Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևն ԱՄՆ Սենատում ընդունվել է միաձայն: Այդպիսով, Սենատն առաջին անգամ ընդունում և դատապարտում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր ելույթի ավարտին հուզվել է. նա այս օրվա համար բավականին երկար է պայքարել:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր թիվ 296 բանաձևը՝ 405 կողմ, 11 դեմ ձայներով։ Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քևին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրեհեմը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում: