Ծխախոտը պետք է փաթեթավորված լինի 50 կամ 100 գրամանոց տուփի մեջ, որոնց վրա պետք է սոսնձված լինի ակցիզային պիտակը: Այս իրավակարգավորումը նպատակ ունի նվազեցնել տնային պայմաններում պատրաստվող ծխախոտի օգտագործման աճող ցուցանիշները: Միաժամանակ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի, Վրաստանը շարունակում է մնալ շատ ծխողների երկիր:
Վրաստանի Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ նոյեմբերի 21-ից արգելվում է ծխախոտային չփաթեթավորված ցանկացած տեսակի արտադրանքի իրացումն ու առաքումը: Տան պայմաններում ծխախոտ պատրաստողների թիվը վերջին տարում կտրուկ աճել է. եթե 2017թ. ծխողների ընդամենը 0,8%-ն էր ինքնափաթեթ գլանակ օգտագործում (հարցման տվյալներով), ապա 2018թ.՝ 2,4%-ը, իսկ արդեն 2019թ.՝ 21%-ը:
Մասնավորապես, արգելվում է չփաթեթավորված ծխախոտային հումքի, ծխամորճի, ինքնափաթեթ գլանակների, ինչպես նաև նարգիլեի համար նախատեսված ծխախոտի իրացումն ու առաքումը: Նշված ապրանքատեսակների իրացումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ փաթեթավորված կլինեն 50 կամ 100 գրամանոց առաջնային փաթեթավորմամբ: Վերջինիս վրա պետք է սոսնձված լինի ակցիզային պիտակը:
Յուրաքանչյուր տուփի կամ ծխախոտային արտադրանքի բլոկի վրա պետք է նշված լինի բժշկական նախազգուշացումը, ինչպես նաև այլ պահանջներ՝ Ծխախոտի վերահսկման մասին Վրաստանի օրենքով սահմանված: Նոյեմբերի 21-ից արգելվում է նաև էլեկտրոնային սիգարետների օգտագործման համար նախատեսված հեղուկների իրացումը:
Օրենքի պահանջները խախտողները կենթարկվեն տուգանքի 2 հազար լար կամ 673 դոլար: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է՝ 4 հազար լարի կամ մոտ 1,3 հազար դոլար:
Բարձր գինը՝ ծխելու դեմ պայքարի միջոց
2017թ. հունվարից ֆիլտրով ծխախոտի 1 տուփի համար ակցիզային հարկն ավելացել է 0,6 լարիով կամ 0,2 դոլարով՝ դառնալով 1,7 լարի կամ կես դոլար: Երկու տարի անց հավասարեցվեցին նաև ֆիլտրով ու առանց ֆիլտրի ծխախոտի ակցիզային վճարները:
Ավելին, 2018թ. դեկտեմբերի վերջին տուփի արժեքից կախված 10-30 տոկոսով ավելացվել է նաև ֆիլտրով ծխախոտի ադվալորային (արժեքային) մաքսատուրքը: Արդյունքում Վրաստանում երկու տարվա ընթացքում ծխախոտի գինը գրեթե 2 ու կես անգամ թանկացել է:
Արդյունքում Վրաստանի քաղաքացիներն ավելի շատ սկսեցին տնային պայմաններում պատրաստել ծխախոտ և իրացնել դրանք: Թեև վրաց իշխանությունները բարձրաձայնում են ծխախոտի օգտագործման նվազման մասին, այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն Վրաստանը շարունակում է համարվել շատ ծխողների երկիր. ծխում է բնակչության 33%-ը: