Գազատարի 2 խողովակներից մեկը թուրքական ներքին պահանջարկի համար է, մյուսը՝ Եվրոպա արտահանման: REGST
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցում են Թուրքական հոսք գազատարի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Բուչիչը և Բուլղարիայի նախագահ Բոյկո Բորիսովը:
Թուրքական հոսք գազատարը բաղկացած է երկու խողովակից՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խմ տարեկան թողունակությամբ: Դրանցից առաջինը նախատեսված է Թուրքիայի ներքին պահանջարկի համար, մյուսը ռուսական գազը պետք է հասցնի Եվրոպայի հարավային և հարավ-արևելյան երկրները: Ռուսական կողմի հաշվարկներով՝ գազատարների բաժանորդ կդառնան Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան:
Այս գազատարը Ռուսաստանի համար երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի: Ուկրաինայի հետ ունեցած հակամարտության պարագայում Սև ծովով ու Թուրքիայի տարածքով Եվրոպա հասնող շրջանցիկ գազատարները ռուսական կողմի համար մեծ նշանակություն ունեն:
Հիշեցնենք՝ Թուրքիայի տարածքով Եվրոպա է հասնում նաև ադրբեջանական գազը: SCP (Ադրբեջան, Վրաստան) և TANAP անունը կրող հատվածներն (Վրաստանի սահման — Թուրքիայի տարածք — Հունաստանի սահման) արդեն պատրաստ են, ներկայումս շարունակվում է Հունաստանի տարածքով դեպի Իտալիա ձգվող գազատարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2020թ. ընթացքում:
