Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին հաստատել է Պարսից ծոցում անվտանգության ապահովման նպատակով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Նա տարածաշրջանի պետություններին կոչ է արել միանալ Թեհրանի Հույսի դաշինք կամ Հորմուզի նախաձեռնությանը:
Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ տարածաշրջանային ջանքերն անհրաժեշտ են պատերազմներից, հակամարտություններից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու նպատակով: Արաքչիի խոսքով՝ Պարսից ծոցի ափամերձ երկրներն այդ հարցում ունեն կարևորագույն նշանակություն ու հնարավորություններ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դեռևս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր հայտարարել այդ նախաձեռնության մասին: Իրանի նախագահը Հորմուզի նեղուցի հետ առնչվող պետություններին կոչ էր արել դաշինք կազմել՝ համատեղ պայքարելու տնտեսական ահաբեկչության դեմ: Հասան Ռոուհանիի խոսքով՝ Արևմուտքի կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքականությունն անթույլատրելի է, և տարածաշրջանի երկրները պետք է համատեղ պայքարեն հանուն իրենց տնտեսական ու ռազմական անվտանգության:
Հայտարարությանն արձագանքել է Քուվեյթը՝ ողջունելով նախաձեռնությունը: Քուվեյթի արտգործնախարարի տեղակալը հույս է հայտնել, որ տարածաշրջանի պետությունների միջև բանակցությունները կբերեն գործընկերային հասկացվածության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: