Պետության զավթում՝ սահմանադրությամբ. հունգարական և հայկական զուգահեռներ. Արմեն Գրիգորյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գործընկեր փորձագետ, Եվրասիա ժողովրդավարական անվտանգության ցանցի գործընկեր Արմեն Գրիգորյանի հոդվածը.

Ներածություն

2012թ., երբ նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո հայերի մեծամասնության ընկալումը, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ է կարևոր, եթե ոչ վճռորոշ դեր խաղացել տխրահռչակ մարդասպանի արտահանձնման որոշման կայացման առումով, բավականին ճշգրիտ էր: Փոքր-ինչ հեգնական է, որ Օրբանի որոշ գործողություններ օրինակելի են դարձել նախկին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ կապված որոշ քաղաքական դերակատարների համար:

2012թ. ՀՀԿ-ին առնչվող ազգայնական ակտիվիստները ձվեր և լոլիկներ նետեցին Երևանում Հունգարիայի պատվո հյուպատոսի գրասենյակի ուղղությամբ և այրեցին Հունգարիայի դրոշը: Սակայն վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ կուսակցությունը հունգարական գործընկերների հետ կապ է պահում՝[i] հավանաբար նկատի ունենալով Օրբանի ղեկավարած Ֆիդես կուսակցությունը, քանի որ երկուսն էլ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ են: Մյուս կողմից, որևէ կասկած չկա, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հունգարիայի հետ լիարժեք հարաբերությունները վերականգներ, նրա ընդդիմախոսները, ներառյալ ՀՀԿ-ը, ամպագոռգոռ հայտարարություններ կանեին ազգային շահերի դավաճանության մասին:

Միևնույն ժամանակ, քանի որ ՀՀԿ-ն այժմ ամեն կերպ իշխանության վերադառնալ է ձգտում, նրան հարող որոշ խմբեր իրենց դավադրության տեսություններով և «այլընտրանքային աջերի» գաղափարախոսությունը հիշեցնող այլ հատկություններով աչքի ընկնող ազգայնական-պահպանողական օրակարգը լրացնում են, մասնավորապես, քաղաքականության որոշակի ոլորտում Հունգարիայի օրինակին հետևելու նպատակով՝ պահանջելով դադարեցնել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեությունը[ii]: Դեռևս ամբողջապես պարզ չէ՝ արդյո՞ք Օրբանի քաղաքականությանը հավանություն տալը հայերի համար զգացմունքային որոշ խնդիրներից անտեղյակ օտարերկրյա խորհրդատուների առաջարկով է տեղի ունենում, թե պարզապես մատնանշում է աջակողմյան ամբոխավարների՝ օտարերկրյա համապատասխան գործընկերների հետ կապերը զարգացնելու ցանկությունը: Նմանատիպ կապեր հաստատելու փորձեր մասնավորապես «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ արդեն ի հայտ են եկել[iii]:

ՀՀ սահմանադրական փոփոխությունների՝ այնքան էլ չնախատեսված արդյունքը

2015թ. Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխություններն ամենաապահով ուղին էին թվում այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի համար, ով պետք է լուծեր երկրորդ նախագահական ժամկետից հետո իշխանությունը պահելու խնդիրը: Սարգսյանն ու իր շրջապատը խորհրդարանական համակարգին անցումը ենթադրաբար համարեցին ամենաանվտանգ տարբերակը, որը նախընտրելի էր թե՛ ռուսական մոդելից, այսինքն «տեղապահ» նշանակելուց և հինգ տարի հետո կրկին ընտրություններին մասնակցելուց, թե՛ ադրբեջանական մոդելից՝ երրորդ նախագահական ժամկետի սահմանադրական արգելքը վերացնելուց: Այդ մոդելներից յուրաքանչյուրի դեպքում իշխանության վերարտադրությունը կարող էր խնդրահարույց դառնալ, քանի որ նախագահական ընտրություններն ավանդաբար ուղեկցվել են ընդդիմության մոբիլիզացիայով և զանգվածային ցույցերով՝ սպառնալով վարչակարգի կայունությանը[iv]: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների իրական արդյունք Թավշյա հեղափոխությունն անսպասելի էր:  

Այդուհանդերձ, ինչպես ցույց տվեց ներկայիս քաղաքական ճգնաժամը, Սահմանադրական դատարանի ներգրավմամբ, սահմանադրական բարեփոխումները, ի հավելումն դե ֆակտո երրորդ ժամկետն ապահովելու և հետագայում Սարգսյանի իշխանությունը պահելու փորձի, կատարվել են մի եղանակով, որը թույլ կտար ՀՀԿ-ին պահպանել դատական և մի շարք այլ համակարգերի նկատմամբ վերահսկողությունը: Արդյունքում, ՀՀԿ-ի կողմից նշանակված բազմաթիվ պաշտոնյաներ չեն կարող հեռացվել պաշտոններից, եթե հրաժարական չտան: Իրավիճակը, ըստ էության, հավասարազոր է Սահմանադրությամբ պետության զավթմանը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, չնայած խորհրդարանի երկու երրորդի աջակցությունն ունենալուն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խուսափել երկարատև քաղաքական ճգնաժամից՝ առանց պետության զավթումը դատապարտող հռչակագրի ընդունման և նոր Սահմանադրության ընդունումը նախաձեռնելու:

Հայկական տեսանկյունից արժե ավելի ուշադիր ուսումնասիրել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հունգարիայում վերջին տարիներին: Մասնավորապես դա հնարավորություն է տալիս որոշ զուգահեռներ անցկացնել երկու երկրներում տեղի ունեցող գործընթացների միջև։ Նման համեմատությունն օգտակար կլինի որոշ ընդհանուր միտումներ ավելի լավ հասկանալու համար:

Հունգարական զուգահեռներ

2010թ. խոհրդարանական բացարձակ մեծամասնություն ստանալուց հետո վարչապետ Օրբանն օգտվեց առիթից Հունգարիայի Սահմանադրությունը վերանայելու համար: Արդյունքում Սահմանադրական դատարանը, դատական համակարգը, Կենտրոնական բանկը, Աուդիտի պետական ծառայությունը, Ազգային հարկային խորհուրդը, դատախազությունը, լրատվական ոլորտը կարգավորող և այլ պետական հաստատություններ հայտնվեցին Օրբանի կողմից նշանակած պաշտոնյաների կատարյալ վերահսկողության տակ, ինչը հանգեցրեց զսպումների և հակակշիռների համակարգի գործնականում անհետացմանը[v]: Բեռլինի Հումբոլտի համալսարանի հրավիրյալ դասախոս Դանիել Հեգեդյուշը ներկայումս առկա իրավիճակը որակել է «պետության զավթում՝ ամրագրված Հունգարիայի հիմնարար օրենքով»[vi]:

Ընտրական համակարգը վերակազմավորվեց հօգուտ Ֆիդեսի՝ հաղթանակի հնարավորություն ընձեռելով նույնիսկ ավելի քիչ քվեներ ստանալու դեպքում. 2018թ. Ֆիդեսը երրորդ անգամ անընդմեջ ստացավ երկու երրորդ մեծամասնություն՝ չնայած ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացել էին հարյուր հազարով ավելի քվե[vii]: Բացի ընտրատեղամասերի սահմանները փոփոխելուց Ֆիդեսը մեծապես շահեց հարևան Սլովակիայում, Սերբիայում, Ռումինիայում և Ուկրաինայում բնակվող էթնիկ հունգարացիների քվեներից, ովքեր ստացել էին քաղաքացիություն և համամասնական համակարգով քվեարկելու իրավունք՝ հնարավորություն ստանալով քվեարկել փոստի միջոցով: 2014թ. ընտրություններում հարևան երկրներում բնակվող քաղաքացիների քվեների ավելի քան 95 տոկոսը հօգուտ Ֆիդեսի էր[viii]. նմանատիպ իրավիճակ գրանցվեց նաև 2018թ.: Ավելին, 2018թ. Ուկրաինայի Զակարպատիե մարզից բազմաթիվ ընտրողների գրանցեցին Հունգարիայի արևելյան գյուղերում՝ որոշ մեկ հարկանի տներում գրանցելով մինչև 200 անձի՝ դրանով իսկ հնարավորություն տալով քվեարկել նաև մեծամասնական ընտրատարածքներում և այնուհետև ընտրության օրն ավտոբուսներով տեղափոխեցին ընտրական տեղամասեր: Ավելին, Ֆիդեսի գերակայությանը վերջին ընտրություններում, ամենայն հավանականությամբ, նպաստել է նաև ընտրակեղծարարությունը՝ քվեներ գնելը, ընտրողներին քվեարկել պարտադրելը, փոստով ուղարկված քվեների կեղծումը, քվեաթերթիկների կորուստը և արդյունքների ամփոփման համար օգտագործվող համակարգչային ծրագրի անսարքությունները[ix]:

Օրբանի քննադատների մեծ մասն այն կարծիքին է, որ նրա երրորդ անընդմեջ հաղթանակը հասունացող ավտորիտարիզմի նշան է: 2018թ. ընտրություններից առաջ արդեն նշվեց, որ Օրբանին հաջողվել է «կառուցել յուրօրինակ անլիբերալ պետություն, որում չկա իր իշխանության զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգ, կառավարությունն օգտագործում է հանրային լրատվամիջոցներն իր տեսակետները տարածելու և հակառակորդների վրա հարձակումների համար, իսկ կառավարության հետ սերտաճած օլիգարխները գնալով ավելի մեծ ազդեցություն ունեն տնտեսության վրա»[x]: Նաև նախազգուշացումներ եղան, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ. «Հունգարիայում ոչ միայն օրենքի գերակայությունն է վտանգված: …Եթե չենք համարում, որ ժողովրդավարությունը կմնա այդպիսին, քանի դեռ ընտրությունների օրը կառավարությունը չի լցոնում քվեատուփերը, հարկ է պնդել, որ ժողովրդավարությունը որպես այդպիսին վտանգված է: …Այս ընտրությունները հավանաբար վերջինն են Հունգարիայի՝ արդեն իսկ լրջորեն թուլացած ժողովրդավարությունից անցման ճանապարհին, դեպի այն, ինչը քաղաքագետներն անվանում են լիարժեք ընտրական ավտորիտարիզմ. ընտրություններ ապագայում էլ կանցկացվեն, սակայն իշխանափոխությունը, ըստ էության, անհնար կլինի»[xi]: Հեգեդյուշը նույնպես նշել է. «Հաշվի առնելով ավտորիտարիզմի շարունակական ամրապնդումը, ինչպես նաև Օրբանի՝ հակառակորդներին ուղղված բացահայտ սպառնալիքները՝ … սա, թերևս, կլինի վերջին ազատ ընտրությունը Հունգարիայում, եթե նա կարողանա պահել իշխանությունն իր ձեռքում: …Եթե Օրբանը կրկին հաղթի, Հունգարիայի անլիբերալ պետությունը շուտով կվերածվի ավտորիտարի»[xii]:

Լրատվամիջոցները, փորձագետները և քաղաքականության պատասխանատուները  Եվրոպայում և այլուր ուշադրությամբ հետևում են նաև այն մեթոդներին, որոնք կիրառվել են Օրբանի ընտանիքին և մերձավորներին հարստացնելու համար: Այսպես, Օրբանի՝ 2010թ. վարչապետ դառնալուց հետո ընդամենը ինը տարի պահանջվեց, որ ամենահարուստ հունգարացի՝ մեկ միլիարդ եվրոյից ավելի կարողությամբ, դառնար նրա մանկության ընկեր, նախկինում գազի սարքեր սպասարկող Լյորինց Մեսարոշը, ով պարծենում է, թե «ավելի խելացի է, քան Մարկ Ցուկերբերգը» և ասում, թե իր կարողությամբ պարտական է «Աստծուն, բախտին և Վիկտոր Օրբանին»[xiii]: Այդ հարստության զգալի մասը կուտակվել է պետական գնումների շնորհիվ՝ ջրամատակարարման համակարգերի, ճանապարհաշինության ու այլ ոլորտներում և ծխախոտի մենաշնորհային խանութների կոնցեսիայից[xiv]: Օրբանի հայրն ու երկու եղբայրները հարստացել են կասկածելի մասնավորեցման գործարքների և պետական միջոցներով շինարարական նախագծերի շնորհիվ, իսկ Օրբանի փեսա Իշտվան Տիբորցը նույնպես մեծապես շահել է կասկածելի պետական գնումներից և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերից, որոնք հաճախակի բաշխվել են առանց մրցակիցների տենդերների միջոցով[xv]: Յուրայիններին           հարստացնելու Օրբանի մեթոդների զավեշտալիության մակարդակը մասնավորապես ընդգծվել է 2015թ. ընդունված պետական գնումների մասին օրենքի հետ կատարվածով: Այն նախապես ներառել էր կետ, որով բարձրագույն պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին արգելվում էր պետական գնումների հայտեր ներկայացնել, սակայն մեկ ամիս անց խորհրդարանը պարտադրված էր փոփոխել օրենքը՝ հնարավոր դարձնելով ընտանիքի անդամների մասնակցությունը հայտերին, եթե նրանք նույն տանը չեն բնակվում[xvi]:

Նմանություններ և հնարավոր լուծումներ

Արժե կրկին ամփոփել այն, ինչ տեղի է ունեցել Հունգարիայում 2010թ. սկսած՝ ավտորիտարիզմի սպասումներ հարուցելով: Սահմանադրությունը փոփոխվել է իշխող կուսակցության օգտին: Մասնավորապես, վերացվեց զսպման և հակակշիռների համակարգը՝ գործադիրին տալով բոլոր պետական կառույցները և հանրային լրատվամիջոցներն արդյունավետորեն վերահսկելու հնարավորություն: Ընտրական համակարգը պարբերաբար փոփոխվել է՝ անհամաչափ առավելություն տալով իշխող կուսակցությանը: Բացի այդ հարևան երկրներում բնակվող ազգակիցներին տրվել է քաղաքացիություն և քվեարկելու իրավունք՝ լրացուցիչ առավելություն տալով Ֆիդեսին: Վարչապետի հարազատներն ու ընկերները հարստացան:

Իհարկե, Օրբանի անլիբերալ ռեժիմն ունի այլ առանձնահատկություններ ևս: Բալինտ Մադյարը նշել է, որ քաղաքական իշխանության մենաշնորհ հաստատելուց հետո իշխող կուսակցությանը հավատարմություն չհայտնած խոշոր բիզնեսին կա՛մ պարտադրվում է լոյալ դիրքորոշում, կա՛մ էլ այն դառնում է տնտեսապես ոչնչացվելուն ուղղված գործողությունների թիրախ: Սեփական քաղաքական հավակնություններ ունեցող մրցակից մեծահարուստները բախվում են ուղղակի պետական հարկադրանքի, բայց տուժում են նաև նրանք, ովքեր պարզապես փորձում են խուսափել «քաղաքական մաֆիայի ընտանիքին» լիարժեք հավատարմությունից[xvii]: Ինչ վերաբերում է կրթական և մշակութային քաղաքականությանը, ապա նախատեսվում է ընդլայնել «հայրենասիրական դաստիարակության» ծրագիրը՝ ներառելով միջնակարգ դպրոցներում պարտադիր զինվորական պատրաստությունը, ինչն ի վերջո կարող է կրթական համակարգը վերածել գաղափարական հրահանգման վայրի[xviii]: Օրբանի «անլիբերալ» պետության բնութագրիչ հատկությունների ցանկը կարող է ավելի երկար լինել:

Ակնհայտ է, որ Թավշյա հեղափոխությանը նախորդած մոտ երկու տասնամյակում Հայաստանը շատ նմանություններ ուներ ներկայիս հունգարական համակարգի հետ: Դատական համակարգը, Կենտրոնական բանկը, մեդիա կարգավորողը և այլ պետական կառույցներ ենթարկվել են գործադիրին: Ընտրական համակարգը շարունակաբար օգտագործվել է ՀՀԿ-ի և նրա դաշնակիցների առավելությունն ապահովելու համար: 2005թ. ընդունված սահմանադրական փոփոխություններով հնարավոր դարձավ քաղաքացիություն տալ արտասահմանում բնակվող հայերին, Ջավախքի բնակիչներն ընտրող դարձան՝ մեծ քանակությամբ գրանցվելով հայաստանյան որոշ հասցեներում, որոնք ընտրությունների ժամանակ ավտոբուսներով տեղափոխվել են ընտրատեղամասեր (մինչդեռ երկքաղաքացիություն չունեցող և արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին, որոնց մեծ մասը քննադատաբար էր տրամադրված կառավարության նկատմամբ, արգելվեց քվեարկել): Պետական պաշտոնյաները, նրանց ազգականներն ու ընկերները հարստացան: Ոստիկանությունն ու հարկային մարմինները ճնշում էին իրականացնում ընդդիմությանն աջակցած կամ իրենց քաղաքական հավակնությունները ցուցաբերել համարձակված օլիգարխների նկատմամբ. ամենահայտնի դեպքը 2015թ. Ս. Սարգսյանի անձնական վիրավորանքներն էին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին, որոնց հաջորդեցին հարկադրման գործողությունները: Ինչ վերաբերում է «հայրենասիրական դաստիարակությանը», Հայաստանում այն փաստացի ներդրվեց Քոչարյանի և Սարգսյանի նախագահության ընթացքում՝ նախ դաշնակցական գաղափարախոսությունն առաջխաղացրած Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի, այնուհետև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի կողմից, ովքեր դպրոց ներմուծեցին ռազմահայրենասիրական քարոզչությունը, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմություն քողարկված կրոնական քարոզչությունը: Ամենակարևորն այն է, որ ի լրումն նախագահի պաշտոնը երկու ժամկետից ավելի զբաղեցնելու արգելքը շրջանցելու՝ 2015թ. ընդունված սահմանադրական փոփոխություններն ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրեցին ՀՀԿ-ի արտոնյալ դիրքը. ներմուծվեց մեխանիզմ, որն ապահովում է հսկողություն որոշ կառույցների, ամենակարևորը՝ Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ, ինչը նախորդ վարչակազմին թույլ է տվել ունենալ վերահսկողություն նույնիսկ առանց խորհրդարանում ներկայացված լինելու: Հնարավոր է նաև այլ զուգահեռներ անցկացնել:

Հունգարիայում տեղի չեն ունեցել ընտրակեղծիքներ նույն մակարդակով, ինչպես Հայաստանում, և չեն եղել ընդդիմության թեկնածուների ու վստահված անձանց նկատմամբ զանգվածային բռնություններ՝ ներառյալ ծեծը, առևանգումները, բանտարկումները կամ զենք կիրառելը, ինչպես եղավ 2008թ. մարտի 1-ին: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվեց, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հունգարիան հասել է մի իրավիճակի, երբ միգուցե «ընտրություններ ապագայում էլ կանցկացվեն, սակայն իշխանափոխությունը, ըստ էության, անհնար կլինի»: Նույն կերպ, Հայաստանում նախորդ վարչակարգի պայմաններում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անհնար էր: Ինչպես նախկինում մի առիթով նշվել էր, 2008թ. մարտի 1-ից հետո բանակցված իշխանափոխությունը, որի համար կպահանջվեին այն ժամանակվա իշխանության կողմից կազմակերպված ազատ ընտրություններ, արդեն իսկ դարձել էր ոչ իրատեսական սցենար, այնպես որ վարչակարգի կոլապսին և տապալմանը հասնելու նպատակ ունեցող քաղաքացիական անհնազանդությունը մնացել էր ոչ բռնի իշխանափոխության միակ հնարավորությունը[xix]: 2015թ. ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք վարչակարգի վերարտադրության նպատակ ունեին, վերահաստատեցին ընտրությունների միջոցով իշխանափոխության անհնարինությունը, այնպես որ իրավիճակը հանգուցալուծվեց Թավշյա հեղափոխության միջոցով:

Ինչպես նշել է Հեգեդյուշը, եթե անգամ 2018թ. կար փոքր հնարավորություն, որ հունգարական ընդդիմությունը, միավորվելով կստանար քվեների մեծամասնությունը, այնուամենայնիվ, այն վստահաբար չէր կարող ստանալ խորհրդարանում քվեների երկու երրորդը Սահմանադրությունը փոփոխելու համար: Այդպիսով, նոր կառավարությունն ի վիճակի չէր լինի վերացնել Ֆիդեսի կողմից պետական ինստիտուտների վերահսկողությունը և ապամոնտաժել գործող Հիմնարար օրենքով ապահովված պետության զավթումը՝ առանց սահմանադրական կարգը և օրենքի գերակայության սկզբունքը խախտելու: Սակայն հակառակ դեպքում Ֆիդեսն ի վիճակի կլիներ կարճ ժամկետում վերադարձնել իշխանությունը:  Հետևաբար, եթե ընդդիմությունը կարողանար հաղթել, ապա կունենար բացառիկ միջոցների անհրաժեշտություն, և ԵՄ-ը նույնպես պետք է որոշեր իր դիրքորոշումը՝ կապված Օրբանի անլիբերալ պետությունն ապամոնտաժելու նոր կառավարության հնարավոր փորձի հետ՝ իշխանությունը պահելու համար Ֆիդեսին հարմարեցված սահմանադրության շրջանցմամբ[xx]:

Հայաստանում հնարավորություն կա հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն, և բացի այդ «Իմ քայլը» խմբակցությունը ստացել է երկու երրորդ խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար կառավարությունը Հեգեդյուշի նշած երկընտրանքի առջև չէր կանգնել: Ազգային ժողովի կողմից պետության զավթման վերաբերյալ հռչակագրի ընդունումը, անցումային արդարադատությունը, սահմանադրական և դատական փոփոխությունների իրականացումը, ընտրական համակարգի բարեփոխումը, որոշ օրենքների (նախևառաջ՝ ապօրինի հարստացման դեմ ուղղված և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունն ապահովող) ընդունումը և որոշ այլ միջոցներ կենսականորեն անհրաժեշտ են Թավշյա հեղափոխության ժողովրդավարական ձեռքբերումները պահելու համար: Այդ միջոցներն արագորեն կիրառելու կառավարության դժկամությունը, դանդաղ բարեփոխումներին նախապատվություն տալու մասին կրկնվող հայտարարությունները, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին ամիսներին ԱԺ-ում մի շարք երկրորդական նշանակության խնդիրների վրա կենտրոնանալը խիստ մտահոգիչ է:

Միջազգային ենթատեքստ. արդարացվա՞ծ են արդյոք երկակի չափանիշները

Դիտարկելով Հայաստանում Թավշյա հեղափոխությունից առաջ և Հունգարիայում առկա իրավիճակների բազմաթիվ նմանությունները՝ հարկ է նաև ամփոփել՝ համեմատելով միջազգային հանրության վերաբերմունքը երկու դեպքերի նկատմամբ: Ինչպես երևում է բազմաթիվ հրապարակումներից, Արևմուտքի քաղաքականության պատասխանատուներն ու լրատվամիջոցները խիստ հիասթափված են, և նրանց զայրույթը հասկանալի է, քանի որ ավտորիտարիզմ է հաստատվում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրում: Սակայն այլ երկրներում նմանատիպ, կամ նույնիսկ ավելի վատ միտումները հաճախակի անտեսվում են: 

Անշուշտ, Հայաստանի նախկին իշխանությունները չէին կարող օգտվել եվրոպական նյութական միջոցներից այնպես, ինչպես Օրբանի շրջապատն է անում: Սակայն դա, բնականաբար, չի նշանակում, որ Հայաստանի պարագայում լայնամասշտաբ ընտրակեղծիքները, կոռուպցիան և, ի վերջո, Սահմանադրությամբ ամրագրված պետության զավթումը նշանակություն չի ունեցել: Այնուամենայնիվ, արևմտյան քաղաքականության պատասխանատուները և փորձագետները խիստ քննադատության չարժանացրեցին 2015թ. սահմանադրական փոփոխություններն այնպես, ինչպես նրանք քննադատում են Օրբանի կողմից հունգարական Սահմանադրության մանիպուլյացիան: Իրականում համակրանքի արտահայտությունները նույնիսկ գերակշռող էին: Օրինակ, «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն ընդունել է, որ «ոչինչ չի փոխվի: Իրականում նախագահի աշխատակազմի շենքը, որտեղ աշխատում է Սարգսյանը, կդառնա վարչապետի նստավայր՝ պարզապես դռան վրա փակցված այլ ցուցանակով: …Ակնհայտորեն, սա մի մեխանիզմ է, որը թույլ է տալիս Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավին պահել իշխանությունը: Սա տարածված մարտավարություն է հետխորհրդային տարածքում, որտեղ առաջնորդներն անընդհատ փոփոխում են սահմանադրությունները՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար», սակայն միաժամանակ նաև պնդել է, որ «նոր համակարգը և դրանով նախատեսված իշխանության տարանջատումը կարող է ավելի լավ աշխատել Հայաստանի պարագայում[xxi]», և նույնիսկ գովաբանել է Սերժ Սարգսյանի քաղաքականության որոշ տարրեր: Իր հերթին, քաղաքականության պատասխանատուների մոտեցումները կարող էին ամփոփվել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումից անմիջապես հետո արված հայտարարությամբ, որում նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը «կոնսոլիդացնում է փխրուն ժողովրդավարությունը[xxii]»:

Դրական ազդակների հայեցակարգին բազմամյա նվիրվածությունը, որով նախապատվությունը տրվում է մեծ թերությունները քննադատելու փոխարեն չնչին բարելավումները գովաբանելուն, չի նպաստել Հայաստանում ժողովրդավարության ու որակյալ կառավարման առաջխաղացմանը: Մասնավորապես, երկակի չափանիշները, որոնք հանգեցրել էին Հայաստանի նախկին ղեկավարության նկատմամբ չափազանցված հանդուրժողականության, վնասել են Արևմուտքի և նրա նորմատիվային արժեքների համբավին Հայաստանի բնակչության մեծ հատվածի շրջանում: Մյուս կողմից, մինչդեռ Արևմուտքը, միանգամայն հասկանալի պատճառներով, մեծամասամբ մտահոգված է իր ներսում ժողովրդավարական չափանիշների վատթարացմամբ և կոռուպցիայի աճով, դրսի կոռումպացված քաղաքական գործիչներին սատարելը, այնուամենայնիվ, դժվար թե կարող է համարվել պատասխանատու քաղաքականություն: Նրանց թվում է, որ կարելի է անտեսել Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև գտնվող փոքր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Սակայն «իլլիբերալիզմի» հիմնական արտահանող Ռուսաստանի խիստ ազդեցության տակ գտնվող փոքր հեռավոր երկրում տեղի ունեցած իրադարձությունները նախկինում անտեսելը հավանաբար նպաստել է կասկածելի մեթոդների կատարելագործմանը՝ դրանք հետագայում նորահայտ ավտորիտար կառավարիչների կողմից կիրառելու և երբեմնի օրինակելի անցումային երկրները կոռումպացնելու համար:

Այս համատեքստում նաև ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի՝ 2013թ. ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և փոխարենը ռուսական Մաքսային միությանը միանալու հանկարծակի որոշումը եվրոպացի, ամերիկացի և այլ փորձագետների մեծ մասի կողմից դիտարկվեց որպես ավանդական ռուսամետ քաղաքականության բնական շարունակություն. հնչեցին բազմաթիվ անհեռատես կարծիքներ, որ Վլադիմիր Պուտինը, Հայաստանը որպես փոքր մրցանակ ստանալուց հետո հետագա խոչընդոտներ չէր ստեղծելու այլ երկրների՝ ԵՄ-ի հետ ասոցացման համար: Հազվադեպ նախազգուշացումներն այն մասին, որ ԵՄ Արևելյան հարևանությունում շուտով առաջանալու էին լուրջ խնդիրներ, բավարար ուշադրության չարժանացան:

Երբեմն հետաքրքիր կլինի գրել գիրք Բալինտ Մադյարի՝ Հունգարիային նվիրված համապարփակ վերլուծության նման, որում կնկարագրվեր Թավշյա հեղափոխությունից առաջ երկու տասնամյակ գոյություն ունեցած հետկոմունիստական մաֆիա-պետության հայկական դեպքը: Լրացուցիչ զուգահեռներ կարող են անցկացվել հունգարական ու այլ իրադարձությունների հետ: Այնուամենայնիվ, այդպիսի ակադեմիական աշխատության լույս ընծայումն ավելի լավ է հետաձգել՝ կենտրոնանալով ընթացիկ քաղաքականության վերլուծության վրա, որն այս պահին ավելի օգտակար է, քանի որ մի կողմից Հայաստանը ժողովրդավարացման եզակի հնարավորություն ունի, սակայն մյուս կողմից նախկին վարչակարգի դատական համակարգի և այլ կառույցների նկատմամբ պահպանված ազդեցությունը, որն ուղեկցվում է պրոպագանդայով և «հիբրիդային պատերազմի» այլ մեթոդներով և առաջ է մղվում նաև հսկայական ֆինանսական և լրատվական ռեսուրսներով, կիրառվում է մաֆիա-պետության վերականգնումը հնարավոր դարձնելու համար:

Առաջիկա անցումային շրջանը հեշտ չի լինելու, և այն պահանջում է վճռական ու ճշգրիտ քայլեր կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից, ու մինչ հիմնական գործը կանեն հայերը, Հայաստանի բարեհաջող ժողովրդավարացմամբ շահագրգիռ այլ դերակատարներ նույնպես պետք է որոշեն որքան ուշադրության արժանացնել ընթացիկ գործընթացները:

Արմեն Գրիգորյան

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

Եվրասիա ժողովրդավարական անվտանգության ցանցի գործընկեր

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[i] Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, May 30, 2019.

[ii] Armen Grigoryan, “‘Armenia first’: behind the rise of Armenia’s alt-right scene.” Open Democracy, September 4, 2019.

[iii] Ibid.

[iv] Armen Grigoryan, “Protesters in Armenia demand snap parliamentary elections and Prime Minister Sargsyan resigns.” Eurasia Daily Monitor, April 23, 2018.

[v] Patrick Kingsley, “As West fears the rise of autocrats, Hungary shows what’s possible.” New York Times, February 10, 2018.

[vi] Dániel Hegedűs, “Hungarian politics is about to enter a new period — no matter who wins the elections.” GMFUS, April 5, 2018.

[vii] Balázs Jarábik, “Viktor Orbán’s survival games.” Carnegie Europe, April 10, 2018.

[viii] Lili Bayer, “Viktor Orbán courts voters beyond ‘fortress Hungary’.” Politico.eu, August 22, 2017.

[ix] Rozi Bazsofy and Elliott Goat, “Fresh evidence of Hungary vote-rigging raises concerns of fraud in European elections.” Open Democracy, May 17, 2019.

[x] Zoltan Simon, “Orban’s ominous threat pushes Hungary opposition to start talks.” Bloomberg, March 19, 2018.

[xi] Jan-Werner Müller, “‘Democracy’ still matters.” New York Times, April 5, 2018.

[xii] Dániel Hegedűs, op. cit.

[xiii] Budapest Business Journal, January 2, 2019.

[xiv] Bálint Magyar, Post-communist mafia state: The case of Hungary. Budapest: CEU Press, 2016, p. 90.

[xv] Neil Buckley and Andrew Byrne, “Viktor Orban’s oligarchs: a new elite emerges in Hungary.” Financial Times, December 21, 2017.

[xvi] Bálint Magyar, op. cit., p. 97.

[xvii] Bálint Magyar, op. cit., p. 81.

[xviii] Deutsche Welle, “Hungary PM Viktor Orban aims to militarize the school system.” August 14, 2017.

[xix] Արմեն Գրիգորյան, «Իշխանափոխությունն օրակարգի խնդիր է»: «Ժամանակ» օրաթերթ, June 13, 2008.

[xx] Dániel Hegedűs, op. cit.

[xxi] Thomas de Waal, “Will Armenia’s transition bring change?” Carnegie Europe, April 5, 2018.

[xxii] Federica Mogherini, “Returning from Azerbaijan and Armenia.” March 2, 2016.

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.