունմանը, քանի որ դրանով կվատանան թուրք-ամերիկյան առանց այն էլ լարված հարաբերությունները: