Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ 110 կգ կշռող և մինչև 250 կմ հեռահարություն ունեցող հրթիռները Հայաստան առաքված ՍՈւ-30ՍՄ կործանիչների համար են: REGST (Տարածաշրջանային ուսումնասիրություններ)
Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը ձեռք են բերել Խ-31ՊԴ (Х-31ПД) հակառադիոտեղորոշման հրթիռներ: Հաղորդվում է, որ գերձայնային ավիացիոն հրթիռներով զինվելու են օրերս Հայաստան առաքված ՍՈւ-30ՍՄ կործանիչները:
Զրուցեցինք ՊՆ մամուլի քարտուղարի հետ: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկությունը չի հաստատել: Սակայն ակնհայտ է, որ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներին նմանատիպ, ինչու չէ՝ նաև ավելի հզոր հրթիռներ են անհրաժեշտ: Քանակի մասին և այլ տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում:
Հայաստանի ԶՈւ-ի կողմից Խ-31ՊԴ հրթիռի ձեռքբերմանն անդրադարձել են նաև ադրբեջանական մամուլում: Վերջինիս անհանգստությունը պայմանավորված է հրթիռների տեխնիկական բնութագրով:
Հրթիռների առավելագույն հեռահարությունը մոտ 250 կմ է: Թռիչքի միջին արագությունը 600-700 մ/վ է (առավելագույնը՝ 1000մ/վ): Խ-31ՊԴ հրթիռները նախատեսված են զենիթահրթիռային համալիրների ռադիոտեղորոշման կայանների (ՌՏԿ, ռուս.՝ РЛС) ոչնչացման համար: Հրթիռի մարտական մասը կշռում է 110 կգ:
Բաց տեղեկատվության համաձայն, Ռուսաստանից բացի, Խ-31ՊԴ (կամ մյուս մոդիֆիկացիաները) հրթիռներ ունեն նաև Ղազախստանը, Վենեսուելան, Վիետնամը, Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը (AS-17 Krypton անվամբ) և Սիրիան: