Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ուղի»-ի տիեզերական տարբերակն է առաջ մղում Եվրոպայում

Կնքվել են տիեզերական համագործակցության մի շարք պայմանագրեր. Նորվեգիայի KSAT կայան, բրիտանական SSTL ընկերության արբանյակներ և այլ մանրամասներ: ̶̶ REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ):

Չինաստանն իր տիեզերական ռազմավարությունն առաջ է մղում Եվրոպայում: Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ առաջադեմ երկրներ շարունակում եմ սրընթաց կերպով համագործակցություն ծավալել Չինաստանի հետ՝ տիեզերքի հարցում: Միաժամանակ, արդեն հայտնի են նորվեգական կղզիներից մեկում տեղակայված տիեզերական դիտարկման կայաններից (Չինաստանի հետ կապ ունեցող) ամերիկյան արբանյակների վրա իրականացված կիբերհարձակումների վերաբերյալ տեղեկություններ:

Եվրոպական երկրներին կլանող Չինաստանը

Հայտնի է, որ Չինաստանն իր Մեկ ուղի, մեկ գոտի նախաձեռնությամբ ձգտում է ազդեցության հասնել Եվրոպայում և Հնդկական օվկիանոսում: Բայց կա նաև այդ նախաձեռնության տիեզերական տարբերակը: Տիեզերական տեղեկատվական միջանցք անունը կրող զավթողականության ծրագիրը միավորում է կապի, հեռահար զոնդավորման, տեղորոշման և դիրքավորման արբանյակների խմբավորումները, ինչպես նաև վերերկրյա տիեզերակայանները: Չինաստանի Տիեզերական 13-րդ հնգամյա ծրագրում (2016-2020) այն առաջնային կետերից է եղել:

Ճապոնական կայքում տեղ գտած հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրում Չինաստանի կողմից տիեզերական կայանների նկատմամբ տարվող քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Չինաստանը ստեղծում է տիեզերքի դիտարկման համաշխարհային ցանց՝ ստանալով վերերկրյա կայաններ: Կառուցման և շահագործման փոխարեն այն ստանում է մշտական կիրառման իրավունք: Միաժամանակ, Չինաստանը ձգտում է համաշխարհային մակարդակում ունենալ այն ամենը, ինչ վերաբերում է արբանյակների ու Երկրի մակերեսի միջև տեղեկատվություն հաղորդող ու ընդունող սարքավորումների աշխատանքի չափորոշիչներին:

2018թ. հունվարին, երբ այդ ծրագրերն արդեն ակնհայտ էին, Չինաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այցի ընթացքում կայացել է հուշագրերի փոխանակում ֆրանսիական արբանյակային կոմունիկացիաների Eutelsat և Չինաստանի կառավարության հետ կապված China Unicom ընկերությունների միջև: Նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել Մեկ ուղի, մեկ գոտի նախաձեռնության շրջանակներում:

Դեռևս 2015թ. Չինաստանն ու Եվրամիությունը համաձայնության են հասել համաշխարհային դիրքավորման սեփական համակարգերի հաճախականությունների համատեղ օգտագործման հարցում (Բեյդոու և Գալիլեո): 2014թ. Գերմանիան և Չինաստանը ստորագրել էին հուշագիր՝ 8 ոլորտներում տիեզերքի խաղաղ յուրացման գործում հասկացվածության և համագործակցության վերաբերյալ: Երկու երկրների միջև զարգանում է տիեզերագնացության ծրագրերի իրականացման բնագավառում համագործակցությունը:

Իտալիայի և Չինաստանի միջև համագործակցության համաձայնությունը կնքվել է 2018թ.: Դրա հիմքում նախատեսվում է համատեղ միջոցառում, որն իր վրա կվերցնի երկու երկրների տիեզերական համատեղ թռիչքների իրականացումը: Եվ, ընդհանուր առմամբ, եվրոպական գրեթե բոլոր երկրները Չինաստանի հետ տիեզերական համագործակցության ծրագրեր ունեն:

Բարձրորակ նկարահանման տեխնոլոգիայի ստացում՝ Մեծ Բրիտանիայից

Բրիտանական Surrey Satellite Technology Limited (SSTL) ընկերությունը հայտնի է որպես բարձր կետայնությամբ նկարահանումներ իրականացնելու ունակությամբ, հեռահար զոնդավորման փոքր արբանյակների արտադրող: Նրա արած լուսանկարներում հնարավոր է օբյեկտները տարբերել մետրային մեծությամբ:

2011թ. Չինաստանի Պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցից ու վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո կնքված լիզինգի միջոցով Պեկինը Լոնդոնից ստացավ SSTL համակարգերը:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու հենց լիզինգի միջոցով է կայացել գործարքը: Տարբերակ կար, որ քանզի չինական կողմից պայմանագիրը ստորագրել է ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր ընկերություն, հնարավոր կլինի խուսափել հարկերից:

Ավելի հավանական տարբերակը, սակայն, համարվում է այն, որ բարձր կետայնությամբ սարքերում կիրառված է ամերիկյան տեխնոլոգիա: ԱՄՆ-ի օրենսդրությունը սահմանում է, որ իր արտադրության հատուկ նշանակության ապրանքների վերաարտահանման դեպքում ևս ինքը պետք է թույլտվություն տրամադրի: Կառավարությունների միջև պայմանագիրը կնքելու դեպքում այդ սարքավորումները պետք է անցնեին ամերիկյան արտահանման վերահսկողություն, մինչդեռ լիզինգի միջոցով դրանց սեփականության իրավունքը շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի հաշվեկշռում՝ շրջանցելով ամերիկյան վերահսկողությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ն արգելել են սեփական արբանյակների արտահանումը Չինաստան: Ենթադրվում է, որ ամերիկաբրիտանական դիվանագիտական խնդրից խուսափելու նպատակով առավել նպատակահարմար տարբերակ է ընտրվել:

Այստեղ պետք է նշել, որ արբանյակը Չինաստան ուղարկելու և այնտեղից տիեզերք ուղարկելու հանգամանքը ևս արտահանում է դիտվում: Այդ պատճառով էլ SSTL ընկերության բարձր կետայնությամբ սարքավորում-արբանյակներն օդ են բարձրացվել ոչ թե Չինաստանի տարածքից, այլ՝ Հնդկաստանի:

ԱՄՆ-ի սևեռուն հայացքի ներքո

Քանի որ ԱՄՆ-ն ուշադիր հետևել է գործարքին, վերերկրյա բազայի տեղակայման դեպքում նույնպես հնարամտություն է կիրառվել: Այդ նպատակով SSTL ընկերությունը պայմանագիր է կնքել Նորվեգիայում գտնվող Kongsberg Satellite Services (KSAT) ընկերության հետ: Կապի վերերկրյա կենտրոնն արբանյակների հետ միասին ստեղծվել է նորվեգական բևեռային Սվալբարդ նահանգում (Շպիցբերգեն արշիպելագ) գտնվող ենթակայանում:

Ավելի վաղ՝ 2007 և 2008 թվականներին ամերիկյան 2 արբանյակ տարբեր օրերի նշված ընկերության վերերկրյա կայանների հետ կապի ստուգման ընթացքում կիբերհարձակման են ենթարկվել հենց ընկերության կապուղիներով:

Ամերիկյան սարքերից մեկը՝ հեռահար զոնդավորման Landsat-7 արբանյակը, գտնվել է Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) և ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայության (USGS) հետ համատեղ ղեկավարման ներքո: Երկրորդը՝ Terra AM-1՝ արբանյակը, ղեկավարվել է Տիեզերական տարածության հետազոտության և աերոնավտիկայի ազգային վարչության (NASA) կողմից:

Ծրագրային ապահովման թարմացման նպատակով 2 արբանյակներն էլ հանրային հեռուստահաղորդակցության կապուղիներով պարբերաբար կապ են հաստատել նորվեգական Սվալբարդի KSS վերգետնյա կայանի հետ:

Կիբերհարձակման հետևանքով Landsat-7-ը և Terra AM-1-ը դուրս են եկել վերահսկողությունից մինչև 12 րոպե տևողությամբ՝ մի շարք գործառույթներ փոխանցելով չարամիտներին:

Սվալբարդի կայանի հետ կապված այլ միջադեպեր նույնպես գրանցվել են, որոնք վերագրվել են չինական կառավարությանը: Ենթադրվում է, որ հարձակումները կատարվել են միևնույն կետից:

Միևնույն ժամանակ, 2018թ. Հնդկաստանից բաց թողնված S1 արբանյակի (SSTL-ի) նկարահանող գործառույթների մի մասը նույնպես լիզինգով փոխանցվել է այն նույն չինական ընկերությանը: Խիստ մտահոգություն կա, որ Չինաստանի հետ տիեզերական համագործակցությունը զարգացնող Եվրոպական երկրները կարող են անվտանգության շղթայում «թույլ օղակը» դառնալ:

Հետազոտությունը՝ ճապոնական nippon.com կայքի:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.