Վրաստանի Խորհրդարանի իշխող Վրացական երազանք խմբակցությունից արդեն 12 պատգամավոր մանդատը վայր է դրել: Պատճառը նոյեմբերի 14-ի դեպքերն են, երբ օրենսդիր մարմինը տապալել էր Վրաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը: Այն հանգեցրել էր զանգվածային դժգոհությունների, սկսվել էին ցույցեր:
Ադրբեջանական մամուլում երկու երկրների միջև առկա լարվածության ետնապատկերում քննարկվում է Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահ, վրաց-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Զիադ Ձիձիգուրին հրաժարականը: Վերջինս մանդատը վայր է դրել՝ թողնելով Խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը:
Ձիձիգուրիից բացի պաշտոնապես հրաժարական են ներկայացրել օրենսդիր մարմնի այլ ներկայացուցիչներ ևս՝ մյուս փոխխոսնակը՝ Թամար Ջուղոշվիլին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավան, Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան և այլն:
Իշխող Վրացական երազանք կուսակցության քարտուղար Իրակլի Կոբախիձեն հաղորդել է, որ քննարկվում է Խորհրդարանում ազատված տեղերի համալրման հարցը: