Ռազմական հեղաշրջման փորձն ու ռազմական վերափոխումները Թուրքիայում. Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող:

Ամփոփ կետեր

  • 2016թ. հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ) ձեռնարկելը մեծապես կապված էր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի՝ «մեկ մարդու» ռեժիմի անցնելու ձգտումների հետ։
  • ՌՀՓ-ին հաջորդեցին ռազմական ոլորտի մասշտաբային վերափոխումներ, որոնք նվազեցնում են հետագայում նոր ՌՀՓ ձեռնարկելու հնարավորությունը։
  • ՌՀՓ-ը մեծապես պայմանավորեց 2017թ․ ապրիլի 16-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի (ՍԲՀ) անցկացումը։
  • ՌՀՓ-ից հետո Թուրքիայի զինված ուժերում (ԹԶՈՒ) գյուլենականներին հայտնաբերելու համար ստեղծվեց FETÖMETRE համակարգը։
  • ՌՀՓ-ի արդյունքում մեծացվեց ԹԶՈՒ-ի նկատմամբ քաղաքացիական իշխանությունների և հատկապես Էրդողանի վերահսկողությունը։
  • ՌՀՓ-ն իր կնիքը թողեց Թուրքիայի հետագա ռազմական գնումների վրա և որոշակի կանխորոշեց այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների բնույթը։
  • ՌՀՓ-ից հետո սկսել են ավելի շատ չհամընկնել Էրդողանի անձնական ու Թուրքիայի պետական շահերը։
  • Թուրքիայում զինվորականների դիրքերի թուլացումը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ կապված «խորքային պետության» գործունեության հետ։

Ներածություն

2013թ. դեկտեմբերին «Վաթան» թերթը գրեց, որ երկրում պատրաստվում են 2033թ․` ԹԶՈւ-ն հիմնովին վերակազմավորելու համար, ինչը նշանակում էր, որ Թուրքիայի Հանրապետությունը (ԹՀ) պետք է ունենար «նոր ԶՈւ»: Թերթի պնդմամբ` այդ ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 2013թ. նոյեմբերի 28-ի Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստում, երբ որոշվեց վերակազմավորել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ (Էգեյան) բանակների հրամանատարությունները։ 2015թ. մարտին Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Նեջդեթ Օզելը հայտարարեց, որ աշխարհում «Պաշտպանական հայեցակարգից» արդեն անցում են կատարում «Անվտանգության հայեցակարգի», և իրենք նույնպես աշխատում են այդ ուղղությամբ. «Տվյալ առումով մեր նպատակներն են ամեն տիպի սպառնալիքներին դիմագրավելը, մերօրյա պայմաններին ադապտացվելու, արագ որոշում կայացնելու ունակ, ճկուն, ամուր և բարձր մարտունակությամբ ԶՈւ ունենալը: ԹԶՈւ-ն արդիականացնելու, վերափոխելու նպատակը մեր օրերում և ապագայում արդիական, պատերազմին պատրաստ, զսպիչ ուժ ունենալն է: Այդ փոփոխությունն ապահովելու համար էլ առաջ է քաշվել «ԹԶՈւ 2033թ.» նախագիծը: 2012թ. օգոստոսին ԳՇ-ում բացվեց նոր վարչություն, որը զբաղվում է միայն այդ խնդրով: 2013թ. նմանատիպ բաժիններ բացվեցին բոլոր զորատեսակների շտաբներում: 2013թ. նոյեմբերին վարչապետին և YAŞ-ի անդամներին ներկայացվեց նախագծի վերաբերյալ Ռազմավարական պլանավորումը, իսկ 2014թ. հունվարին ներկայացվեց «ԹԶՈւ-2033թ. առաքելությունը և վերակազմավորման ճանապարհային քարտեզը»:

Թուրքիայում նշում էին, որ 20 տարում (2013-2033թթ․) փոխվելու է պատերազմի ռազմավարությունը, որը ցամաքային պատերազմներից վերածվելու է շատ երկրների ներաշխարհը խառնելուն միտված հարձակումների ռազմավարության: Արդեն 2014թ. օգոստոսին Պաշտպանական բարեփոխումների աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով, ներկայացրեց «ԹԶՈւ-2033» պլանի զեկույցը (220 էջ), որից նախագահական կայքում հրապարակվեց միայն ոչ գաղտնի մասը (42 էջ): Ա․ Գյուլը զեկույցի նախաբանում գրել էր. «Թուրքիան այն քիչ երկրներից է, որը ԶՈւ վերակազմավորում չի կատարել 1960թ-ից, երբ երկրում իրականացվեց առաջին ռազմական հեղաշրջումը: «Սառը պատերազմի» ավարտից հետո ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներից շատերը` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան և հենց ինքը` ՆԱՏՕ-ն, ռազմական ոլորտում իրականացրել են մասշտաբային բարեփոխումներ: Բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումներ անցկացնող Թուրքիայի կողմից պաշտպանական ոլորտի անտեսումը պետք է դիտարկել որպես թերացում: Ակնհայտ է, որ մենք այլևս չենք կարող հետաձգել պաշտպանական ոլորտի համապարփակ բարեփոխումները` հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձություններն ու ավելի բարդացող, անորոշ դարձող միջազգային անվտանգությունը»[1]:

Այսպիսով, վերջին կես դարում ԹՀ-ում առաջին անգամ պետք է իրականացվեին համապարփակ ռազմական բարեփոխումներ: Սակայն կատարված ռազմական մասշտաբային վերափոխումներն էապես տարբերվեցին «ԹԶՈւ-2033» պլանից, քանի որ 2016թ․ ամռանը Թուրքիայում գրանցվեց ՌՀՓ:

2016թ ռազմական հեղաշրջման փորձ

2016թ․ հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցավ ՌՀՓ, որի հետևանքով զոհվեց 251, վիրավորվեց 2194 մարդ: ՌՀՓ-ին մասնակցել է 8651 զինվորական՝ ԹԶՈՒ-ի կազմի 1.5%-ը: ՌՀՓ-ից հետո՝ հուլիսի 21-ին, 3 ամսով մտցվեց արտակարգ դրության ռեժիմ (OHAL), որը 7 անգամ երկարաձգվեց և վերացվեց 2018թ․ հուլիսի 18-ին։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հուլիսի 15-16-ի դեպքերը որակեց ԹՀ պատմության ամենաարյունալի ՌՀՓ[2]:

Համարվում է, որ ՌՀՓ-ը ձեռնարկել են միջին օղակի զինվորականները, որ դրան չեն մասնակցել ԳՇ պետ Հուլուսի Աքարը և հիմնական զորատեսակների (ցամաքային զորքեր՝ ՑԶ, ռազմաօդային ուժեր՝ ՌՕՈՒ, ռազմածովային ուժեր՝ ՌԾՈՒ) հրամանատարները, ինչպես նաև Ստամբուլն ու Սևծովյան նեղուցները պաշտպանող 1-ին բանակի հրամանատարը։ Այդ համատեքստում 2016թ․ ՌՀՓ-ը կարելի է նմանեցնել 1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջման հետ, որին դեմ էր ԳՇ 10-րդ պետ Ռյուշթու Էրդելհունը․ վերջինս իր այդ դիրքորոշման համար ռազմական դատարանի կողմից դատապարտվեց մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ (մի քանի տարի անց նրան ներում շնորհվեց)։

ՌՀՓ-ի ժամկետի ընտրության հետ կապված առանձնացրել ենք 4 կարևոր գործոն․

1) Հուլիսի 15-ին ՌՀՓ-ի մեկնարկը տալը, թերևս, պայմանավորված էր նրանով, որ այդ օրը ՌՕՈՒ-ի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը մասնակցում էր ՌՕՈՒ-ի բանակի գեներալ Մեհմեթ Շանվերի դստեր հարսանիքին, որին ներկա են գտնվել ՌՕՈՒ և ՀՕՊ բազում հրամանատարներ․ Ա․ Ունալը պատանդ է վերցվել հենց հարսանիքի ժամանակ։ Այստեղ հարկ է հաշվի առնել ՌՀՓ-ի ժամանակ խռովարարների ավիացիայի կարևոր դերը․ այն հետապնդել է Էրդողանի ինքնաթիռը, 13 ավիահարված է հասցրել 6 կարևոր շենքի ուղղությամբ, ինչպիսիք են նախագահի նստավայրը և երկրի խորհրդարանը[3]։ ՌՀՓ-ից անմիջապես անց՝ հուլիսի 18-ին, կալանավորվեց, իսկ հուլիսի 27-ին ԹԶՈՒ-ից վտարվեց ՌՕՈՒ նախկին (30-րդ) հրամանատար, YAŞ-ի գործող անդամ Աքըն Օզթուրքը, ով համարվում է ՌՀՓ առաջնորդ (թուրքական մամուլի պնդմամբ՝ ՌՀՓ-ի հաջողության դեպքում Ա․ Օզթուրքը պետք է դառնար Թուրքիայի նախագահ[4])։ Ուշագրավ է, որ Ա․ Օզթուրքը, ով կնոջ վատառողջության պատճառով (թերևս պատրվակով) չէր մասնակցել Մ․ Շանվերի դստեր հարսանիքին, ՌՕՈՒ-ի հրամանատարի պաշտոնը Ա․ Ունալին զիջել էր 2015թ. օգոստոսին անցկացված YAŞ-ի նիստի արդյունքներով և դրանից գրեթե 1 տարի անց, այսինքն ՌՀՓ-ի ժամանակ, ըստ ամենայնի, դեռ զգալի ազդեցություն էր պահպանել ՌՕՈՒ-ում։ 2019թ․ հունիսի 20-ին Ա․ Օզթուրքը դատապարտվեց 141 (անգամ) ցմահ ազատազրկման՝ որպես «երկրում խաղաղության խորհրդի» (Yurtta Sulh Konseyi, YSK) ամենաբարձր աստիճանի զինվորական[5]։ YSK-ը 2016թ․ հուլիսի 15-ի գիշերը ՌՀՓ-ի կազմակերպիչների կողմից ստեղծվել է որպես Թուրքիայի 65-րդ կառավարության հակընդեմ կառույց։ Անկասկած է, որ կառույցի անվանման համար հիմք են ծառայել ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՝ հայտնի «yurtta sulh cihanda sulh» («խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում») խոսքերը (Աթաթուրքը կանխորոշել է, որ Թուրքիան պետք է լինի աշխարհիկ երկիր, ուր իսլամը չպետք է միջամտի երկրի քաղաքական գործընթացներին)։

2) ՌՀՓ-ի կազմակերպիչների աչքից չի վրիպել այն, որ 2016թ․ հուլիսի 15-ին Ռ․ Էրդողանը հանգստանալիս է եղել արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս ծովափնյա հանգստավայրի հյուրանոցներից մեկում: Համարվում է, որ հուլիսի 15-ի գիշերն Իզմիրից Մարմարիս ուղարկված ուղղաթիռի հատուկջոկատայինները մտադրվել էին մահափորձ ձեռնարկել Էրդողանի դեմ, սակայն վերջինս այդ ժամանակ արդեն լքած է եղել հյուրանոցը (Էրդողանի ինքնաթիռն այդ ժամանակ Ստամբուլ հասնելիս է եղել)։ Հյուրանոցի մոտ գրանցված բախման ժամանակ սպանվել է երկու ոստիկան[6]։

3) Ընդհանրապես 2016թ. հուլիսի կեսին ՌՀՓ ձեռնարկելը մեծապես կապված էր օգոստոսի 1-4-ին ծրագրված YAŞ-ի նիստի հետ (ՌՀՓ-ից հետո որոշվեց այն անցկացնել մի քանի օր շուտ)։ Հուլիսի 12-ին թուրքական իշխանամետ մամուլը գրեց, որ YAŞ-ի առաջիկա (օգոստոսյան) նիստում ծրագրված է շեշտը դնել գյուլենականներին մոտ կանգնած գեներալ/ծովակալներից ձերբազատվելու, ԹԶՈՒ-ում «խոշոր մաքրում կատարելու» վրա։ Մասնավորապես, ակնկալվում էր, որ YAŞ-ի անդամ Ա․ Օզթուրքը պետք է պաշտոնաթող լիներ 2016թ. օգոստոսի 30-ին[7]։

4) 2016թ․ մայիսի 5-ին Էրդողանը խորհրդարանում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում հայտարարեց․ «Սահմանադրության համաձայն՝ ԹԶՈՒ-ի հրամանատարը ես եմ։ Սակայն ԳՇ-ը կցված է վարչապետին, Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ, MIT) կցված է վարչապետին: Այդ հարցը քննարկել ենք մեր շաբաթական հանդիպման ժամանակ»[8]։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Էրդողանը երկկողմ հանդիպում էր ունեցել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչն անցել էր լարված մթնոլորտում։ Հանդիպման արդյունքներով նշվել էր, որ Դավութօղլուն դեռ հրաժարական չի տա մինչև մոտակա օրերին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չգումարի համագումար և չընտրի նոր նախագահ։ 2016թ․ մայիսի 24-ին Դավութօղլուն հրաժարական տվեց երկրի վարչապետի ու ԱԶԿ նախագահի պաշտոններից, ինչը դարձավ ԹՀ պատմության մեջ առաջին դեպքը, երբ երկրի վարչապետը հրաժարական է տալիս ոչ թե ընտրություններում պարտություն կրելու, խորհրդարանի կողմից նրա նկատմամբ հետաքննություն սկսելու, ռազմական հեղաշրջման, այլ մեկ ուրիշ պատճառով։ Ք․ Քըլըչդարօղլուն դա որակեց Էրդողանի կողմից իրականացրած պալատական հեղաշրջում՝ ընդգծելով, որ դա աննախադեպ է խորհրդարանի 150-ամյա պատմության մեջ[9]։ Բնականաբար, զինվորականները հետևում էին Էրդողան-Դավութօղլու առճակատմանը, հասկանում էին, որ շուտով ԱԶԿ նախագահի ու երկրի վարչապետի պաշտոնում Դավութօղլուին կփոխարինի մեկը, ով հլու կենթարկվի Էրդողանի որոշումներին և հետևաբար չի առարկի, որ ռազմական կառույցներն ուղիղ ենթարկվեն երկրի նախագահին։ Հազիվ թե նրանց ուշադրությունից վրիպած լիներ, որ 2014թ․ օգոստոսին ԹՀ նախագահ ընտրված Էրդողանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, 2015թ․ հունվարից ժամանակ առ ժամանակ նախագահական նստավայրում գումարում էր կառավարության նիստեր[10]։ Ի դեպ, ԹՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց ամիսներ առաջ Էրդողանը հայտարարել էր. «Ժողովրդի կողմից ուղիղ ընտրված նախագահը չի կարող լինել նախկին նախագահների նման և պետք է իրավունք ունենա գործնականում կիրառել իր բոլոր լիազորությունները: Եթե ես ընտրվեմ նախագահ, կօգտվեմ ինձ ընձեռնված բոլոր հնարավորություններից: Որպես երկրի նախագահ ես երբեք չեմ կատարի ներկայացուցչական գործառույթներ: Պետք է արագ անցում կատարել կառավարման նախագահական համակարգի»[11]։ Եվ ահա 2014թ․ ամռանը ԹՀ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը ցույց տվեց, որ անցել է իր այս խոսքերի կատարմանը, անգամ վարչապետական որոշակի գործառույթներ է կատարում, ինչպես նաև ցանկանում է երկրում հաստատել կառավարման նախագահական համակարգ, որի դեպքում կստանար աննախադեպ լայն լիազորություններ, որպիսիք չեն ունեցել իր նախորդները (2014թ․-ից առաջ ԹՀ նախագահին ընտրել է երկրի խորհրդարանը և ոչ թե ժողովուրդը՝ ուղիղ քվեարկությամբ)։

Ինչ վերաբերում է ՌՀՓ-ի ձախողման պատճառներին, նշենք, որ հաջողության հասնելու համար, թերևս, անհրաժեշտ էր ԳՇ պետի և զորատեսակների հրամանատարների մասնակցությունը, ինչը չկար։ Դա ընդգծում է բանակի պառակտվածությունը, ինչում իր ուրույն դերն ունի զինվորականների դիրքերի թուլացման ուղղությամբ Էրդողանի գործուն քայլերը, ինչպես նաև տվյալ ուղղությամբ նրա կատարած քարոզչական աշխատանքները: Շատ կարևոր էր, որ զինվորականներին չհաջողվեց ձերբակալել (կամ վնասազերծել) նախագահ Էրդողանին և վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որոնք կարողացան ժամանակակից տեխնոլոգիաների, իրենց հավատարիմ ԶԼՄ-ների, ինչպես նաև մզկիթների մինարեների հզոր բարձրախոսների միջոցով կոչեր հղել սեփական (իսլամական մոլեռանդ) ընտրազանգվածին և նրան դուրս բերել փողոցներ։ Ընդ որում՝ որոշ դեպքերում ցուցարարները խռովարար զինվորականների ուղղությամբ շարժվել են Թուրքիայի մեծ դրոշն իրենց առջևում պահած, ինչը նշանակում էր, որ եթե զինվորականները կրակեին, ապա այդպիսով առաջինը կրակելու էին իրենց երկրի դրոշի վրա։ Սա խոսում է ՌՀՓ-ի հոգեբանական կողմի կարևորության մասին։ ՌՀՓ-ի կազմակերպիչների իմիջի վրա դրական չազդեց նրանց (մեր բնորոշմամբ) մի շարք անիմաստ քայլեր, որոնցից մեկը խորհրդարանի շենքի վրա ռումբեր նետելն էր[12]։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ ՌՀՓ-ը մեկնարկեց ժամը 21․00-22.00-ին, մինչդեռ Թուրքիայում ռազմական հեղաշրջումները սովորաբար մեկնարկում են ժամը 03․00-ին, երբ շատերը քնած են և արթնանալիս իմանում են իշխանափոխության մասին։ Ի դեպ, ՌՀՓ-ը նույնպես բացառություն չէր․ ծրագրված էր Անկարայում այն սկսել ժամը 02․00-ին, իսկ Ստամբուլում՝ 03․00-ին[13]։ Էրդողանին, թերևս, հաջողվել է կանխավ իմանալ ՌՀՓ-ի մասին (որոշ տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով), և նա այնպես է արել, որ ՌՀՓ-ի կազմակերպիչներն իմանան իրենց պլանի բացահայտման մասին ու հարկադրված սկսեն գործել նախատեսվածից մի քանի ժամ շուտ (մարդիկ արթուն են գտնվել), ինչն էլ ճակատագրական է եղել նրանց համար (անգամ կա տեսակետ, որ 7 ռուսական մարտական ինքնաթիռ և Սիրիայում տեղակայված S-400 համակարգերը թիրախավորել են խռովարարների ավիացիան և այդպիսով փրկել Էրդողանի ինքնաթիռը)[14]։ Չենք բացառում, որ եթե ՌՀՓ-ը կազմակերպվեր ռուս-թուրքական վատթար հարաբերությունների պայմաններում (2015թ․ դեկտեմբեր-2016թ․ մայիս), ապա կունենար հաջողության հասնելու շատ ավելի մեծ հնարավորություններ։

Այսպիսով, 2016թ. ՌՀՓ-ը ձախողվեց և իր կնիքը մեծապես թողեց Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա։ Դրանից հետո Էրդողանը քանիցս հայտարարեց, որ ՌՀՓ-ն օգնեց պարզելու, թե ովքեր են Թուրքիայի իրական ընկերները նեղ պահին՝ կարևորելով այն, որ օտար երկրների մի շարք առաջնորդներ թուրքական իշխանություններին սեփական աջակցության մասին հայտնել են հենց ՌՀՓ-ի ժամանակ և ոչ թե սպասել են ՌՀՓ-ի վախճանին և հետո միայն աջակցություն հայտնել։ Հայտնի է, որ ՌՀՓ-ից հետո Էրդողանը բազմիցս դժգոհել է Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) «ուշացած դիրքորոշումից»[15] և միաժամանակ գոհունակություն հայտնել ՌԴ-ի ու Իրանի նախագահների՝ ժամանակին հայտնած աջակցության համար (ինչն էլ զգալիորեն պայմանավորեց ՌԴ-ի ու Իրանի հետ Թուրքիայի հետագա մերձեցումը)։ Փաստորեն ՌՀՓ-ը որոշակի ջրբաժան հանդիսացավ այլ երկրների հետ Թուրքիայի արտաքին հարաբերությունների կանխորոշման համար։ Դրան զուգահեռ ՌՀՓ-ն էապես ազդեց Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա և հանգեցրեց մասշտաբային վերափոխումների ԹԶՈՒ-ում։

ՌՀՓ-ին հաջորդած ռազմական վերափոխումներ

      2016թ․ օգոստոսին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով ՌՀՓ-ից հետո ԹԶՈՒ վերակազմավորման գործընթացը, հայտարարեց, որ ԹԶՈՒ-ն այսուհետ կզբաղվի միայն հայրենիքի պաշտպանությամբ, կլինի ազգային միասնության, համերաշխության և երկրի սահմանների պաշտպան, երբևէ չի ներգրավվի ներքին քաղաքականության մեջ և ճնշում չի գործադրի ազգային կամքի վրա. «ԹԶՈՒ-ի նպատակը պետք է լինի երկրի պաշտպանությունը և ոչ թե ռազմական հեղաշրջումներ ծրագրելը»[16]։ ՊՆ նախարար Ֆիքրի Ըշըքն էլ հայտարարեց, որ ռազմական ոլորտի «բարեփոխումները» կոչված են բացառել նոր ՌՀՓ-երը. «Բանակի բարեփոխման ժամանակ մենք փոխում ենք այն մեխանիզմը, որի շնորհիվ ԹԶՈՒ-ն վերջին 60 տարում կազմակերպել է 6 մեծ և փոքր հեղաշրջում (27.05.1960, 12.03.1971, 12.09.1980, 28.02.1997, 28.04.2007, 15.07.2016 – Հ Գ)։ Չպետք է թույլ տալ, որ այդչափ զինուժ վերահսկվի մեկ կենտրոնի կողմից, քանի որ մեր երկիրը թանկ է վճարել դրա համար»[17]։

ՌՀՓ-ից հետո ռազմական ոլորտի մասշտաբային վերափոխումներն իրականացվեցին երկու փուլով․ ա) ՌՀՓ-ից մինչև 2017թ․ ապրիլյան ՍԲՀ, բ) այդ ՍԲՀ-ից հետո։ Ընդ որում, դրանք առնչվեցին ամենատարբեր ոլորտների, որոնք էլ ներկայացվում են ստորև։

      ԲՌԽ և ԱԱԽ — Արդեն նշվեց, որ ՌՀՓ-ի պատճառով YAŞ-ի հերթական նիստն անցկացվեց մի քանի օր շուտ՝ 2016թ․ հուլիսի 28-ին։ Դրանից 1 օր առաջ Էրդողանն Անկարայում 5.5 ժամանոց հանդիպում ունեցավ ԳՇ պետ Հ․ Աքարի հետ, ինչից հետո հաղորդվեց, որ ԹԶՈՒ-ին սպասվում է վերջին տարիների ամենամեծ մաքրումը․ ԹԶՈՒ-ից հեռացնել 149 գեներալ/ծովակալի, 1099 սպայի ու 436 ենթասպայի (ընդհանուր 1684 մարդ), ինչը նշանակում էր, որ ԹԶՈՒ-ում գործող գեներալ/ծովակալների թիվը 358-ից պետք է նվազեցվեր մինչև 209-ի: Որոշվել էր հեռացնել ՑԶ 198 գործող գեներալից 87-ին (նաև 726 սպայի և 256 ենթասպայի), ՌՕՈՒ գործող 72 գեներալից 30-ին (նաև 314 սպայի և 117 ենթասպայի), ՌԾՈՒ գործող 55 ծովակալից 32-ին (նաև 59 սպայի և 63 ենթասպայի):

Հուլիսի 28-ին անցկացվեց YAŞ-ի տարեկան նիստը, ընդ որում՝ սկզբում ծրագրված էր, որ այն կտևի 3-4 օր, սակայն ՌՀՓ-ից հետո որոշվեց այն ավարտել 1 օրում։ Ուշագրավ է, որ YAŞ-ի՝ ամենակրիտիկական որակված նիստն առաջին անգամ անցկացվեց ոչ թե ԳՇ շենքում, այլ «Չանքայա» վարչապետական նստավայրում։ 5.5 ժամ տևած նիստը նախագահել է Բ․ Յըլդըրըմը, իսկ դրան առաջին անգամ մասնակցել է Ֆ․ Ըշըքը: YAŞ-ի նիստում հաստատվեց նախօրեին ընդունված որոշումները՝ ԹԶՈՒ-ից հեռացնել 149 գեներալ/ծովակալի, 1099 սպայի, 436 ենթասպայի։ Բացի այդ թոշակի անցավ 47 գեներալ, 99 գնդապետ էլ ստացավ գեներալի կոչում։ Այդպիսով գեներալ/ծովակալների թիվը նվազեց 64-ով՝ հասնելով մինչև 261-ի։ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ YAŞ-ի նիստի որոշումներով իրենց պաշտոնները պահպանել են ԳՇ պետ Հ․ Աքարը, ՑԶ հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ՌՕՈՒ հրամանատար Ա․ Ունալը, ՌԾՈՒ հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլուն։ Մինչդեռ Ժանդարմերիայի հրամանատար Գալիփ Մենդիին փոխարինել է ԳՇ պետի տեղակալ (ներկայիս ԳՇ պետ) Յաշար Գյուլերը, իսկ ԳՇ պետի տեղակալ է դարձել 1-ին բանակի հրամանատար Ումիթ Դյունդարը։

Ընդգծենք, որ այդպիսով տեսանելի ապագայի համար անդառնալի վնաս է պատճառվում ԹԶՈՒ-ին. ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ջորջ Ֆրիդմանի խոսքերով՝ ֆրեգատ տիպի ռազմանավի նավապետ «աճեցնելը» պահանջում է 15 տարի, սուզանավի հրամանատարի դեպքում՝ 20 տարի, ծովակալի դեպքում՝ 25 տարի։ Դա նշանակում է, որ նման կադրեր պատրաստելը պահանջում է տևական ջանքեր ու ժամանակ, և որ նման կադրերից ձերբազատվելը չի կարող մոտ ժամանակահատվածում անհետևանք անցնել ԹԶՈՒ-ի համար։

Հուլիսի 28-ի նիստի արդյունքներով որոշվեց մեծացնել YAŞ-ի քաղաքացիական անդամների թիվը: Եթե նախկինում նրանք միայն 2-ն էին՝ վարչապետն ու ՊՆ նախարարը, ապա նոր օրենքով YAŞ-ի անդամներ դարձան նաև 5 փոխվարչապետները, արդարադատության, արտաքին ու ներքին գործերի նախարարները: ԳՇ պետը և զորատեսակների հրամանատարները պահպանեցին իրենց տեղը YAŞ-ում, սակայն YAŞ-ից դուրս մնացին զորատեսակների հրամանատարությունների հետ կապված գեներալ/ծովակալները և Ժանդարմերիայի հրամանատարը: YAŞ-ի քարտուղարի պաշտոնը խլվեց ԳՇ պետի տեղակալից և տրվեց ՊՆ-ին: Այդպիսով, 14 հոգանոց YAŞ-ում քաղաքացիական անդամների թիվը 2-ից հասցվեց 10-ի, իսկ զինվորական անդամների թիվը 12-ից նվազեցվեց 4-ի: Նշենք, որ նախկինում YAŞ-ի նիստին մասնակցում էր 12 զինվորական. ԳՇ պետը, ՑԶ, ՌՕՈՒ, ՌԾՈՒ հրամանատարները, Ժանդարմերիայի հրամանատարը, բոլոր 4 բանակների հրամանատարները, Կրթական ու դոկտրինի հարցերով հրամանատարության (EDOK) ղեկավարը, ՑԶ շտաբի պետը, ՌԾՈՒ 4 հրամանատարություններից Նավատորմի հրամանատարության ղեկավարը:

Մեկ ամիս էլ չանցած՝ օգոստոսի 23-ին, Բ․ Յըլդըրըմի նախագահությամբ «Չանքայա» նստավայրում անցկացվեց YAŞ-ի նոր նիստ: Դա YAŞ-ի 2-րդ նիստն էր ՌՀՓ-ից հետո և 1-ին դեպքը, երբ 1 տարում անցկացվում է YAŞ-ի միանգամից 2 նիստ: Հատկանշական է, որ ԹՀ պատմության մեջ առաջին անգամ YAŞ-ի անդամների թվում գերակշռեցին քաղաքացիական անձինք, ինչի համար էլ այն որակվեց YAŞ-ի առաջին «քաղաքացիական նիստ». նիստին մասնակցեց 4 զինվորական (ԳՇ պետ, ՑԶ, ՌՕՈՒ, ՌԾՈՒ հրամանատարներ) և 10 քաղաքացիական անձ (վարչապետ, 5 փոխվարչապետ, 4 նախարար՝ պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի, արդարադատության): Փաստորեն փոխվարչապետներն ու արտաքին գործերի, ներքին գործերի և արդարադատության նախարարներն առաջին անգամ մասնակցեցին YAŞ-ի նիստին, որի արդյունքներով՝ պաշտոնաթող արվեց 586 գնդապետ, որոնցից 470-ը ներկայացնում էին ՑԶ-ը, 71-ը՝ ՌԾՈՒ-ն, 45-ը՝ ՌՕՈՒ-ն: 2 տարով երկարաձգվեց 434 գնդապետի ծառայության ժամկետը, որոնցից 372-ը բաժին են ընկնում ՑԶ-ին, 27-ը՝ ՌԾՈՒ-ին, 35-ը՝ ՌՕՈՒ-ին: Սպաների ծառայության ժամկետը 2016թ․ օգոստոսի 30-ից նվազեցվեց մինչև 28 տարվա։

Ամփոփելով նշենք, որ այս մասշտաբային փոփոխություններից հետո YAŞ-ը սկսեց հիշեցնել Ազգային անվտանգության խորհուրդը (Milli Güvenlik Kurulu, MGK): Մասնավորապես, MGK անդամներն են երկրի նախագահը, վարչապետը, ԳՇ պետը, փոխվարչապետները, արդարադատության, պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, ՑԶ, ՌՕՈՒ, ՌԾՈՒ, Ժանդարմերիայի հրամանատարները: Փաստորեն, YAŞ-ի նորացված կազմի մեջ MGK անդամներից չեն մտնում միայն երկրի նախագահն ու ՆԳՆ-ին ամբողջովին կցված Ժանդարմերիայի հրամանատարը[18]: Բնականաբար, YAŞ-ի զինվորական անդամների քանակի շեշտակի նվազեցումն ու քաղաքացիական անդամների քանակի շեշտակի մեծացումը կարևոր քայլ են ռազմական ոլորտի վրա քաղաքացիական իշխանության վերահսկողության մեծացման և այդուհետ նոր ՌՀՓ-երը բացառելու ճանապարհին։

2018թ․ հուլիսի 15-ին YAŞ-ի կազմում գրանցվեցին նոր փոփոխություններ, որոնց համաձայն՝ նրա անդամներն են նախագահի օգնականները, արդարադատության, արտաքին գործերի, ներքին գործերի, ֆինանսների, կրթության, պաշտպանության նախարարները, ԳՇ պետը, զորատեսակների հրամանատարները։ Սա նշանակում է, որ YAŞ-ի նոր անդամներ դարձան ֆինանսների ու կրթության նախարարները, ինչպես նաև նախագահի օգնականները: Անհրաժեշտության դեպքում երկրի նախագահը նույնպես կարող է մասնակցել և նախագահել YAŞ-ի նիստում։ YAŞ-ի որոշումներն ընդունվելու են ձայների պարզ մեծամասնությամբ և հաստատվելու են երկրի նախագահի կողմից։ Ընդ որում՝ YAŞ-ը կարող է գումարել նաև գաղտնի նիստեր, որոնց որոշումները չեն հրապարակվի[19]։

Նշենք, որ YAŞ-ի կազմում այս փոփոխություններից ընդամենը 5 օր առաջ (10․07․2018) ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել էր Բերաթ Ալբայրաքը՝ Էրդողանի փեսան, ով փաստորեն դարձավ նաև YAŞ-ի անդամ։ Ի դեպ, թուրք հոդվածագիր Բարըշ Թերքօղլուն այդ կապակցությամբ նշել է, որ նոր փոփոխություններից ստացվում է, որ ԹԶՈՒ-ի ապագայի համար Էրդողանի փեսայի կարծիքը (քվեն) կարևոր է, մինչդեռ 40 տարի զինվորական համազգեստ կրող բանակի գեներալինը՝ ոչ[20]։

Ընդգծենք, որ YAŞ-ի այս փոփոխությունները կապված էին 2017թ․ ապրիլին անցկացված ՍԲՀ-ի հետ։ Նույն պատճառով վերստին 2018թ․ հուլիսի 15-ին փոփոխման ենթարկվեց MGK-ը։ Եթե 2003թ․-ից MGK-ն ուներ 15 անդամ (նախագահ, վարչապետ, ԳՇ պետ, փոխվարչապետներ, արդարադատության, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի, զորատեսակների և Ժանդարմերիայի հրամանատարներ), ապա 2018թ․-ից MGK անդամների թիվը նվազեցվեց մինչև 10-ի։ Ներկայումս MGK անդամներ են երկրի նախագահը, նախագահի օգնականները, արդարադատության, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարները, ԳՇ պետը, զորատեսակների հրամանատարները։ MGK կազմից դուրս մնաց Ժանդարմերիայի հրամանատարը, իսկ վարչապետի և փոխվարչապետի պաշտոնները վերացվել են․ նրանց փոխարինել են նախագահի օգնականները։ Անհրաժեշտության դեպքում MGK-ի նիստ կարող է գումարվել նախագահի կոչով։ MGK-ի գլխավոր քարտուղարը պատասխանատու է երկրի նախագահին, որն էլ հենց նշանակում է նրան՝ համաձայն նոր կանոնների (դրանից առաջ MGK-ը վարչապետին կից կառույց էր և նրա գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում էր վարչապետը, իսկ հաստատում էր նախագահը)։ Եթե նախագահը չի մասնակցում MGK-ի նիստին, ապա նրանում նախագահում է նախագահի օգնականը[21]։

MGK-ի՝ նորացված կազմով առաջին նիստը գումարվեց 2018թ․ հուլիսի 30-ին։ MGK-ի պատմության մեջ առաջին անգամ (վերջին 52 տարում) ԳՇ պետն առաջին անգամ չզբաղեցրեց նիստը նախագահողի (տվյալ դեպքում Էրդողանի) ձախակողմյան առաջին աթոռը։ Փոխարենը ԳՇ պետ Յ․ Գյուլերը զբաղեցրել էր ձախակողմյան երրորդ աթոռը․ առաջին երկու աթոռները բաժին էին ընկել արդարադատության ու ներքին գործերի նախարարներ Աբդուլհամիթ Գյուլին ու Սուլեյման Սոյլուին, իսկ չորրորդ (վերջին) աթոռը՝ ՌՕՈՒ-ի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզին։ Աջ կողմից առաջինը նստել էր նախագահի օգնական Ֆուաթ Աքսոյը, ապա Պաշտպանության նորանշանակ նախարար Հ․ Աքարը (ով դարձավ 57-ամյա ընդմիջումից հետո ՊՆ նախարար դարձած առաջին զինվորականը[22]), արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ՑԶ հրամանատար, բանակի գեներալ Ու․ Դունդարը, ՌԾՈՒ-ի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը: Ի դեպ, MGK-ի նիստին մասնակցել է նաև նրա անդամ չհանդիսացող MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը[23]։ Ամփոփելով այս ենթաբաժինը՝ նշենք, որ կատարված վերափոխումները նպաստում են ոչ միայն զինվորականների դիրքերի թուլացմանը, այլև առաջին հերթին Էրդողանի (և ոչ թե պարզապես քաղաքացիական իշխանությունների) դիրքերի ամրապնդմանը։

ԳՇ և զորատեսակների հրամանատարություն – ՌՀՓ-ից օրեր անց՝ 2016թ. հուլիսի վերջին, Էրդողանը վերստին հայտարարեց երկրի նախագահին ԳՇ պետին ու MIT-ի ղեկավարին ենթարկեցնելու անհրաժեշտության մասին[24]։ Օգոստոսի 1-ին Բ․ Յըլդըրըմը հայտարարեց, որ ԳՇ պետն այսուհետ ընտրվելու է գեներալ/ծովակալների թվից և ոչ թե նախկինի նման՝ միայն զորատեսակների հրամանատարներից[25]։ Օգոստոսի 17-ին Պաշտոնաթերթում հրապարակված որոշմամբ՝ ԳՇ պետ կարող է դառնալ բանակի գործող գեներալ/ծովակալներից մեկը, որի թեկնածությունն առաջադրելու է կառավարությունը և հաստատելու է երկրի նախագահը: Այդպիսով, Էրդողանը ստանում է ԳՇ պետ նշանակելու իրավունք: Ընդ որում, եթե նախկինում ԳՇ պետը համարվում էր թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ ԹԶՈՒ-ի հրամանատարը, ապա այսուհետ չի լինելու այդպես:

Հուլիսի 31-ին ՑԶ, ՌՕՈՒ, ՌԾՈՒ հրամանատարությունները ԳՇ-ից անցան ՊՆ ուղիղ ենթակայության տակ, ինչը վերաբերում է թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակներին: Համապատասխան որոշումն ընդունեց ԹՀ կառավարությունը: Ընդգծենք, որ սա հակասում է մինչև 2033թ. ԹԶՈՒ-ում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու պլանին, ըստ որի՝ խաղաղ և պատերազմական ժամանակ ԹԶՈՒ-ի ղեկավարումը զորատեսակների հրամանատարությունների օգնությամբ պետք է իրականացնի ԳՇ-ը: Նոր փոփոխությունն անշուշտ միտված էր ԳՇ պետի հնարավորությունների սահմանափակմանը։ Սակայն այս ոլորտի վերափոխումները չավարտվեցին միայն այսքանով․ 2018թ․ հուլիսի 15-ին (ՌՀՓ-ից ուղիղ 3 տարի անց) Թուրքիայի նախագահական ապարատի որոշմամբ ԳՇ-ը նույնպես կցվեց ՊՆ-ին։ Այդպիսով, ԳՇ-ն ու զորատեսակների հրամանատարություններն առանձին կցվեցին ՊՆ-ին և կրելու են առանձին պատասխանատվություն։ ԳՇ պետը պատերազմին պատրաստ լինելու վերաբերյալ ԹԶՈՒ-ի անձնակազմի, հետախուզության, կազմակերպման ու ուսուցման ծառայությունների վերաբերյալ սկզբունքներ և առաջարկներ է ներկայացնելու ՊՆ նախարարին՝ դրանց հաստատման համար։ Երկրի նախագահն իրավասու է ուղիղ տեղեկություներ ստանալ նրանցից և ուղիղ հրամաններ արձակել նրանց, ընդ որում՝ առանց նախապես որևէ մարմնի կողմից դրանց հաստատման[26]։ Ստացվում է, որ բուրգի գագաթում երկրի նախագահական ապարատն է, ապա գալիս է ՊՆ-ը, հետո ԳՇ-ը և զորատեսակների հրամանատարությունները։

Ժանդարմերիա և Առափնյա անվտանգություն – 2016թ․ հուլիսի վերջերին կառավարության որոշմամբ Ժանդարմերիայի ու Առափնյա անվտանգության հրամանատարություններն անջատվեցին ԹԶՈՒ-ից և ենթարկեցվեցին ՆԳՆ-ին[27]: Դրանից օրեր անց ՆԳՆ շրջանակներում ստեղծվեց Ժանդարմերիայի ու Առափնյա անվտանգության ակադեմիա[28]: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժանդարմերիան ու Առափնյա անվտանգությունը խաղաղ ժամանակ ենթարկվում էին ՆԳՆ-ին, իսկ պատերազմական ժամանակ՝ ԳՇ պետին: Այսպիսով, հերթական խոշոր հարվածը հասցվեց ԳՇ պետի ներուժին։

2016թ․ սեպտեմբերին ԹԶՈՒ-ն ՌՀՓ-ից հետո առաջին անգամ տվյալներ հրապարակեց իր թվակազմի մասին։ 2016թ․ մայիսի համեմատությամբ ԹԶՈՒ-ի գեներալ/ծովակալների թիվը 358-ից նվազել էր մինչև 206-ի, իսկ անձնակազմի թիվը՝ 561․496-ից մինչև 351․176-ի[29]։ Ստացվում է, որ մի քանի ամսում ԹԶՈՒ-ի թվակազմը նվազել է ավելի քան 200․000-ով, ինչի պատճառն այն էր, որ ԹԶՈՒ-ի թվակազմի նոր տվյալներում հաշվի չեն առնվել Ժանդարմերիայի ու Առափնյա անվտանգության անձնակազմերը։

Ռազմական դատարաններ, հոսպիտալներ, վարժարաններ – 2016թ․ օգոստոսի սկզբին Բ․ Յըլդըրըմը հայտարարեց, որ փակվելու են Ռազմական բարձրագույն վարչական դատարանը (Askeri Yüksek İdare Mahkemesi, AYIM) և Ռազմական գերագույն դատարանը (Askeri Yargıtay), ինչպես նաև բանակային ավիացիոն դպրոցը[30]: Դա տեղի ունեցավ 2017թ․ ապրիլի ՍԲՀ-ի արդյունքներով[31]։ Յըլդըրըմի խոսքերով՝ ծրագրված էր ռազմական գործարաններն ու նավաշինարանները նույնպես ԳՇ ենթակայությունից հանձնել ՊՆ-ին։ Այս համատեքստում 2018թ․ հունվարին ՊՆ-ի շրջանակներում ձևավորվեց ASFAT A.Ş-ը (Askeri Fabrika ve Tersane İşletme Anonim Şirketi — Ռազմական գործարանների և ռազմական նավաշինարանների շահագործման բաժնետիրական ընկերություն), որը միավորում է 27 ռազմական գործարան ու ռազմական նավաշինարան[32]։ Այդպիսով, ընդհանրապես վերացվեց ռազմական դատարանների համակարգը, և բանակում թողնվեցին միայն կարգապահական դատարանները, որոնք կզբաղվեն բացառապես գործող զինծառայողների կանոնադրական խախտումների հարցերով: Զինվորականներին առնչվող մնացյալ հարցերը կդիտարկվեն քաղաքացիական դատարանների կողմից:

2016թ․ հուլիսի վերջին Առողջապահության նախարարությանը ենթարկեցվեցին Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան (GATA) և երկրում գործող բոլոր հոսպիտալները, որոնք նախկինում գտնվում էին ԳՇ ենթակայության ներքո: Խոսքը 26 նահանգում գտնվող 32 հոսպիտալի և 1 վերականգնողական ու խնամքի կենտրոնի մասին է։ GATA-ի՝ Հայդարփաշայի կրթական հիվանդանոցն անվանափոխվեց սուլթան Աբդուլհամիդի կրթական ու հետազոտական հիվանդանոցի (GATA-ն ստեղծվել է Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման ժամանակ՝ 1898թ.)[33]: Կառավարությունը դադարեցրեց նաև ռազմական բոլոր ակադեմիաների ու վարժարանների գործունեությունը, որոնք զբաղված էին կրտսեր սպայակազմի պատրաստմամբ: Դրանցում սովորող մոտ 16․500 մարդ զրկվեց ռազմական ուսանողի կարգավիճակից։ Հայտարարվեց, որ այդ հիմնարկները կշարունակեն գործել ՊՆ շրջանակներում բացված Ազգային պաշտպանական համալսարանի (Milli Savunma Üniversitesi, MSÜ) ղեկավարության ներքո։ Ընդ որում՝ համալսարանի ռեկտորի 3 թեկնածուներին առաջարկելու է վարչապետը, իսկ ընտրելու է երկրի նախագահը։ MSÜ-ին կից ստեղծվեցին ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ ակադեմիաներ, ուր կպատրաստվեն համապատասխան կադրեր և մասնագետներ[34]։ Սա նշանակում է, որ քաղաքացիական իշխանությունը նոր հարվածներ է հասցնում ԳՇ պետին և իր վերահսկողության տակ է առնում նաև կրտսեր սպայակազմի պատրաստման գործընթացը։

Զորամասերի դուրսբերում Ստամբուլից ու Անկարայից – 2016թ․ օգոստոսի սկզբին Բ. Յըլդըրըմը հայտարարեց, որ ԳՇ-ը պետք է դուրս բերվի մայրաքաղաք Անկարայից, ինչից հետո նրա շենքը կօգտագործվի ՊՆ-ի կողմից[35]: Դա տեղի չունեցավ, քանի որ, ըստ ամենայնի, դրա փոխարեն նպատակահարմար համարվեց զինուժը հեռացնել Անկարայից ու Ստամբուլից։ Մասնավորապես, օգոստոսի 12-ին Ֆ․ Ըշըքը հայտարարեց, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլից ու Անկարայից զորամասերը դուրս բերելու համար։ Նրա խոսքերով՝ ազատված զորամասերի տարածքներում կստեղծվեն պետական կառույցներ, կամ էլ դրանք կտրվեն ժողովրդի տնօրինությանը[36]: Սեպտեմբերի կեսի դրությամբ Ստամբուլում և Անկարայում առկա տանկերն ու հաուբիցներն արդեն տեղափոխել էին այլ քաղաքներ (Սիվաս (Սեբաստիա), Գազիանթեփ (Այնթափ), Բուրդուր, Թեքիրդաղ, Չանքըրը և այլն)[37]։ Բնականաբար, այս ամենն արվում է հետագա ՌՀՓ-երի ժամանակ զինվորականների կողմից Ստամբուլի ու Անկարայի առանցքային շենքերը գրավելու հավանականությունը նվազեցնելու կամ բացառելու համար: Առանձնահատուկ ուշադրության արժանի է Անկարայի մոտ գտնվող «Աքընջը» ավիաբազայի հարցը, որը ծառայել է որպես ՌՀՓ-ի կազմակերպիչների «որջ»։ Նշենք, որ այս ավիաբազայում պահվել է մի քանի տասնյակ F-16 կործանիչ, ընդ որում՝ այստեղ գտնվել են ամենափորձառու օդաչուները։ Իսկ «Աքընջն» ավիաբազայից օդ բարձրացած ինքնաթիռը երկու րոպե անց ունակ է եղել Թուրքիայի խորհրդարանի կամ նախագահական նստավայրի վերևում (երկնքում)։ Դրա համար էլ պատահական չէր, որ 2016թ․ հուլիսին Բ․ Յըլդըրըմը հայտարարեց, որ «Աքընջըն» փակվելու է և նրա տեղում կառուցվելու է այգի[38]: Հարկ է նշել, որ «Աքընջը» ավիաբազան ժամանակին ստեղծվել է Անկարայի օդային պաշտպանության նպատակով։ 2016թ․ սեպտեմբերին նրա կարգավիճակը նվազեցվեց մինչև «օժանդակ հրապարակի», իսկ տեղի կործանիչներն ուղարկվեցին այլ նահանգներ։ Ավիաբազան էլ ստացավ «Մյուրթեդ» (հավատուրաց) անվանումը, որն օգտագործվել է մինչև 1995թ., ինչից հետո ստացել է «Աքընջը» անվանումը[39] (օսմանյան ժամանակներում աքընջը էին անվանում արշավորդ-հեծյալներին, որոնք մասնագիտացած էին թալանի գործում): «Աքընջըն» գտնվում է Անկարայի նահանգի Քազանչ շրջանի Մյուրթեդի հովտում, որի անվանումը բխում է 1402թ. Անկարայի ճակատամարտում Լենկ Թեմուրի զորքերից օսմանյան սուլթան Բայազիդ 1-ի կրած պարտությունից․ պարտության համար թուրքական կողմը մեղադրում է ճակատամարտի ժամանակ օսմանյան սուլթանին դավաճանած և Լենկ Թեմուրի կողմն անցած քարա (սև) թաթարներին:

Բնականաբար, Էրդողանն այսպիսի քայլերով ապահովագրում է իրեն (Անկարան ու Ստամբուլը) հնարավոր նոր ՌՀՓ-ի ժամանակ վտանգավոր վիճակում հայտնվելուց։ Մյուս կողմից էլ հարց է ծագում, թե արդյոք Էրդողանի այս քայլերից չի տուժում Ստամբուլի ու Անկարայի պաշտպանունակությունը։ Այս համատեքստում մեջբերենք Թուրքիայի պաշտոնաթող սպաների միության նախագահ, ՌՕՈՒ-ի պաշտոնաթող գեներալ Էրդողան Քարաքուշի խոսքերը, ով 2018թ․ հունվարին կարևորեց «Աքընջըի» շուտափույթ վերաբացումը։ Նրա խոսքերով՝ «Աքընջըն» ՌՕՈՒ-ի ամենակարևոր բազան է, և նրա փակումը երկրի համար վերին աստիճանի խնդրահարույց է․ «Ավիաբազայում ունեինք 60-70 հատ F-16, որը մեր հարվածային ուժն էր։ Բազան գտնվում է մյուս երկրների ՌՕՈՒ-ների գործելատեղից հեռու, ինչը հնարավորություն է տալիս ժամանակ շահել։ Օրինակ, եթե Սև ծովի կողմից ինքնաթիռ գա, ծովը հատի, այդ ընթացքում մեր ռադարները կֆիքսեն նրան, և մենք էլ պատասխան քայլ ձեռնարկելու համար կունենանք ժամանակ։ Առնվազն կես ժամ կշահենք, և սա վերաբերում է բոլոր ուղղություններին, այդ թվում նաև Հունաստանի կողմից։ Բազայի փակ մնալը շատ վտանգավոր է։ Ներկայումս այն վերածվել է օժանդակ հրապարակի, ինքնաթիռ չի մնացել նրանում։ Զուր չէ, որ գյուլենականներն ընտրել էին այն։ «Աքընջըն» ամեն ժամանակ ամենակարևոր բազան է, այն առաջին հերթին պաշտպանում է Անկարան, ունի առանցքային կարևորություն, և այստեղից կարելի է գործել հարևան բոլոր երկրների դեմ»[40]։

Սա վկայում է, որ Էրդողանն այս հարցում առաջնորդվում է առաջին հերթին անձնական և ոչ թե պետական շահերով՝ փորձելով իրեն ապահովագրել զինվորականների հետագա գործողություններից և միաժամանակ վնաս հասցնելով մայրաքաղաքի պաշտպանունակությանը։

MIT ՌՀՓ-ից հետո Բ․ Յըլդըրըմը հայտարարեց, որ MIT-ում կիրականացվեն մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն նրա կատարելագործմանը: Նրա խոսքերով՝ MIT-ի ղեկավար Հ․ Ֆիդանը չի կարողացել բացատրել, թե ինչու MIT-ը տեղեկություններ չի ունեցել երկրում պատրաստվող ՌՀՓ-ի վերաբերյալ, որի մասին պետք է նախապես իրազեկվեին երկրի նախագահն ու վարչապետը[41]: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը ՌՀՓ-ի օրը չի կարողացել կապ հաստատել Հ․ Ֆիդանի հետ, ինչը հարուցել է նրա խորին դժգոհությունը: Էրդողանն ընդգծել էր, որ ՌՀՓ-ի մասին առաջինն իմացել է իր քրոջ ամուսնուց՝ Զիա Իլգենից[42] և ոչ թե MIT-ից, որն իշխանություններին չի զգուշացրել պատրաստվող ՌՀՓ-ի մասին և այդպիսով ֆիասկո է կրել[43]:

Թուրք հոդվածագիր Աբդուլքադիր Սելվիի հաղորդմամբ՝ MIT-ը (որոշ տվյալներով՝ ԹԶՈՒ-ի մի մայորից) ՌՀՓ-ի մասին լուրն իմացել է հուլիսի 15-ին ժամը 16․00-ին, որից կես ժամ անց` 16.30-ին, Հ․ Ֆիդանը ՌՀՓ-ի մասին իրազեկել է ԳՇ պետ Հ․ Աքարին․ «Ժամը 17․30-ին Ֆիդանի տեղակալը գնում է ԳՇ և ԳՇ պետի տեղակալ Յ․ Գյուլերին ներկայացնում է ՌՀՓ-ի պլանը։ Ժամը 18․00-ին Ֆիդանն անձամբ է գնացել ԳՇ, ուր Հ․ Աքարի, ՑԶ հրամանատար Ս․ Զ․ Չոլաքի ու Յ․ Գյուլերի հետ անցկացրել է գաղտնի խորհրդակցություն և քննարկել ՌՀՓ-ի կանխարգելման միջոցները։ Հանդիպման արդյունքներով ժամը 18․30-ին ԹԶՈՒ-ին ուղարկվել է Հ․ Աքարի ստորագրությամբ հրաման՝ բաղկացած 4 կետից․ ա) թռիչքների համար պետք է փակել երկրի օդային տիրույթը, բ) մարտական ինքնաթիռները ոչ մի կերպ չպետք է օդ բարձրանան օդանավակայաններից, գ) զորամասերի շարժերն արգելվում են, դ) տանկերի տեղաշարժը արգելվում է։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ դեպքում չի կանխվել ՌՀՓ-ը։ Որովհետև ԹԶՈՒ-ում ներկայացված ՌՀՓ-ի կազմակերպիչները թույլ չեն տվել, որ այս հրամանը հասցվի զորամասերին: Բացի այդ ժամը 21․00-ին ՌՀՓ-ի կազմակերպիչները պատանդ են վերցնում ԳՇ պետին, նրա տեղակալին ու ՑԶ հրամանատարին[44]։

Մենք հակված ենք հավատալ Սելվիի այս գրառմանը՝ ելնելով 3 կարևոր գործոնից․

ա) ՌՀՓ-ից հետո Հ․ Աքարը ոչ միայն պահպանեց ԳՇ պետի պաշտոնը, այլև գնաց ավելի հեռու ու դարձավ ՊՆ նախարար՝ բավական մեծ լիազորություններով։ Կարծում ենք, որ այդ ամենի համար Էրդողանին անհրաժեշտ են եղել «երկաթյա ապացույցներ», որ Հ․ Աքարն իրականում ոչ թե բեմադրել է իր պատանդառությունը (հետագայում ալիբի ունենալու համար), այլ իսկապես պատանդ է վերցվել խռովարարների կողմից, որ նա ոչ միայն մասնակից չէ այդ ՌՀՓ-ին, այլև փորձել է կանխել այն։ Նույնը կարող ենք ասել նաև ԳՇ ներկայիս պետ Յ․ Գյուլերի և ՑԶ ներկայիս հրամանատար Ս․ Զ․ Չոլաքի համար։

բ) Ստացվում է, որ Հ․ Ֆիդանն իրականում իմացել է պատրաստվող ՌՀՓ-ի մասին, սակայն այդ մասին չի իրազեկել Էրդողանին։ Դա հաստատում է Էրդողանի այն խոսքերը, որ նա ՌՀՓ-ի մասին առաջինն իմացել է քրոջ ամուսնուց և ոչ թե Հ․ Ֆիդանից, ինչը և հարուցել է նրա զայրույթը։ Եվ չնայած այդ զայրույթին՝ Հ․ Ֆիդանը նույնպես պահպանեց իր պաշտոնը, ինչը կարող էր պայմանավորված լինել ՌՀՓ-ի պլանի մասին իրազեկվելուց հետո նրա կանխարգելմանն ուղղված ջանքերով։ 2019թ․ օգոստոսին թուրքական մամուլը հայտնեց, որ Ֆիդանը կարող է դառնալ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան[45]։  Ամեն դեպքում չենք բացառում, որ իրականում Հ․ Ֆիդանը, ինչպես նաև Հ․ Աքարը ՌՀՓ-ի մասին ժամանակին իրազեկել են Էրդողանին, ինչը նույնպես հնարավոր է դարձրել նրանց պաշտոնների պահպանումը։ Իսկ ինչո՞ւ է Էրդողանն ասում, որ չի իրազեկվել MIT-ից, պատասխանն առկա է երրորդ կետում։

 գ) Չենք բացառում, որ իրականում Հ․ Ֆիդանը գնացած լինի ԳՇ՝ քննարկելու համար ոչ թե այն, թե ինչպես կարելի է կանխարգելել ՌՀՓ-ը, այլ ինչպես կարելի է սպասել դրա մեկնարկին և մեկնարկից հետո սաղմի մեջ խեղդել այն։ Հիշեցնենք, որ 2017թ․ ապրիլյան ՍԲՀ-ից օրեր առաջ Ք․ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ 2016թ․ ՌՀՓ-ն այսուհետ որակելու է «վերահսկելի ՌՀՓ», քանի որ արդեն հայտնի է, որ ՌՀՓ-ի պլանը բացահայտված է եղել դրա մեկնարկից առաջ[46]։ «Վերահսկելի ՌՀՓ-ի» օգտին վկայում է այն, որ Էրդողանը քանիցս հակասել է իրեն՝ ՌՀՓ-ի մասին իմանալու մասին խոսելիս։ Թուրք հոդվածագիր Ալիջան Ուլուդաղը նշել է, որ ՌՀՓ-ի մեկնարկային օրը Մարմարիսից Ստամբուլ ժամանած Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանում ելույթ ունենալիս նշել է, որ զորաշարժերի մասին իմացել է կեսօրից հետո (որոշ տվյալներով՝ MIT-ը ՌՀՓ-ի մասին իմացել է ժամը 14:30-ին)։ Ուլուդաղի խոսքերով՝ 2016թ․ հուլիսի 18-ին Էրդողանը CNN International-ի եթերում արդեն մատնանշել է ժամը 20․00-ը, հուլիսի 21-ին Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ քրոջ ամուսինն իրեն ՌՀՓ-ի մասին իրազեկել է ժամը 16․00-16․30-ի կողմերը, հուլիսի 30-ին A Haber-ին հայտնել է, որ քրոջ ամուսնու կողմից իրազեկվել է ժամը 21․30-ին․ «Ստացվում է, որ Էրդողանը ՌՀՓ-ի մասին իրազեկվել է ժամը 1430-2130-ին։ Այսինքն ամենաուշը 2130-ին ՌՀՓ-ի մասին իրազեկվել է քրոջ ամուսնուց, իր իսկ խոսքերով՝ փորձել է կապի մեջ մտնել Հ Ֆիդանի հետ, սակայն մոտ կես ժամ չի կարողացել անել դա, մինչև որ ժամը 2200-ին Հ Ֆիդանն իր հետ զրույցում հաստատել է ՌՀՓ-ի մասին տեղեկությունը։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ Էրդողանն անգամ Ֆիդանի կողմից ՌՀՓ-ի մասին հաստատումից հետո (եթե հիմք ենք վերցնում ժամը 2200-ը) սպասեց 25 ժամ և հանրությանն իր հայտնի կոչը հղեց միայն ժամը 0024-ին (հուլիսի 15)։ Զինվորականները Ստամբուլի կամուրջները սկսել են փակել ժամը 2200-ի կողմերը, իսկ Անկարայում F-16 ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել ժամը 2208-ին։ Փաստորեն, ստացվում է, որ Էրդողանն իրականում սպասել է Ստամբուլում տանկերով կամուրջները փակելուն, Անկարայում մարտական ինքաթիռների թռիչքների մեկնարկին։ Եթե Էրդողանը չսպասեր 25 ժամ և միանգամից զգուշացներ ոստիկանությանը, դատախազությանը, իսկ ժողովրդին էլ կոչ աներ դուրս գալ փողոցներ, արդյո՞ք խռովարար զինվորականներն այդ ամենից հետո ռիսկի կդիմեին և դուրս կգային փողոցներ»[47]։

2016թ․ օգոստոսի սկզբին Ն․ Քուրթուլմուշը հայտարարեց, որ MIT-ը պետք է բաժանվի 2 մասի՝ արտաքին ու ներքին հետախուզության: MIT-ի արտաքին հետախուզությունը կգտնվի ԹՀ նախագահի, իսկ ներքին հետախուզությունը՝ ոստիկանության ու Ժանդարմերիայի ենթակայության ներքո: Որպես օրինակներ բերվում էին ԱՄՆ-ը (CIA և FBI) և Մեծ Բրիտանիան (MI5 և MI6)[48]: Չնայած դրան՝ 2017թ․ օգոստոսի վերջին MIT-ը կցվեց նախագահին (ինչին մեծապես տենչում էր Էրդողանը), նախագահի ղեկավարությամբ ստեղծվեց Ազգային հետախուզության համակարգող խորհուրդ (MİKK)։ Ընդ որում, դա տեղի ունեցավ ՌՀՓ-ից հետո ներդրված և 13 ամիս շարունակվող OHAL-ի պայմաններում[49]։ Մեկնաբանելով այս ամենը՝ ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարեց, որ այդ փոփոխությունները միտված են ոչ թե ազգի, այլ Էրդողանի անվտանգությունն ապահովելուն[50]։

ՆԳՆ – 2016թ․ օգոստոսին հայտնի դարձավ, որ Թուրքիայում կին ոստիկաններն այսուհետ իրավունք կստանան կրելու հիջաբ (գլխաշոր): Համապատասխան որոշումը հրապարակվեց Պաշտոնաթերթում[51]։ Հուլիսի վերջին ԹՀ ՆԳՆ նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ ոստիկանությունը կստանա ծանր սպառազինություն՝ հիշեցնելով, որ վերջինս նախկինում նույնպես ունեցել է ծանր սպառազինություն: Ընդգծելով, որ Թուրքիայում իրականացվել են մի շարք ռազմական հեղաշրջումներ՝ Է․ Ալան համոզմունք հայտնեց, որ ոստիկանության կողմից ծանր սպառազինություն ունենալը կնպաստի այսուհետ նման իրադարձությունների բացառմանը[52]: Ընդգծենք, որ ոստիկանությունը ծանր սպառազինությունից զրկվել է 1997թ․ թավշյա հեղաշրջումից հետո, երբ որոշակի լարվածություն էր առաջացել զինվորականների ու ոստիկանների միջև[53]։ Մեզ չհաջողվեց տեղեկություններ գտնել այն մասին, որ ոստիկանությունն արդեն ստացել է ծանր սպառազինություն։ Դա կարող է պայմանավորված լինել թուրքական իշխանությունների զգուշավոր քաղաքականությամբ, որ բանակի թուլացման խորապատկերին ոստիկանության հզորացումը կարող է ոչ պակաս ռիսկային լինել, քանի որ ոստիկանության վերնախավը մի օր կարող է փորձել իշխանությունը վերցնել ղեկը։

Պաշտպանական արդյունաբերության վարչություն (Savunma Sanayi Başkanlığı, SSB) – 2017թ․ դեկտեմբերի վերջերին՝ OHAL-ը դեռ չավարտված, SSB-ը կցվեց երկրի նախագահին, մինչդեռ դրանից առաջ այդ կառույցը կցված էր ՊՆ-ին։ Երկրի նախագահն իրավունք է ստանում նշանակելու SSB-ի կազմը, ինչպես նաև գումարել Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի (Savunma Sanayii İcra Komitesi, SSIK) նիստեր, որի անդամներ են նաև ԳՇ պետը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները։ SSB-ը ստեղծվել է ժամանակակից ռազմարդյունաբերություն զարգացնելու և ԹԶՈՒ-ի արդիականացումն ապահովելու համար[54]։ Այդպիսով Էրդողանն իր վերահսկողության տակ է առնում նաև ռազմարդյունաբերության ոլորտը։

FETÖMETRE – Էրդողանը համարում է, որ ՌՀՓ-ն կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETÖ), ինչի համար էլ ՌՀՓ-ին հաջորդեց «մեծ մաքրումը»։ 2019թ․ հուլիսի 15-ի դրությամբ պետական հիմնարկներից 3 տարում հեռացվել է 125․678 մարդ։ Ամենաշատը հեռացվել են ԹԶՈՒ-ից՝ 17․164 մարդ, այդ թվում նաև 150 գեներալ/ծովակալ (կալանավորվել է 5783 զինվորական) և ոստիկանությունից՝ 8998 մարդ։ ԹԶՈՒ-ից ամենաշատը հեռացվել են ՑԶ-ից՝ 9323 մարդ, որից 87-ը գեներալներ էին, 4179-ը՝ սպաներ, 2677-ը՝ ենթասպաներ։ ՌԾՈՒ-ից հեռացվել է 3131 մարդ, որոնցից 31-ը՝ ծովակալներ, 1364-ը՝ սպաներ, 1074-ը՝ ենթասպաներ։ ՌՕՈՒ-ից էլ հեռացվել է 4710 մարդ, որոնցից 32-ը՝ գեներալներ, 2059-ը՝ սպաներ, 1993-ը՝ ենթասպաներ։ Սա նշանակում է, որ անձնակազմի թվաքանակի համեմատ՝ ամենաշատ հեռացվածները բաժին են ընկել հենց ՌՕՈՒ-ին[55]։ Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով ՌՀՓ-ի ժամանակ ավիացիայի և նույն Ա․ Օզթուրքի դերը։ Ի դեպ, ՌՀՓ-ից հետո ՌՕՈՒ-ից հարյուրավոր օդաչուների հեռացման պատճառով առաջացավ դեֆիցիտ, և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը հայտնեց, որ պատրաստ է օգնել ԹԶՈւ-ին (ՌՀՓ-ից հետո F-16, F-4 տիպի ինքնաթիռները շահագործելու համար 1 ինքնաթիռին բաժին էր ընկնում 1 օդաչու): THY-ի շարքերում կար 800 օդաչու, որոնք սերում են ԹԶՈՒ-ից (նրանից հեռացած մարտական օդաչուներ, որոնցից 500-ը ԹԶՈՒ-ից THY է տեղափոխել ՌՀՓ-ին նախորդած 5 տարում) և կարող են աշխատել թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական սեկտորում[56]։

2018թ․ նոյեմբերի 15-ին Թուրքիայի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ ՌՀՓ-ից հետո Թուրքիայում FETÖ-ի դեմ իրականացվել է 62․730 գործողություն և ձերբակալվել է 217․971 մարդ։ Գյուլենականներին բացահայտելու, նրանց դեմ պայքարն արդյունավետ դարձնելու նպատակով ՌՀՓ-ից հետո ՌԾՈՒ-ի ծովակալ Ջիհաթ Յայջիի նախաձեռնությամբ ստեղծվեց FETÖMETRE համակարգը (Գյուլենի կազմակերպության անունով)։ 2018թ․ սեպտեմբերի դրությամբ այն ստուգման էր ենթարկել արդեն 800․000 մարդու։ Համակարգը գյուլենականներին բացահայտելու նպատակով օգտագործում է հարյուրավոր չափանիշներ, որոնց մի մասը թվում է անհեթեթ՝ ռազմական ակադեմիաների ընդունելության քննություններում ճիշտ պատասխանների քանակ, ByLock մեսենջերի կիրառում, ընդդիմադիր թերթերի բաժանորդագրում, 1 դոլարանոց թղթադրամների պահում¸ Bank Asya բանկում հաշվեհամարի պահում (միգուցե որոշակի ճշմարտություն կա այստեղ)։

Ամեն դեպքում թուրքական կողմը նշում է, որ FETÖMETRE-ի միջոցով հաջողվել է ԹԶՈՒ-ում բացահայտել 15․000 գյուլենական։ Ենթադրվում է, որ ԹԶՈՒ-ում գյուլենականների իրական թիվը հասնում է 50․000-70․000-ի։ 2018թ․ աշնան դրությամբ՝ FETÖMETRE-ն ընդհանուր առմամբ ուներ 72 հիմնական ու 253 հավելյալ չափանիշ, որոնցով կասկածյալին FETÖMETRE համակարգով շնորհվել են տարբեր միավորներ։ Եթե կասկածյալը ստացել է 0-1 միավոր, ապա շարունակել է աշխատել, իսկ եթե ստացել է 1-2 միավոր, ապա նրա գործը ենթակա է եղել դիտարկման։ 2-3 միավոր ստանալը նշանակել է ժամանակավոր հեռացնել աշխատանքից և սկսել հետաքննություն։ Եվ, վերջապես, եթե կասկածյալը ստացել է 3-4 միավոր, ապա նրան զրկել են հանրային իրավունքներից և քրեական գործ են հարուցել։ Օրինակ, ByLock-ից օգտվելու համար կասկածյալին շնորհվել է միանգամից 3 միավոր, իսկ 2 միավոր շնորհվել է, եթե նա 2013թ․ դեկտեմբերին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործից հետո գումար է ներդրել (գյուլենականների) Bank Asya բանկում։ Կասկածյալը ստացել է 1 միավոր, եթե, ասենք, նրա կինը կամ երեխաներն աշխատել են FETÖ-ի ուսումնական հաստատություններում[57]։

Կարծում ենք, որ ETÖMETRE համակարգն ապահովել է որոշակի արդյունավետություն ԹԶՈՒ-ից գյուլենական սպաների հեռացման համար, սակայն մյուս կողմից էլ փորձառու սպաների հեռանալը, ինչպես արդեն նշել ենք, կարող է բացասական ազդել ԹԶՈՒ-ի հնարավորությունների վրա։ Այս իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 1930-ականներին Կարմիր բանակում կատարված մաքրումները, որոնց հետևանքները զգացնել տվեցին բավական շուտ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)։

Ամփոփում

Այսպիսով, չնայած նրան, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում անցել են ռազմական հեղաշրջումների ժամանակները, 2016թ․ ամռանը երկրում գրանցվեց ՌՀՓ, որը կարևոր մեկնակետ հանդիսացավ՝ իրականացնելու համար ռազմական ոլորտի մասշտաբային վերափոխումներ՝ չնայած նրան, որ ԳՇ պետը (պաշտոնապես) չէր մասնակցել ՌՀՓ-ին։ Մենք միտումնավոր խուսափում ենք դրանք բարեփոխում անվանելուց, քանի որ կատարված փոփոխություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե ԹՀ-ի հզորացմանը, այլ նոր ՌՀՓ-ը բարդացնելուն կամ բացառելուն և այդպիսով՝ Էրդողանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը։ Եթե 2033թ. հետ կապված ռազմական բարեփոխումներում շեշտը դրվում էր ամեն տիպի սպառնալիքներին դիմագրավելու, արագ որոշում կայացնելու ունակ, ճկուն, ամուր և բարձր մարտունակությամբ, ներկայումս և ապագայում արդիական, պատերազմին պատրաստ, զսպիչ ուժ հանդիսացող ԹԶՈՒ ունենալուն, որը նաև պետք է զերծ լինի քաղաքական որևէ կողմնորոշումից, ապա ՌՀՓ-ին հաջորդած վերափոխումները նախևառաջ միտված են զինվորականների և մասնավորապես ԳՇ դերի, ներուժի, հնարավորությունների թուլացմանը՝ հետագա ՌՀՓ-երը բացառելու համար: ՌՀՓ-ը մեծապես պայմանավորեց նաև 2017թ․ ապրիլյան ՍԲՀ-ի արդյունքները, որոնք սկիզբ դրեցին վերափոխումների երկրորդ փուլին։

Վերոնշյալը վկայում է, որ Էրդողանը հասավ իր նպատակին՝ ԹԶՈՒ-ն վերցվեց ոչ թե պարզապես քաղաքացիական իշխանությունների, այլ հենց իր վերահսկողության ներքո։ Ինչպես արդեն նշվել է, ՌՀՓ-ին հաջորդած փոփոխությունները նաև վնասում են Թուրքիայի պաշտպանունակությունը։ ՌՀՓ-ից հետո Էրդողանը շատ ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում նախապատվությունը տալիս է անձնական շահերն առաջ մղելուն, որոնք կարող են և չհամընկնել Թուրքիայի պետական շահերի հետ։ ՌՀՓ-ն իր ուրույն տեղն ունի նաև Թուրքիայի հետագա ռազմական գնումների վրա, ինչպես որ ՌԴ-ից S-400 համակարգեր գնելու դեպքում է (Էրդողանը ցանկանում է ամերիկյան F-16 կործանիչներին «օտար» ճանաչող S-400-ների միջոցով իրեն ապահովագրել հնարավոր նոր ՌՀՓ-երի ժամանակ խռովարարների ավիացիայի հարձակումներից)։ Մեր կարծիքով՝ վերոնշյալ վերափոխումները թեև էապես նվազեցնում են նոր ՌՀՓ-ի հնարավորությունը, սակայն դրան զուգահեռ Էրդողանի համար առաջացնում են մի նոր վտանգ․ նոր ՌՀՓ-ին կողմնակից զինվորականներն այսուհետ կարող են անցում կատարել նոր մարտավարության՝ Էրդողանի նկատմամբ մահափորձեր ձեռնարկելուն (ասենք, որևէ ավիացիոն ստորաբաժանման 1-2 ինքնաթիռ փորձի հարվածել ԹՀ նախագահական նստավայրին կամ ինքնաթիռին)։ Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ Էրդողանը, առաջնորդվելով անձնական շահերով, չնախընտրեց ԱՄՆ-ից գնել F-16-ներին «յուրային» ճանաչող Patriot համակարգեր, որով Թուրքիան զրկվեց նաև ամերիկյան 5-րդ սերնդի F-35 բազմանշանակ կործանիչներից[58]։ Իսկ դա հակասում է 2050թ․ տարածաշրջանի ուժեղագույն ՌՕՈՒ-ն ունենալու մասին ԹՀ (նախկին) պլանին[59]։

Մեր կարծիքով՝ ԹՀ-ի մարտունակության վրա բացասաբար են ազդում ոչ միայն ԳՇ պետի դիրքերի խարխլումը, բարձրաստիճան փորձառու սպաների կարծիքներին չանսալը (YAŞ-ի ու MGK-ի կազմերի փոփոխություններ), նրանց ԹԶՈՒ-ի շարքերից վտարելն ու (անփորձ/պակաս փորձառություն ունեցող կադրերով փոխարինելը) կալանավորելը, այլև այն, որ ՌՀՓ-ից հետո ԹՀ-ում ստեղծված ներքաղաքական անառողջ մթնոլորտի պատճառով գրանցվեց «ուղեղների արտահոսք» (բազմաթիվ զինվորականներ (և ոչ միայն) մեկնեցին արտերկիր/ապաստան ստացան այնտեղ)։ ԹԶՈԻ-ի թուլացմանը զուգահեռ՝ կատարվում է Էրդողանի ընթացիկ հենարան համարվող ՆԳՆ-ի կտրուկ ուժեղացում, ինչը, մեր կարծիքով, նույնպես կարող է ռիսկային լինել Էրդողանի իշխանության համար։

Եվ թեև 2016թ․ օգոստոսի սկզբին Բ․ Յըլդըրըմը հայտարարեց, որ իրենք իրականացնում են «150 տարվա բարեփոխումներ»[60],  իրականում այդ վերափոխումները կարող են չպահպանվել անգամ 15 տարի․ դրանք առաջին հերթին կախված կլինեն Էրդողանի ու նրա թիմի կառավարման երկարակեցությունից։ Դա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիային կարող են սպասվել նոր փոփոխություններ, նոր ցնցումներ՝ կախված ԹՀ ապագա նոր իշխանությունների դիրքորոշումից։

Կարծում ենք, որ Հայաստանի տեսանկյունից Թուրքիայի ռազմական վերափոխումներին ու դրանց ազդեցությանն ավելի լավ գնահատական կտան մեր ռազմական փորձագետները։ Ամեն դեպքում համարում ենք, որ այդ վերափոխումների հետևանքով Թուրքիայի պաշտպանունակության նվազեցումը կարող է դրական համարվել Հայաստանի համար։ Դրական կարող է լինել նաև Թուրքիայում «խորքային պետության» դիրքերի թուլացումը, որը, ինչպես ցույց է տվել փորձը («Բալյոզ» պլան), կարող է մշակել հարևան երկրների դեմ ռազմական սադրանքների պլաններ՝ այդ ամենն օգտագործելու համար իշխանությունների դեմ իրենց ներքին պայքարում (պետությանը ներքաշել պատերազմի մեջ/կանգնեցնել փաստի առջև)։ Եվ վերջապես, Հայաստանում Թուրքիայի ներքին զարգացումներին հետևելիս, դրանք գնահատելիս ու կանխատեսելիս առավել արդյունավետ ենք համարում հարցերը նախևառաջ Էրդողանի անձնական, քան Թուրքիայի պետական շահերի տեսանկյունից դիտարկելը։ Իսկ դա մեր կողմից պահանջում է ճկունություն, ժամանակին համընթաց քայլելու ունակություն, այդ վերափոխումները (և ոչ միայն) գնահատելու ոչ ստանդարտ մոտեցման կիրառում, որում կզատվեն Էրդողանի անձնական ու Թուրքիայի պետական շահերը և տրված գնահատականներն էլ կլինեն համապատասխան։ 

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Հայկ Գաբրիելյան, Մինչև 2033թ. Թուրքիայի զինված ուժերում իրականացվելիք համապարփակ բարեփոխումների շուրջ, Նորավանք ԳԿՀ, 10․06․2015

[2] Kemal Kılıçdaroğlu: En kanlı darbe girişimi, Star, 04.08.2016

[3] 6 ayrı noktaya 13 bomba atılmış, Sabah, 21.08.2016

[4] ‘Akın Öztürk Cumhurbaşkanı olacaktı!’, Sözcü, 10.08.2016

[5] Akın Öztürk’e 141 kez ağırlaştırılmış müebbet hapis cezası verildi, Hürriyet, 20.06.2019

[6] 15 Temmuz’da Marmaris’te neler yaşandı?, TRT Haber, 13.07.2019

[7] FETÖ’nün işi YAŞ’ta bitecek!, Sabah, 12.07.2019

[8] Abdulkadir Selvi, İstihbaratta yeniden yapılanma, Hürriyet, 01․08․2016

[9] Kılıçdaroğlu : Darbenin Adı ‘4 Mayıs Saray Darbesi’dir, Haberler.com, 05.05.2016

[10] Bakanlar Kurulu’na Erdoğan başkanlık etti, Anadolu Ajansı, 18.01.2015

[11] “Seçilirsem başkanlık sistemine geçilecek”, Cumhuriyet, 12.05.2014

[12] Meclis 1 saatte 3 kez bombalandı!, Turktime, 16.07.2016

[13] Abdulkadir Selvi, MİT darbeyi haber vermedi mi?, Hürriyet, 18.07.2016

[14] Hüseyin Vodinalı yazdı: Darbe girişiminde Erdoğan’ın uçağını Rus pilotlar mı korudu, OdaTV, 20․09․2016

[15] Darbe girişimine karşı dünyadan Türkiye’ye destek, Anadolu Ajansı, 03.09.2016

[16] Kurtulmuş: Siyasete müdahale histerisi olmayan TSK’nın inşası lazım, Sputnik Türkiye, 14.08.2016

[17] Bakan Işık, FETÖ’nün TSK’ya sızma yöntemlerini anlattı, Borsa Gündem, 04.08.2016

[18] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի ռազմական ոլորտի բարեփոխումների շուրջ, Նորավանք ԳԿՀ, 13․10․2016

[19] Yüksek Askeri Şura’nın yapısı yeniden düzenlendi, TRT Haber, 15.07.2018

[20] “TSK’nin geleceğinde ‘Damat’ın oyu önemli, 40 yıl asker üniforması giymiş orgeneralin görüşü önemsiz hâle geldi”, T24, 12.08.2019

[21] MGK’nın yapısı yeniden düzenlendi, Memurlar.Net, 15.07.2018

[22] Hilmi Hacaloğlu, 57 Yıl Sonra İlk Kez Milli Savunma Bakanı Bir Asker Oldu, 10․07․2018

[23] Son dakika: Yeni sistemin ilk MGK’sı toplandı!, Milliyet, 30.07.2018

[24] Erdoğan: ‘MİT ve Genelkurmay Başkanlığı, Cumhurbaşkanlığı’na Bağlansın’, Onedio, 28.07.2016

[25] Başbakan Yıldırım: ‘Genelkurmay Başkanı generaller arasından seçilecek’, Anadolu Ajansı, 01.08.2016

[26] Genelkurmay Başkanlığı Savunma Bakanlığı’na bağlandı, BBC Türkçe, 15.07.2018

[27] Jandarma ve Sahil Güvenlik İçişleri’ne bağlandı, Yeni Şafak, 27.07.2016

[28] Jandarma ve Sahil Güvenlik Akademisi kuruldu, Hürriyet, 31.07.2016

[29] TSK, ilk kez personel sayısını açıkladı: Mayıs’a göre düşüş 200 bin kişiden fazla, Diken, 09.09.2016

[30] Başbakan: Kara Havacılık Okulu’nu, Askeri Yüksek İdare Mahkemesi’ni ve Askeri Yargıtay’ı kapatacağız, T24, 02.08.2016

[31] Askeri Yargıtay ve AYİM kaldırıldı, Milliyet, 29.04.2017

[32] ASFAT A.Ş., Kuruldu, C4 Defence, 15.08.2018

[33] GATA ile askeri hastaneler Sağlık Bakanlığı’na bağlandı, Milliyet, 31.07.2016

[34] Kuvvet Komutanlıkları MSB’ye bağlandı, CNN TÜRK, 31.07.2016

[35] Genelkurmay Ankara dışına taşınacak iddiası, BirGün, 03.08.2016

[36] Fikri Işık: 15 Eylül’e kadar Ankara ve İstanbul içerisindeki taşınma kararı alınan birliklerin taşınmasını hedefliyoruz, Hürriyet, 12.08.2016

[37] İstanbul ve Ankara’da askeri birlikler taşındı, Hürriyet, 15.09.2016

[38] Başbakan Binali Yıldırım: Akıncı Üssü kapatılacak, NTV, 29.07.2016

[39] Akıncı yeniden Mürted oldu, Anadolu Ajansı, 06.09.2016

[40] Akıncı üssü derhal açılmalı, Aydınlık, 12.01.2018

[41] Binali Yıldırım: MİT başkanına sordum cevap veremedi, Yeni Akit, 03.08.2016

[42] İşte Cumhurbaşkanı’na darbe girişimini haber veren enişte, Hürriyet, 21.07.2016

[43] Erdoğan’dan Fidan’a: Çok kötü sınav verdiniz, Sputnik Türkiye, 23․07․2016

[44] Abdulkadir Selvi, MİT darbeyi haber vermedi mi?, Hürriyet, 18.07.2016

[45] Bomba iddia: “Hakan Fidan Washington’a büyükelçi oluyor”, Günboyu, 16.08.2019

[46] Kılıçdaroğlu: 15 Temmuz kontrollü darbe girişimidir, BBC Türkçe, 03․04․2017

[47] Erdoğan, darbeyi Fidan’a teyit ettirdikten sonra neden 2.5 saat bekledi?, T24, 17.07.2017

[48] MİT’te yeni dönem, Sözcü, 02․08․2016

[49] İstihbaratta yeni dönem! MİKK kuruldu…, Milliyet, 25․08․2017

[50] 178 yıl sonra yeniden Saray istihbaratı, BirGün, 26.08.2017

[51] Polisler artık başörtüsü takabilecekler, Sözcü, 27․08․2016

[52] ‘Polise ağır silah verilecek’, CNN Türk, 28.07.2016

[53] ‘Ağır silah’ın perde arkası, Milliyet, 08․01․2010

[54] Savunma Sanayii Müsteşarlığı Cumhurbaşkanına bağlandı, TRT Haber, 24․12․2017

[55] En çok ihraç TSK ve Emniyet’te oldu, Memurlar.Net, 15.07.2019

[56] THY’den TSK’daki pilot açığı için adım, Sputnik Türkiye, 23.08.2016

[57] Айк Габриелян, Турция: применение системы FETÖMETRE в борьбе против организации Ф.Гюлена, Институт Ближнего Востока, 24.11.2018

[58] Հայկ Գաբրիելյան, S-400-ների թնջուկը «Թուրքիա-ԱՄՆ-ՌԴ» եռանկյունում, ՄԱՀՀԻ, 25․07․2019

[59] Հայկ Գաբրիելյան, 2050թ. Տարածաշրջանի ուժեղագույն ռազմաօդային ուժերն ունենալու Թուրքիայի հնարավորության շուրջ, Նորավանք ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ» N 1, 12.03.2014

[60] AKP’nin ‘150 yıllık reform’unda yeni adım: Genelkurmay için iki ihtimal var, Cumhuriyet, 03․08․2016

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.