Թբիլիսիում նոյեմբերի 14-ին մեկնարկել են բողոքի ցույցեր. վրաց խորհրդարանը չի ընդունել սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսվում էր փոփոխել ընտրական համակարգը՝ անցնելով միայն համամասնական ընտրակարգի:
Խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների տապալումից հետո մեծամասնական ընտրակարգից դժգոհ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ փակելով կենտրոնական Ռուսթավելի փողոցը: Բողոքի ցույցերի մասնակիցները խոստացել են շարունակել ակցիան՝ փակելով մյուս փողոցները: Նրանք շրջափակել են խորհրդարանի շենքը:
Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում քննարկվել է օրինագիծ, որի ընդունման դեպքում 2020թ. խորհրդարանական ընտրությունները կանցկացվեին միայն համամասնական ընտրակարգով: Վրաց իշխանությունները այդ փոփոխությունները խոստացել էին իրականացնել հունիսին տեղի ունեցած հակառուսական ցույցերից հետո: Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել:
Ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ սա իշխող Վրացական երազանք կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից կազմակերպված դերասանական խաղ էր: Նրանց համոզմամբ՝ ընտրական համակարգի ներկայիս վիճակը՝ մեծամասնական և համամասնական (խառը) ընտրակարգը, ձեռնտու է իշխող կուսակցությանը և կարող է էլ ավելի ամրապնդել դիրքերը:
Իշխանական կուսակցությունից 39 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: 3 դեմ, 101 կողմ ձայների հարաբերակցությունը թույլ չի տվել անցկացնել նախագիծը. անհրաժեշտ էր 113 կողմ: Օրինագծի տապալման պատճառով Վրացական երազանքից 7 պատգամավոր դուրս են եկել խմբակցությունից՝ դժգոհելով գործընկերների վարքից: