Տարեկան 700 հազարով աճող բնակչությանն իշխանությունները չեն կարողանում աշխատանքով ապահովել: ԵԱՏՄ-ն կլուծի նաև արտահանման խնդիրը: ̶̶ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իլխոմ Նեմատովը հայտարարել է, որ Տաշքենդը վերագնահատել է Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու արդյունքները:
Արտահանում
ԵԱՏՄ-ին անդամակցությունն Ուզբեկստանի համար անհրաժեշտ է արտահանման ուղղությունը զարգացնելու համար: Փոխնախարարի խոսքով՝ երկիրը շուկայի կարիք ունի: Եվրասիական տնտեսական միության տարածքում, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը, ընդհանուր առմամբ գործում է շուրջ 200 միլիոնանոց շուկա:
Փոխնախարարը նշել է, որ անձամբ կողմ է անդամակցությանը, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում ծանրութեթև կարվի: Նրա խոսքով՝ Ուզբեկստանում արագ տեմպերով աճում են տնտեսությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ուստի սպառման ավելի մեծ տիրույթը կարող է ապահովել հենց ԵԱՏՄ-ն՝ հանձին Ռուսաստանի և Ղազախստանի:
Բնակչության աճ
Ուզբեկստանում ներկայումս առկա է նաև ժողովրդավարական խնդիր, ինչը նույնպես կարող է լուծվել Կազմակերպությանն անդամակցելու միջոցով: ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ բնակչության թիվն իր երկրում տարեկան մոտ 700 հազարով աճում է, սակայն իշխանությունները բոլորին աշխատատեղով ապահովելու հնարավորություն չունի: Սա հանգեցնում է աշխատանքային միգրացիայի: ԵԱՏՄ անդամ դառնալու արդյունքում ուզբեկ միգրանտներն ավելի լավ պայմաններ կունենան՝ Ռուսաստանում ու Ղազախստանում աշխատելու համար:

Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը հետևողական կերպով հաշվարկվում է բարձր մակարդակում, բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ: Վերջին քննարկումները կայացել են դեկտեմբերի սկզբին՝ Սամարղանդում:
ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցության մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ նման որոշում կայացրել էր անձամբ միջինասիական հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիեևը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական միավորում է: Այն նպատակ ունի տնտեսական համակարգված քաղաքականություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գոտի: Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ., ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ պետություններ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: